Նրանց հովանավորը Տեր Աստվածն է

Նրանց հովանավորը Տեր Աստվածն է
Սերժ Սարգսյանին սատարող ՄԻԱԿ ու ՀԵԿ երիտասարդական կուսակցությունները, որ միավորվել էին մեկ տանիքի ներքո, պառակտվեցին, երբ ՄԻԱԿ-ը սկսեց խոչընդոտել Երիտասարդական կուսակցության աճին: ՀԵԿ-ի ղեկավար Վահան Բաբայանը մոտ երեք ամիս առաջ լքեց նախագահի սատարման դարբնոցը եւ սկսեց ՄԻԱԿ-ականներին ՀԵԿ-ացնելու գործընթացը: Երեկ էլ ՄԻԱԿ-ի շարքերից Արտաշատի կառույցն է  դուրս եկել ու մտել ՀԵԿ: Հատկանշական է, որ ՄԻԱԿ-ից դուրս գալու օրվանից Վահան Բաբայանը սկսել է կրել կուբացի հեղափոխական Չե Գեւարայի պատկերով վերնաշապիկ: Հեղափոխականի նկարներով զարդարել է նաեւ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իրենց նոր գրասենյակը, սակայն իր գլխավերեւում կախված է Սերժ Սարգսյանի պատկերը:



- Չե Գեւարան կոնկրետ Ձեզ համար ի՞նչ է խորհրդանշում:



- Մենք գտնում ենք, որ Չե Գեւարայի նկարը ամբողջ աշխարհում համարվում է ազատության, երիտասարդության,  հեղափոխության սիմվոլ, իսկ երիտասարդությունը պիտի հեղափոխական լինի, բայց ճիշտ իմաստով:



- Ազատության հետ ի՞նչ կապ ունեք:



- Ինչո՞ւ: Հիմա մենք սատարում ենք երկրի ղեկավարին, ինչո՞վ է սահմանափակված մեր ազատությունը:



- Դուք գլխավոր քարտուղար էիք ուզում դառնալ ՄԻԱԿ-ում, Ձեզ չնշանակեցին, եւ Դուք նեղացած դուրս եկա՞ք:



- Ես ստեղծել եմ 17 տարածքային կազմակերպություն, երբ մտել եմ ՄԻԱԿ, այնտեղ եղել է մի հատ տարածքային կազմակերպություն, ես տասն անգամ կրկնապատկել եմ ՄԻԱԿ-ի թիվը, եւ դա կարող են վկայել նույնիսկ ՄԻԱԿ-ի ներսում գտնվող մարդիկ, որ իմ թիմի շնորհիվ այդ ամենը կատարվել է մեկ տարվա ընթացքում: Ես դուրս եմ եկել ՄԻԱԿ-ից, իմ գործունեությունը դադարեցրել եմ երեք ամիս, բայց նոր կառույց չի ստեղծվել, հակառակը՝ պակասել է:



- Այդ դեպքում Ձեր կորուստը ինչպե՞ս են տանում կուսակցությունում:



- Քաղաքականությունն ինքը կորուստների ճանապարհ է, մարդ երբեմն կորցնում է, երբեմն ստանում է, միայն ստանալ չի կարող, մենք կորցրեցինք միասնական ճանապարհով անցնելու հնարավորություն, ձեռք բերեցինք ճիշտ կազմակերպված ճանապարհով անցնելու հնարավորություն: Ներկուսակցական հետագա բախումներից խուսափելու համար ես առաջինն եմ հայտարարել կուսակցության անհեռանկարային քայլերի մասին: Ես չէի կարող խաբել մարդկանց, որ ՄԻԱԿ-ը քաղաքական հզոր ուժ էր դառնալու: Դա անհնար բան էր:



- Այսինքն՝ ՄԻԱԿ-ը Ձեզնից հետո կտապալվի՞:



- Բնականաբար: ՄԻԱԿ-ը տապալվելու եզրին է կանգնած: Հիմա Դուք ասեք, որ կուսակցությունը, որն իր մասին ունի մեծ կարծիք, կորցնում է իր լավագույն կադրերին, որոնք միանալու են ինձ, տապալվո՞ւմ է, թե՞ ոչ: Ես իմ զգուշացումներն արել եմ: Մենք միացանք, որ լուրջ ուժ դառնանք ու հաղթանակ տանենք առաջիկա խորհրդարանական ընտրություններում, իմ խնդիրը 2012 թվականին սերնդափոխություն իրականացնելն է ԱԺ-ում, ես երբ որ հասկացա, որ այդ աշխատանքը ջուրն է ընկնելու,  դուրս եկա, ես իրավունք չունեի 2012 թվականին տապալվելու:



- ՄԻԱԿ-ն ինչո՞ւ պետք է տապալեր այդ ծրագիրը:



- Պատկերացրեք՝ 2012 թիվ, խորհրդարանական ընտրություններ: Որքան դժվար է ձայն հավաքել, եթե դու չես աշխատում ու նստած սպասում ես, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան կասի կամ չի ասի, ու աշխատող մարդուն չես գնահատում: Խոսքը միայն իմ մասին չէ, այդ մարդկանց մասին է, որ շատ շուտով կտեսնեք: Եւ ամենակարեւորը՝ կուսակցությունը պիտի ունենա ուժեղ ղեկավար:



- Ներկայիս ղեկավարը թո՞ւյլ է: Այժմ ՄԻԱԿ ղեկավարն է "Հազարամյակի մարտահրավերներ" կազմակերպության տնօրեն Արա Հովսեփյանը:



- Ես կարծում եմ՝ կուսակցության ղեկավարը եթե ուժեղ լիներ, ոչ կլիներ ՀԵԿ-ի առանձնացումը, ոչ էլ այլ գործընթացներ: Մինչ այսօր ՄԻԱԿ-ում չկա դիրքորոշում, բացի հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությունից, այլ առանցքային հարցերի շուրջ կարծիք չի հայտնել: Այս պրոցեսները սպասելի էին, ես երբ դուրս եկա, ոչ մեկ չէր կասկածում, որ ես անդամագրվելու եմ մի իշխանամետ կուսակցության, ոչ մեկ նաեւ չէր սպասում, որ ես վերականգնելու եմ ՀԵԿ-ը եւ համախմբելու եմ բոլոր նորմալ կադրերին:



- Կարո՞ղ է Սերժ Սարգսյանը ՄԻԱԿ-ից երես է թեքել ու ձեզ է աջակցում:



- Ես ամպագոռգոռ հայտարարություններ անել չեմ սիրում ու նման բան չեմ ասել:



- Ո՞վ է ձեզ ֆինանսավորում:



- Մենք մեծ դժվարությամբ, մեր ընտանիքներին ինչ-որ բաներից զրկելով, մեր շարքերում ունենք երիտասարդ գործարարներ, հայտնի դեմքեր չեն, մեր նման մարդիկ են, որոնք ունեն փոքր բիզնեսներ ու ներդրում են անում: Մեր ամենակարեւոր հովանավորը Տեր աստվածն է:



- Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հովանավորյալները չե՞ք:



- Սերժ Սարգսյանից մենք մինչ օրս նյութական աջակցություն չենք ստացել: Գիտեք ոնց, մենք որ սատարեցինք  նախագահական ընտրություններին, մենք նշել ենք, որ առանց որեւէ ակնկալիքի ենք սատարում: Մեր գլխավոր նպատակն է ԱԺ-ում օրենսդիր աշխատանքով զբաղվել, բարձրացնել երիտասարդության հարցերը:



- Ձեր նպատակը պատգամավոր դառնալն է, կարելի՞ է ասել, որ ՄԻԱԿ-ի պատգամավորացուների շարքում Դուք չկայիք, այդ պատճառով էլ վրդովված դուրս եկաք:



- Ես շատ կուզեի, որ ՄԻԱԿ-ից գոնե երեք պատգամավոր ինչ-ինչ ճանապարհով մտնեն խորհրդարան, բայց դա ընդամենը ցանկություններ են: Նույնիսկ եթե լինեին մարդիկ, ու իմ անունը չլիներ, անարդարացի կլիներ, ուղղակի նման բան չի եղել: