Անգլիայի հավաքականը ջախջախեց Ուկրաինային. կիսաեզրափակչում ո՞ւմ հետ կմրցի

Անգլիայի հավաքականը ջախջախեց Ուկրաինային.  կիսաեզրափակչում ո՞ւմ հետ կմրցի

Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի վերջին խաղում Հռոմում մրցում էին Ուկրաինայի և Անգլիայի հավաքականները։ Անգլիացիները ջախջախիչ հաղթանակ տարան․ խաղն ավարտվեց 4-0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին․ Սթերլինգի փոխանցումից հետո ուկրաինացիների դարպասը գրավեց Հարի Քեյնը։ Ուկրաինայի հավաքականը ժամանակ առ ժամանակ փորձում էր սպառնալ Փիքֆորդի դարպասին, բայց նա, ինչպես նախորդ խաղերին, այսօր ևս անառիկ պահեց դարպասը։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 46-րդ րոպեին Լյուկ Շոուի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Հարի Մագուայերը և ուկրաինացիների խաղի թելը կտրվեց։ Ընդամենը 4 րոպե անց Քեյնը դուբլ ձևակերպեց․ գոլային փոխանցումը կրկին Շոուինն էր։ 63-րդ րոպեին անգլիացիների 4-րդ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Ջորդան Հենդերսոնը՝ Մաունթի փոխանցումից հետո։

Այսպիսով, հուլիսի 7-ին Անգլիայի հավաքականը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Դանիայի ընտրանու հետ։