Մարդ ու անասուն գետի ջուր են խմում

Մարդ ու անասուն գետի ջուր են խմում
Լոռու մարզի Բազում համայնքը կարծես 21-րդ դարում չի ապրում, այստեղ միջնադարյան ժամանակաշրջանի խնդիրներ են լուծում: Գյուղի տարեց բնակիչներից մեկը մարզի ղեկավարությանն ուղղված իր հեռակա բողոքում հոգոց հանեց. "Տենաս իրանք տեղյակ ե՞ն, որ մեր գյուղի բնակչությունը խմելու ջուր չունի, խմում ա  ոռոգման ջուր": Բազումի գյուղապետ  Սրբուհի  Հարությունյանն էլ պատմեց. "Գյուղի խնդիրները բազմաթիվ են, որոշ մասը լուծել ենք համայնքի միջոցներով, կատարել ենք գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում, մեր միջոցներով վերանորոգել ենք գյուղապետարանի շենքը, որոշ չափով նորոգել ենք ոռոգման ջրագիծը", սակայն կան խնդիրներ, որոնք իրենց ուժերով անհնար է լուծել: "Չունենք ոչ խմելու ջուր, ոչ մշակույթի կենտրոն, մշակույթի տունը դեռ մի կողմ, գոնե խմելու ջուր ունենայինք: Գյուղի բնակչության 60 տոկոսն օգտվում է ոռոգման ջրից": Գյուղապետը պնդում է, որ դիմել է գրեթե բոլորին, բնականաբար՝ նաեւ Լոռու մարզպետին, անգամ պատասխան է ստացել Արամ Քոչարյանից 01.06.2010 թվականին. "Հաշվի առնելով ձեր գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգում առկա խնդիրների կարեւորությունը, այն ընդգրկվել է ՀՀ Լոռու մարզի համայնքներում խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ոլորտում առկա խնդիրների լուծման առաջնահերթության վերաբերյալ ցանկում", ապա մարզպետը հորդորել է. "Անհրաժեշտ է, որ դուք ապահովեք խմելու ջրի մատակարարմանն առնչվող անվտանգության պահանջները": Նկատի ունի խմելուց առաջ ջուրը եռացնելու պահանջը: Նման զգուշացումներ են ստացվել նաեւ Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնից: Գյուղապետը բացատրեց. "Սարից ջուր ենք բերել, էն էլ ոչ պիտանի ջրեր են, սանէպիդկայանի կողմից բազմաթիվ գրություններ կան, որ խմելու համար ոչ պիտանի է: 13-30 օրը մեկ գալիս են, նմուշառում անում, իրանք ինձ են գրում, ես էլ մարզպետին... ես հո չե՞մ կարա սաղին ստիպեմ եռացնեն, նոր խմեն":



ՊՀՀ Լոռու մարզային կենտրոնի եզրակացության մեջ պարզ նշված է, որ ջուրը ոչ միայն չի համապատասխանում սանիտարական նորմերին, այլեւ դրա մեջ հայտնաբերվել են քիմիական տարրեր. "Ձեր համայնքի բնակչությունն օգտվում է սանիտարական նորմաներին չհամապատասխանող ջրից: Հիմնականում նմուշառված ջրում հայտնաբերվում են մեծ քանակությամբ մանրէներ, կողմնակի օրգանական նյութեր" (տրված է 13.05.2010թ): Իսկ մեկ այլ զգուշացման մեջ էլ խոսվում է քիմիական նյութերի մասին. "Լոռու ՊՀՀ տեսչության կողմից 28.07.09 թվականին վերցված խմելու ջրում հայտնաբերվել են նաեւ ջերմատոլերանտ կոլիֆորմ մանրէներ, որը խոսում է ջրերի թարմ ֆեկալ աղտոտման մասին, այս ջրերի օգտագործումը վտանգավոր է համաճարակային առումով: Անհրաժեշտ է որակն ապահովել անհապաղ": Սա էլ այն մասին է, որ խմելու ջուրը խառնված է կոյուղաջրերի հետ: Գյուղի գրեթե բոլոր բնակիչները տեղյակ են մասնագետի գնահատականին, սակայն շարունակում են այն օգտագործել, ասելով. "Ես հո չե՞մ կարա գնամ ամեն օր Կիրովականից ջուր բերեմ, կառավարությունը խի՞ չի մեզ օգնում: Որ մեկս կամ սաղ գյուղը մի օր կոտորվեց, ո՞վ ա պատասխան տալու": Գյուղի բնակիչներից ոմանք լքում են գյուղը, համայնքի ղեկավարի պնդմամբ՝ 40-50 ընտանիք հեռացել է գյուղից: Գյուղի բնակիչները սա եւս կապում են ջրի հետ, հիշեցնելով. "Բա ո՞ւմ ասես՝ արի գետի ջուր խմի, որի մեջ հազար զիբիլ կա լցված, կովերն ու ոչխարները սաղ օրը մեջն են, բա էլ էդ ջուրը խմողը կմնա՞ գեղում":



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ

Վանաձոր