«Հայաստան» դաշինքը կպայքարի լիարժեք իշխանափոխության հասնելու համար․ Ի․ Քոչարյան

«Հայաստան» դաշինքը կպայքարի լիարժեք իշխանափոխության հասնելու համար․ Ի․ Քոչարյան

Ներքաղաքական հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է Արցախի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհի, «Վալերի Քոչարյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, Երևանի ավագանու նախկին անդամ Իրինա Քոչարյանի հետ։


- Տիկի՛ն Քոչարյան, հաշվի առնելով Ձեր գործունեությունը Ազգային ժողովում և Երևանի ավագանիում՝ ինչպե՞ս ստացվեց, որ չմասնակցեցիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու։ Առաջարկ եղե՞լ է մասնակցել «Հայաստան» դաշինքի ցուցակով։

- Իրոք 2010-11 թվականներից ի վեր ես ակտիվորեն ներգրավված եմ եղել երկրի հասարակական-քաղաքական կյանքում, եղել եմ ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ փորձագետ, Երևան քաղաքի ավագանու անդամ, հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի անդամ, և ինձ ճանաչող մարդկանց մեծամասնության համար ցուցակում իմ գտնվելը սպասելի ու կանխատեսելի կլիներ: Այնուամենայնիվ, այս փուլում ես որոշեցի ձեռնպահ մնալ նման քայլից: Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Բայց ես միշտ պատրաստ եմ ցանկացած ձևաչափով օգտակար լինել իմ երկրին և հասարակությանը, եթե առաջանա իմ որակների ու ունակությունների կարիքը:


- Որքանո՞վ են ներդաշնակ կինը և քաղաքականությունը, ի՞նչ կարևոր դերակատարում ունեն և կարող են ունենալ կանայք քաղաքական դաշտում:

- Ընդհանրապես, իշխանության և կառավարման մարմիններում կանանց ներկայացուցչությունն ինքնին երկրի զարգացվածության նշան է: Տունը պետք է լինի կնոջ ուշադրության կենտրոնում, բայց այն չպետք է կյանքի սահմանագիծ դառնա: Պետք է խոստովանեմ, որ մի ժամանակ ես կարծում էի, թե օծանելիքի բույրով պարուրված քաղաքականության շնորհիվ երկրի վրա կհաստատվի խաղաղություն։ Սակայն հիմա ես հասկանում եմ, որ միամտություն է մտածել, թե կանայք ինչ-որ յուրահատուկ կանացի առաքինություններ կբերեն իշխանության մարմիններ։ Դա տեղի չի ունենա, քանի որ նման առաքինություններ (ինչպես նաև՝ արատներ) գոյություն չունեն: Կանացի ոչ մի յուրահատուկ քաղաքական կամ վարչական վարքագիծ գոյություն չունի, իսկ բոլոր այն խոսակցությունները, թե կանայք «հակված են փոխզիջումների» և «պակաս կոնֆլիկտային են», դրանք բոլորը սեքսիստական հեքիաթներ են, որոնք հաստատված չեն ո՛չ պատմությամբ, ո՛չ էլ ժամանակակից պրակտիկայով: Քաղաքական գործչի և ղեկավարի որակը որոշվում է ոչ թե սեռով, այլ նրա սեփական մտավոր կարողություններով, կրթությամբ, կառավարման ունակություններով և բարոյական հատկություններով:

Մյուս կողմից Թետչերն ասում էր. «Եթե ուզում եք՝ ինչ-որ բան ասվի, հանձնարարեք դա տղամարդուն, բայց եթե ուզում եք՝ ինչ-որ բան արվի, հանձնարարեք դա կնոջը»: Սրանում կա ճշմարտություն, և, հավանաբար, հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ կանայք ավելի հաճախ ներկայացվում են տեղական կառավարման մարմինների մակարդակում, քան՝ ազգային մակարդակում:

Բայց քանի որ մենք խոսեցինք քաղաքականության մասին, ուզում եմ նշել, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդկանց գիտակցության մեջ հանկարծակի մուտացիա է տեղի ունեցել, և մենք կարող ենք դիտարկել հանդուրժողականության պարադոքսն՝ իր բոլոր դրսևորումներով: Ժողովրդավարությունը վերածվել է հիստերոիդ բռնապետության, հասարակությանը պարտադրված հանդուրժողականությունը հանգեցրել է հանցավորության և արատների տարածման, կոնֆորմիզմն, ի վերջո, բերել է բռնության և սոցիալական անկայունության, հասարակության և կենսական նշանակություն ունեցող ինստիտուտների ոչնչացման: Թավշյա բռնակալի հպատակները հայրենիք չունեն, քանի որ դրա մասին նույնիսկ մտածելու հանգամանքը դուրս է մղված իրենց շահախնդրությամբ, փառասիրությամբ, ստրկամտությամբ: Դրա համար էլ, մեր քաղաքականությունն ամենից շատ բարոյականության կարիք ունի, իսկ բարոյականությունը սեռ չունի։

Սակայն միանգամայն ակնհայտ է, որ մեր քաղաքականության մեջ հիմա պակասում է տղամարդու իսկական կոշտությունը, պրագմատիզմը, քննադատական մտածողությունը: Մեր քաղաքականությունն այժմ իրական առաջնորդի կարիք ունի, որի առանձնահատկությունը ոչ միայն սեփական կամքին այլ մարդկանց ենթարկելու կարողությունն է, այլ նաև իր և այլոց համար պատասխանատվություն ստանձնելը: Քաղաքական գործիչների մեծ մասն այժմ ցանկանում է իշխանություն ունենալ, բայց պատասխանատվություն ստանձնել չեն ցանկանում, իսկ ուժեղ մարդկանց համար, անկախ սեռից, դա ղեկավար լինելու բնական առանձնահատկություն է:
Եվ ամենակարևորը՝ քաղաքականության մեջ անհրաժեշտ են պրոֆեսիոնալները, լինեն կին, թե տղամարդ, քանի որ երկրի կառավարումը դիլետանտություն չի հանդուրժում:

 

- Հունիսի 20-ին կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներվ՝ խորհրդարան անցավ 3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստան» և «Պատիվ» ունեմ դաշինքներ։ Եթե այսպիսի կազմը պահպանվի, ինչպե՞ս կաշխատի այսպիսի խորհրդրանը, ինչպե՞ս է կարող գործել ընդդիմությունն ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների։

-Եթե անգամ «Հայաստան» դաշինքի կողմից ՍԴ ներկայացված հայցի քննության արդյունքում ուժերի դասավորվածությունը չփոխվի, մեր խմբակցությունն, անկասկած, կպայքարի լիարժեք իշխանափոխության հասնելու համար։ Եվ չբաժանելով ՀՀ քաղաքացիներին յուրայինների եւ օտարների՝ ամենօրյա ձեւաչափով կպայքարի նրանցից յուրաքանչյուրի իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ»-ին, ես չէի ցանկանա մեկնաբանել նրանց հնարավոր քայլերը։ 


- Քանի որ եղել եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և այս կուսակցությունով եք նախկին ներկայացված եղել Երևանի ավագանիում, Ձեզ համար սպասելի՞ էր, որ ԲՀԿ-ն չի անցնի խորհրդարան։

- Եվ այո, և ոչ։ Ես կարծում էի, որ ԲՀԿ-ն կկարողանա հաղթահարել խորհրդարան անցնելու նվազագույն շեմը՝ հաշվի առնելով կուսակցության անցած հարուստ ճանապարհն ու հեղինակությունը։ Սակայն տեսնելով կուսակցության պասիվ ընտրարշավը՝ զարմացած չեմ արդյունքից։ Շատ ցավալի է, որ կուսակցությունը կմնա որպես արտախորհրդարանական ընդդիմություն, քանի որ նրա շարքերում կան բավականին գրագետ և հայրենասեր կադրեր:


- Դուք նախկինում երևում էիք Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրադարձություններին, ակցիաներին։ Ինչո՞վ է պայմանավորված պատերազմից հետո քաղաքական գործընթացներում Ձեր պասիվությունը։

- Չեմ կարող համաձայնվել, թե պասիվ եմ դարձել։ Ես ակտիվ մասնակցել եմ գրեթե բոլոր բողոքի ակցիաներին ու հանրահավաքներին։ Այլ բան է, որ մասնակցել եմ առանց առանձնանալու՝ միանալով ընդհանուր բողոքի հոսքին։ Մյուս կողմից, խայտառակ և բոլոր առումներով ծանր կապիտուլյացիայից, ինչպես նաև, մեր հայրենիքի մի մասի կորստից հետո առաջին ամիսների ընթացքում ընդհանուր ընկճված վիճակը, բացարձակ չէր տրամադրում նախկինի պես ակտիվ հանրային խոսքով հանդես գալու համար։

 

- 2020 թվականը ծանր տարի էր հայերիս համար: Ինչպիսի՞ գաղափարներով, կենսափիլիսոփայությամբ եք ապրում և աշխատում այսօր:

