Մոտ մեկ ամսից հայկական մամուլը կհամալրվի "Հայացք" շաբաթաթերթով, որի գլխավոր խմբագիրն է լինելու "Հայաստանի զրուցակից" երկլեզու թերթի նախկին գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը: Նրա փոխանցմամբ՝ շաբաթաթերթը լույս կտեսնի օգոստոս ամսից, գունավոր: 24 էջանոց "Հայացքում" կզետեղվեն մշակութային, քաղաքական, հասարակական բնույթի նյութեր: Հիշեցնենք, որ Աշոտ Աղաբաբյանի եւ "Հայաստանի զրուցակցի" ռուսական տարբերակի խմբագիր Գենոֆյա Մարտիրոսյանի միջեւ հակասություններ էին առաջացել, որի արդյունքում Աշոտ Աղաբաբյանը թերթի հայկական տարբերակի աշխատակազմի հետ հեռացել էր թերթից, որի հովանավոր Լեւոն Հայրապետյանը նախընտրել էր աշխատել Գ. Մարտիրոսյանի հետ: Ի՞նչ քաղաքական գիծ է ընտրելու "Հայացքը": Խմբագրի ասելով՝ սուր քննադատական մոտեցում իշխանության եւ ընդդիմության սխալների նկատմամբ եւ ադեկվատ մոտեցում երկու թեւի դրական քայլերին: Շաբաթաթերթի հովանավորները, Աշոտ Աղաբաբյանի խոսքով, իր ընթերցողներն ու համերկրացիներն են: Հավելենք, որ Աշոտ Աղաբաբյանը ծագումով Նոյեմբերյանի Կողբ գյուղից է: Մեր տեղեկություններով՝ թերթի հովանավորներն արտերկրում բնակվող գործարարներ Հրահատ Թամազյանն ու Արթուր Մեջլումյանն են:
Կարծիքներ