Անզոր ու անուժ

Անզոր ու անուժ
Կոռուպցիայի մասին բազում ծրագրեր ու հետազոտություններ են արվել, գրանտներ տրամադրվել, զեկույցներ ընթերցվել, սակայն այս ախտը հին է, ինչպես մեր աշխարհը: Հին ու հնարամիտ: Իսկ դրա դեմ պայքարն էլ հավերժական է: Ոչ դաժան պատժամիջոցները, ոչ բարոյախրատական միջոցառումները, ոչ էլ դաստիարակության եւ կրթության տարբեր մեթոդներ արմատախիլ չեն անում այս երեւույթը: Երեկ այս առիթով հերթական հետազոտությունն էր արել հասարակական կազմակերպություններից մեկը, որտեղ ստանդարտ հարցեր ու պատասխաններ էին հնչել: Անշուշտ, բնակչության մեծ մասը գիտակցում է, որ ապրում է կոռումպացված երկրում, հասկանում է, որ հարկավոր է դրա դեմ պայքարել, զգում է, որ դա վատ բան է, սակայն... Հարցվածների մեծ մասն ասել է, որ եթե իրենից կաշառք պահանջեն, ապա ինքը հնազանդորեն կտա: Իբր թե անհրաժեշտ ծառայությունն ստանալու կամ խնդիրը լուծելու այլ տարբերակ չկա: Ավելին, մարդիկ  կարծում են, որ կոռուպցիան կարող է կրճատվել միայն որոշ չափով կամ ընդհանրապես չի կարող կրճատվել: Նրանք իրենց չեն համարում կոռուպցիայի դեմ պայքարի ներուժ եւ նշում են, որ ոչինչ չեն կարող անել Հայաստանում կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար: Ահա հենց այս անելանելիությունը, անզորությունն է, որ փակ շրջանի էֆեկտ է ստեղծում, եւ նման մտածողություն ունեցող ազգաբնակչությամբ երկրում կոռուպցիայի դեմ պայքարը դառնում է անիմաստ ու անհեռանկարային: Հետաքրքիր է, որ հարցվածները որպես բիզնեսի զարգացման ամենամեծ խոչընդոտ նշել են մենաշնորհները՝  համարելով դրանք "շատ լուրջ" արգելք կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին: Սակայն եթե այս արատը հին է, հին են նաեւ դրա դեմ պայքարի մեթոդները, եւ հեծանիվ պետք չէ հորինել՝ ընդամենը հարկավոր է հետեւել մարդկության ստեղծած փորձին: