Համացանցում. ինչպես վաճառել "օդ"

Համացանցում. ինչպես վաճառել "օդ"
Ինտերնետային աշխարհը մարդու իրական կյանքի գրեթե նույնական արտացոլումն է համակարգչային էկրանին: Նստածդ տեղում կարող ես այցելել գրադարաններ, կինոթատրոններ, մասնակցել սեմինարների, պատվիրել ուտելիք, հագուստ, շփվել ընկերներիդ հետ, խաղալ, աշխատել... Ինչ խոսք, այս ամենը երբեք չի փոխարինի կենդանի շփմանը եւ զգացողություններին, սակայն քիչ հավակնություններ ունեցողներին այն երբեմն ամբողջովին բավարարում է: Այս երկու երեւույթների համատեղ հիշատակման նպատակը ինտերնետում գումար վաստակելու մի ուշագրավ միջոցի մասին պատմելն է: Այն ուշագրավ է նրանով, որ կարելի է ահռելի գումարներ վաստակել ընդամենը «օդ» վաճառելով, ընդ որում` լրիվ օրինական ճանապարհով: Իհարկե, որպեսզի սկսես «օդ» վաճառել, սկզբից պետք է բացես «օդի» արտադրամաս, որը տիտանական աշխատանք եւ խոշոր ֆինանսական ներդրումներ է պահանջում: Սկսենք նրանից, որ աշխարհում կան միլիոնավոր մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով ինքնահաստատման խնդիր ունեն` անհաջողակ են, կարծում են, որ գնահատված չեն ըստ արժանիքների կամ էլ պարզապես տարիքով փոքր են, բայց ձգտում են արագ մեծանալ: Այս մարդիկ «օդի» սպառողների հիմնական թիրախային խումբն են: Ի՞նչ ենք անում մենք իրական կյանքում` մեզ համար լիարժեք կոմֆորտ ապահովելու համար: Տուն ենք գնում, հագուստ, անհրաժեշտ պարագաներ, կազմակերպում ենք մեր ֆինանս հայթայթելու միջոցները, ժամանցը եւ այլն: Պատկերացրեք` եթե սկսեիք ապրել վիրտուալ աշխարհում, որտեղ նույնպես կա գոյատեւման խնդիր, արդյո՞ք նույն միջոցառումներին չէիք դիմելու: Մեր հիշատակած «օդը» դա հենց այն թվայնացված պարագաներն են, որոնք հնարավորություն են տալիս մարդուն ապահովել իր հարմարավետ կյանքը` վիրտուալ աշխարհում: Իսկ այդ վիրտուալ աշխարհը ոչ այլ ինչ է, քան... խաղահրապարակ: Հավաքվում են մի խումբ ծրագրավորողներ, նկարիչներ եւ վեբ ձեւավորողներ ու ինտերնետում ստեղծում են խաղային աշխարհ: Այն շա՜տ հետաքրքիր է` իր աշխարհագրությամբ, կենդանական աշխարհով, արկածներով եւ այլ ատրիբուտներով: Օգտագործողն իր համակարգչի դիմաց նստած՝ հնարավորություն է ստանում ապրել այլընտրանքային կյանքով, դառնալով այդ աշխարհում ապրող հերոսներից մեկը, ասենք` ինչ-որ առասպելական կերպարի` էլֆի կարգավիճակով: Ժամանակի ընթացքում”կյանքը□ սկսում է բարդանալ, քանի որ ավելի վտանգավոր են դառնում կենդանիները, ավելի ուժեղ են դառնում հակառակորդները, ավելի դժվարանցանելի են դառնում արկածները, եւ մի օր խաղացողը հասկանում է, որ իրեն հարկավոր է ավելի ամուր հագուստ, ավելի լավ կոփված թուր, ավելի արագավազ ձի եւ այլն: Ահա այստեղ էլ հենց սկսվում է «օդի» առեւտուրը: Ի հայտ են գալիս «նկարված» իրեր, որոնք «նկարված» հերոսին ավելի են ուժեղացնում, բայց դրանք ձեռք են բերվում արդեն ոչ թե նկարված, այլ լրիվ իրական գումարներով:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