Լեռը երկնեց՝ մուկ ծնեց

Լեռը երկնեց՝ մուկ ծնեց
Երեկ ԱԺ-ում պարզվեց, որ ապրիլի 24-ին նախորդող օրերին մեծ հանդիսավորությամբ համայն հայությանը հղված Սերժ Սարգսյանի ուղերձից հետո, որը որոշ քաղաքական ուժեր կես քայլ դեպի հաղթանակ գնահատեցին, հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ մեծ օրակարգում են: Այս մասին “Ժառանգության” պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սերժ Սարգսյանի հրամանագրով դրանք երեկ հանվեցին ԱԺ քառօրյայի օրակարգից, սակայն խորհրդարանի մեծ օրակարգում պահպանվում են, եւ, փաստորեն, սա էր ուղերձի հետեւանքը: Այսինքն՝ Թուրքիան որ օրն “այո” ասի այս տեսքով արձանագրությունների վավերացմանը, դրանք կմտնեն ՀՀ ԱԺ քառօրյայի օրակարգ:



Արժե՞ր արդյոք այդքան աղմուկ հանել, ընդամենը քառօրյայի օրակարգից արձանագրությունները հանելու համար: Բնականաբար, ԱԺ-ն ուներ նման իրավասություն, եւ եղել են դեպքեր, երբ քառօրյայի օրակարգից օրինագծեր են հանվել, ու անգամ պատգամավորներից շատերը տեղյակ չեն եղել այդ մասին: Սա թերեւս կարող է հաստատել գնահատականները, որ Սերժ Սարգսյանի ուղերձը քաղաքական տրյուկ էր՝ միտված ապրլի 24-ին ընդառաջ ժողովրդին ու հատկապես սփյուռքին սիրաշահելուն: “Սերժ Սարգսյանը տրյուկներով չի զբաղվում: Դա բնորոշ է այլ քաղաքական գործիչներին”,- երեկ մեր դիտարկմանն ի պատասխան՝ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, չմոռանալով հավելել. “Սերժ Սարգսյանը զբաղվում է իրական քաղաքականությամբ: Մենք ասել ենք՝ կասեցնում ենք, կասեցրել ենք: Տրյուկաչներ կան, բայց հաստատ Հանրապետականում չեն”:



“Ես տրամաբանական չեմ համարում փոքր օրակարգից հանելն ու մեծում թողնելը”,- մեզ հետ զրույցում երեկ տեսակետ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, շարունակելով. “Բացի այն, որ նախագահի կասեցման ուղերձից հետո շատ տրամաբանական պիտի լիներ ընդհանրապես դրանք մեծ օրակարգից հանելը: Բայց ես չեմ կարողանում պատճառը հասկանալ, թե ինչ հիմնավորումով հանում ենք քառօրյա նիստերի օրակարգից, թողնում ենք մեծ օրակարգում: Ուղերձի տոնայնությունն ու ընդամենը փոքր օրակարգից հանելու որոշումը համարժեք չեն մեծ օրակարգում թողնելու որոշմանը: Ձեռքի հետ երեւի որոշում ընդունվեց, բայց ճիշտ պիտի լիներ առհասարակ օրակարգից հանելը”: Միեւնույն ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչը չի ուզում թերագնահատել Սերժ Սարգսյանի քայլը: “Կարծում եմ՝ սխալներն ընդունելու քաղաքական քաջությունը եւս քաղաքական կատեգորիա է”:



“Մեծ օրակարգում առկա պայմանագրերն ավտոմատ ներառվում են քառօրյայի օրակարգում: Եթե դրանք մնացել են մեծ օրակարգում, ես չեմ պատկերացնում, թե ինչու է արվել այս քայլը, որովհետեւ, ըստ էության, որպեսզի հանվեր քառօրյայից, պետք է հանվեր մեծ օրակարգից: Չի կարող հանվել էդպես”,- մեզ հետ զրույցում երեկ ասաց “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, հավելելով, որ արձանագրությունները պետք է հանվեին մեծ օրակարգից: