«Ողբամ զքեզ»-ը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ

«Ողբամ զքեզ»-ը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ
Մի հին սովետական անեկդոտ գոյություն ունի. դատարանում այլախոհը հարցնում է. «Ես իրավունք ունե՞մ խոսքի ազատության, ցույցերի, ազատ արտահայտվելու», ասում են` այո, տեղաշարժի՞, այո, «ես կարո՞ղ եմ», պատասխանում են`«ոչ, Դուք ոչինչ չեք կարող»: Այս անեկդոտը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հիշել է «Հայաստանը իրավական պետություն է», «Հայաստանը սոցիալական պետություն է», «իշխանությունը պատկանում է ժողովրդին» եւ բազմաթիվ այլ «անկյունաքարային» դրույթների կապակցությամբ: Նա  նշում է`«հարցը տալիս Դուք էլ եք ծիծաղում, որովհետեւ ոչ սոցիալական է, ոչ ժողովրդավարական:  Իսկ ժողովրդի գիտակցության մեջ այդ դրույթները զուգակցվում են ստալինյան սահմանադրության չափազանց հմայիչ դրույթների հետ, որոնք գործնականում չէին կիրառվում»:



Ապա հիրավի Խորենացու «Ողբի» անվերջությամբ եւ հետեւողականությամբ թվարկեց. «Հայաստանը իրավական պետություն չի, որովհետեւ չկա անկախ դատական համակարգ, ժողովրդավարական եւ իրավական պետություն չի, որովհետեւ ազատ եւ արդար ընտրություններ չեն անցկացվում, դրանց արդյունքները կանխորոշվում են, կիրառվում է ընտրակաշառք, տեղի են ունենում զանգվածային ընտրակեղծիքներ:



Հայաստանը սոցիալական պետություն չի, որովհետեւ ժողովրդի սոցիալական իրավունքները պաշտպանված չեն, արհմիություններ չկան, աշխատանքային օրենսգիրք, որը կպաշտպանի աշխատողի իրավունքները, գոյություն չունի, խորհրդարանում նստած մարդիկ պաշտպանում են իրենց հատվածական շահերը, իրենց անձնական բիզնեսները, սոցիալական բեւեռվածությունը գնալով խորանում է, սոցիալական վերելակները չեն գործում, որոնք պետք է ապահովագրեն կաստայացումից:



Ավելին` սոցիալական խմբերի միջեւ այլեւս ոչ թե գոյություն ունեն սահմաններ, այլ ստեղծվել են անհաղթահարելի պատեր` մի սոցիալական խմբից անցումը մեկ այլի անհարին է, ամուսնությունները տեղի են ունենում մի քանի գերդաստանների միջեւ, կլանային համակարգը կարծրանում է, սոցիալական վերելակները բացակայում են»: Հմայակ Հովհաննիսյանը  մանրամասնում է, թե ինչ նկատի ունի «սոցիալական վերելակ» ասելով. «Մի սոցիալական խմբից անցում կատարել մեկ այլ սոցիալական խումբ: Այսօր այդպիսի անցումներ գրեթե հնարավոր չեն, եւ ստեղծվել են կաստաներ պաուպերների, գործազուրկների, թշվառների եւ մյուս կողմից` շատ խեղճ վիճակում հայտնված մտավոր աշխատանքով զբաղված մարդկանց կաստա: Եւ իհարկե, այդ օլիգարխների եւ չինովնիկների խումբը, որն անձնական ունիայի սկզբունքով սերտաճել է միմյանց»:



Ավանդաբար, հայերի «հակաօրենսդրականությունը» վերագրվում է կամ ավանդույթների  բացակայությանը, կամ ազգային մենթալիտետին, ինչի հետ Հմայակ Հովհաննիսյանը կտրականապես համամիտ չէ, որպես մի մարդ, «ով կրթվել է բազմազգ միջավայրում, ավարտել, ապա ասպիրանտուրա ու դոկտորական թեզ պաշտպանել Մոսկվայի համալսարանում եւ լավ գիտի խորհրդային ժողովուրդների մենթալիտետը»: Ըստ  Հմայակ Հովհաննիսյանի՝ վերջին 15 տարիներին հայերը կորցրեցին այն առավելությունը, որ ունեին օրինակ`  ղրղզների, թուրքմենների, ազերիների, տաջիկների նկատմամբ: Այլ խոսքով` հայկական զտարյուն մենթալիտետի առավելությունը ասիական բարքերի նկատմամբ: «Այդ առավելությունը շատ ակնհայտ էր` մեզանում այդ ընտանեկան, խնամիական ազգակցական սկզբունքով կադրային քաղաքականություն չէր վարվում եւ հնարավոր էլ չէր: Մեզանում դա մովետոն էր համարվում, եթե մարդը ինչ-որ պաշտոն էր զբաղեցնում, այլեւս երբեք չէր համարձակվի եղբորը, փեսային պաշտոնի նշանակել»,- նախկին պատգամավորն այս առնչությամբ վերհիշում է, թե 1998 թվականին ինչպես էր ձեւավորվում Կարեն Դեմիրճյանի համամասնական ցուցակը:



Ըստ պատգամավորի, ի պատասխան մի խումբ քծնողների առաջարկի` ՀԺԿ համամասնական ցուցակում ներգրավել նաեւ այն ժամանակ «Մարս» հսկայական գործարանի տնօրեն Ստեփան Դեմիրճյանին, Կարեն Դեմիրճյանը կտրականապես մերժել է առաջարկը` ասելով, որ մի ընտանիքից պետք է մեկը զբաղվի քաղաքականությամբ: Չնայած ՀԺԿ ցուցակում կային էլ  այդպիսի ձեռնարկությունների տնօրեններ` Վոլոդյա Բադալյանը, Էդմոնդ Ծատուրյանը, Ռուբեն Ենգոյանը:   Նույնը անում էր նաեւ Վազգեն Սարգսյանը: Կարող էր, չէ՞, այն ժամանակ իր ցեմենտի գործարանի տնօրեն եղբայր Արամ Սարգսյանին մտցնել ցուցակ:



Այնպես որ,  Հմայակ Հովհաննիսյանն արձանագրում է մեզանում  զտարյուն հայկական մենթալիտետի մուտացիա եւ վերափոխում ասիական բարքերի. «Կովալենկոն մարզպետ է, իր տղան թե եղբոր տղան` Չարենցավանում քաղաքապետ, Գալուստ Սահակյանը խմբակցության ղեկավար է, որդին ու աներձագը՝ նույն խմբակցության անդամ»: Օրինակները բազմաթիվ են: Բայց բանը հասել է նրան, որ եղբայրը եղբորն է զիջում պատգամավորական մանդատը, ասես դա ժառանգության մի մասն է. ինքը դուրս է գալիս, որպեսզի իր եղբայրը դառնա Ազգային ժողովի նախագահ: