16 հոգով ընկել են շրջափակման մեջ եւ պայթեցրել իրենց, որ գերի չընկնեն

16 հոգով ընկել են շրջափակման մեջ եւ պայթեցրել իրենց, որ գերի չընկնեն

Արմեն Ասլամազյանին մարտական ընկերներն Ումուդ էին ասում։ Ումուդը 17 տարի պատվով ծառայել է հայրենիքին՝ 2005 թվականից պայմանագրային զինծառայության անցել Քարվաճառում: Օմարի արծիվներից էր Ումուդը։ Մասնակցել է ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին, սակայն թե ինչերի միջով են անցել նա ու մարտական ընկերները՝ պատմել չի սիրել: Միշտ ասում էր․ «Ես իմ պարտականությունն եմ անում, ես հերոս չեմ՝ հերոսներն անմահացան»։
Քարվաճառը հանձնելուց հետո նա ծառայության է տեղափոխվել Ջերմուկ։

Սեպտեմբերի 13-ի գիշերը, երբ թշնամին հարձակման էին անցել Ջերմուկում, Ումուդն ու իր մարտական ընկերները դիմակայել էին թշնամու մոտ 400 հոգանոց հատուկ նշանակության գնդին: Չնայած մեր արծիվները եռակի զիջում էին քանակով ու բազմապատիկ` զինվածությամբ, սակայն գիշերը կարողացել են պահել դիրքը։ Լուսադեմին թշնամին հերթական ուժեղ հարձակման փորձն է արել՝ Օմարի արծիվներն այս անգամ եւս պահել են դիրքը, բայց արդեն՝ իրենց կյանքի գնով։
Արմենի հորաքույրը՝  Meganews.am-ի խմբագիր Մարգարիտա Դավթյանը պատմում է, որ մոտ 16 հոգուց բաղկացած Վանաձորի ջոկատի տղաները, ընկնելով թշնամու շրջափակման մեջ եւ հասկանալով, որ անհնար է ճեղքել թշնամու օղակն ու դուրս գալ,  նռնակով պայթեցրել են իրենց՝ սպանելով թշնամու 400 հոգանոց ջոկատի մեծ մասին։

«Արմենը շատ բարի էր, կամեցող, չափազանց հայրենասեր։ Ու կարծում եմ՝ պատահական չէր, որ հենց բանակի օրը՝ հունվարի 28-ին էլ ծնվել էր։ Ինքը հատկապես 44-օրյայից հետո շատ ծանր ապրումներ ուներ՝ մի գիշերվա մեջ սպիտակեց: Ասում էր, որ չէր կարող պատկերացնել, թե ոնց են 18-ամյա զինվորները զոհվել։ Իր մեծ տղան 44-օրյայի ժամանակ Մեղրիում էր ծառայում ու մեդալներով հետ եկավ բանակից։ Փոքր տղան էլ է հիմա ծառայում։ Չէր հասկանում, թե ոնց են ազատում իրենց տղաներին բանակից, ոնց են հեռանում երկրից, որ իրենց տղաները չծառայեն։ Լավ, ո՞ւմ թողնենք այս երկիրը։ Մարտական ընկերները պատմում են, որ իր համար կար Աստված եւ Հայրենիք, ասում էր, որ ծնվել է այս երկրին ծառայելու համար։ Դիրքերից իջնելուց եկեղեցում իր զինվորների համար անպայման մոմ էր վառում, ասում էր, որ նրանք իր երեխաներն են, ու առանց իր զինվորների կյանքը չի պատկերացնում»,- պատմեց Մարգարիտա Դավթյանը։

44-օրյայի ապրումներն այդպես էլ հանգիստ չեն տվել Արմենին, նա որոշել է մեկնել երկրից, սակայն շատ կարճ ժամանակ հետո վերադարձել է ու ասել, որ չի կարող հեռվից նայել, թե իր հայրենիքում ինչ է կատարվում։ Ու Ջերմուկում անցել է ծառայության։ Հարազատները փորձել են Արմենին հետ պահել նորից ծառայության անցնելու որոշումից, սակայն պատասխանել է, որ ինքն Օմարի արծիվն է, ու իրեն ոչինչ չի լինի։

«Արմենի հրամանատարը պատմում էր, որ ամենաուժեղ եւ ամենաինտենսիվ մարտերը եղել են այն դիրքերում, որտեղ եղել են Արմենն ու իր մարտական ընկերները, ու իրենք այդպես շրջափակման մեջ են ընկել։ Ինքը միշտ ասում էր, որ զինվորը չի կարող գերի ընկնել։ Ասում էր, եթե ես շրջափակման մեջ ընկնեմ, ու այլ ելք չլինի, ինքս ինձ պետք է պայթեցնեմ ու հետս էլ տանեմ մի քանի թշնամու, ես դիրք չեմ հանձնի, հետնահանջ չեմ անի՝ ինձ համար ամենակարեւորն իմ հայրենիքն է։ Արմենն ասում էր, որ մանկապարտեզից ու դպրոցից երեխաների մեջ հայրենիքի հանդեպ սեր պիտի սերմանեն։ Իր փոքր տղան Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն է, ու հնարավորություն կար զինվորական ծառայությունից ազատելու, սակայն հայտարարեց, որ իր տղաները պետք է բանակում ծառայեն՝ մեկը մյուսին չի խանգարում։ Նույնիսկ իր հորը՝ 70 տարեկան, հորեղբայրներին ասում էր, որ եթե նրանք կարողանում են նորմալ տեղաշարժվել, իրենք էլ պիտի գնան դիրքեր»,- պատմում է Արմենի հորաքույրը։

Ումուդի հարազատներն ու ընկերները չեն կարողանում հավատալ ու հաշտվել այդ մտքի հետ, որ Արմենը զոհվել է։ Նրան հուղարկավորել են Վանաձորի պանթեոնում։ Ամենածանրն Արմենի զավակների վիճակն է, նրանք ուղղակի գիշերներն անցկացնում են հոր շիրմի մոտ։