- Այո, իսկապես, 2020 թվականը չափազանց ծանր էր բոլորիս համար: Մեր ազգը կորուստներ կրեց բոլոր ուղղություններով՝ մարտա-ռազմավարական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, և ամենակարևորը՝ բարոյականության և արժեհամակարգային առումներով: Չեմ թաքցնի, որ փաշիզմի ու դրա բոլոր դրսևորումների դեմ պայքարի երեք ծանր տարիներից հետո, հատկապես, երբ Արցախի հանձնումն անպատիժ մնաց, մեր խղճուկ հայկական իրականությունը տեսնելիս ինչ-որ պահի ձեռքերս վար իջան: Ես սկսեցի կորցնել իմ ժողովրդի իմաստության և անսասան տոկունության հանդեպ հավատը, արյանս հայկական կեսը ինքնանույնականացման դաժան ճգնաժամ ապրեց: Սակայն ամեն ինչ միանգամից փոխվեց այն օրը, երբ իմ հորեղբայր Ռոբերտն ընտանիքի բոլոր անդամների համար անսպասելիորեն հայտարարեց, որ պայքարելու է մեր հայրենիքի փրկության համար։ Ես, կարծես, վերակենդանացա, քանի որ ինձ մոտ կրկին վերածնվեց այն հույսը, որ հին ժողովուրդների պատմության դասագրքերում Հայաստանը չի մնա միայն մի պարբերության տեսքով: Եվ այդ նույն հույսը ես տեսա մարդկանց մի հսկայական զանգվածի աչքերում, որոնց համար Հայրենիք հասկացությունը դատարկ ձայն չէ: Այդ օրը ես ստացա հերթական կյանքի դասը։ Ես հասկացա, թե ինչով են փոքրոգի մարդիկ տարբերվում մեծահոգիներից։ Փոքրոգի մարդու համար չկա ավելի հաճելի զբաղմունք, քան սեփական ոչնչությունից վրեժխնդիր լինելը, իսկ մեծահոգությունը հոգու հմտություն է, որ առանց չարանալու կարողանաս վեր կանգնել քեզ հասցված վիրավորանքներից, լինես ավելի բարձր և պատրաստ լինես հասնել օգնության՝ մարդկանց փրկության համար, չնայած այն հանգամանքին, որ նրանց մի մասը քեզանից վախենում, իսկ ոմանք նաև՝ ատում են քեզ: Եվ այդ ամենը հենց այն պատճառով, որ հայրենիքիդ և ժողովրդիդ հանդեպ սերն ու նվիրվածությունը քեզ համար վեր են դասվում քո իսկ սեփական շահերից։ Համոզված լինելով, որ Ռոբերտ Քոչարյանն առաջնորդվում է ոչ թե կույր փառասիրությամբ, այլ նրան մղում է սերն իր ժողովրդի հանդեպ։ Ընդ որում, հաշվի առնելով նաև ներկա ծանր, օբեկտիվ իրողությունները՝ իմ մեջ հաստատվեց այն համոզմունքը, որ թեև հեշտ չի լինելու, սակայն «ամեն ինչ լավ է լինելու»։

Ես նաև համոզվեցի, որ միայն դժբախտությունից խուսափելով երջանկության չես հասնի, հատկապես, եթե խոսքը մի ամբողջ երկրի մասին է: Երկրի երջանիկ ապագայի համար պետք է պայքարել ՝ հաղթահարելով բոլոր վախերդ։ Չէ՞ որ, ով ինչպես վախենում է, այդպես էլ ապրում է: Մյուս կողմից, ես հասկանում եմ, որ նույնիսկ մեկ անգամ դժբախտությանը բախվելիս մարդկանց սրտերը քարանում են, բայց և այնպես, մարդիկ պետք է հասկանան, որ ապատիան, չեզոքությունն ու անգործությունն այսօր հավասարազոր են հայերի՝ որպես ազգի, ոչնչացման համաձայնության մասին պայմանագրի ստորագրմանը: Այդ պատճառով մեզանից յուրաքանչյուրը, ով չի պարփակվել մոլորվածության, անգործության և անպատասխանատվության իր գողտրիկ անկյունում, պարզապես պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի հայերը վերհիշեն իրենց, իրենց ակունքները, իրենց արժեքները, իրենց երազանքները, իրենց դերն ու կոչումը: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի այս և գալիք նոր սերունդների մոտ ինչ-որ կերպ վերակենդանացվի Մեծ Հայաստանի մասին գենետիկ հիշողությունը: Եվ հենց այդ հիշողությունը թույլ չի տա, որ Մեծ Հայաստանը վերածվի պարզապես միֆի։ Եվ ամենակարևորը, եթե մենք մտքում պահենք այն գաղափարը, որ բոլորս կիսում ենք նույն ապագան, մենք անկասկած ողջ կմնանք: