Արտակարգ պատահարներին ժամանակին չենք արձագանքում

Արտակարգ պատահարներին ժամանակին չենք արձագանքում
Հուլիսի 27-ին, ժամը 20:00-ի սահմաններում Աշտարակ- Ապարան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրի հատվածում Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղին հարող ճանապարհահատվածում Մկրտիչ Կիրակոսյանին ամրակցված "Ֆորդ տրանզիտ" մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի ուղղությամբ ընթանալիս բախվել է ճանապարհին համընթաց ընթացող "Վազ 2106" մակնիշի ավտոմեքենային եւ վթարի ենթարկվել: "Ֆորդ տրանզիտ" մեքենան տեղափոխելիս է եղել Աբովյանի Ակունք գյուղի պարային խմբին, որը դեպքից մի քանի ժամ առաջ ելույթ էր ունեցել Վանաձոր քաղաքում: Դեպքի վայրում մինչեւ 20:20 րոպեն չկար ոչ շտապ բուժօգնության, ոչ էլ փրկարար ծառայության ոչ մի աշխատակից:



"Ֆորդում" գտնվող ուղեւորներից շատերը երեխաներ էին, որոնց գյուղացիների եւ պատահական անցորդների օգնությամբ դուրս էին բերում մեքենայից ու պառկեցնում գետնին: Երեխաներից շատերն ուշագնաց էին, արյան մեջ կորած: Իսկ վարորդին հնարավոր չէր առանց մասնագետի ու համապատասխան տեխնիկայի դուրս հանել մեքենայից: Դեպքի վայրում գտնվող ճանապարհային ոստիկաններից փորձեցինք ճշտել դեպքի մանրամասները, սակայն նրանք մեզ ոչինչ չասացին: Ավելի ուշ ոստիկանության Աշտարակի մասից տեղեկացանք, որ ահազանգն իրենք ստացել են 20:30-ին անհայտ քաղաքացու կողմից, իսկ երբ տարակուսանք հայտնեցինք՝ "20:10-ի սահմաններում արդեն այնտեղ ոստիկաններ կային, ինչո՞ւ է ձեզ մոտ 20:30 նշված", պատասխանեցին. "Մենք Աշտարակի հիվանդանոցից ենք ստացել ահազանգը, էդ մարդկանց տեղափոխել են հիվանդանոց ու նոր մեզ տեղեկացրել":



Զրուցեցինք նաեւ Արագածոտնի մարզի փրկարարական վարչության հերթապահի հետ, որն էլ պատմեց. "9 հոգի վիրավոր էին, տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, իսկ վարորդին մեր փրկարարները մեծ դժվարությամբ հանել են մեքենայից ու տեղափոխել Երեւան": "Եթե դուք ահազանգը ստացել եք 20:07-ին, ինչո՞ւ եք հասել դեպքի վայր 20:23 րոպեին",- հարցրինք: "Բա 9 կմ ճանապարհ ենք անցել, Աշտարակից ենք գնացել Արտաշավան, դա հո ուշանալ չի՞":



Սակայն այն րոպեները, որոնց ընթացքում տուժածները կյանքի ու մահվան կռիվ էին տալիս, կարող էին ինչ-որ բան փոխել, ու վարորդն էլ 20 րոպե չէր մնա մեքենայում, ու դեռ պարզ չէ, թե ինչքան էլ ժամանակ է պահանջվել նրան մեքենայից դուրս բերելու համար: Կանչն ստանալուց հետո շտապօգնությունը դեպքի վայր է ուղարկել 1 բրիգադ, իսկ այդքան վիրավորից ո՞ւմ են կարողացել օգնել: "Շտապը տեղափոխել է միայն վարորդին, ԳԱԻ մեքենաները լրիվին բերեցին՝ սկզբից 3 հոգի, որից մի աղջկա վիճակն էր ծանր, որին Երեւան տարան",- պատասխանեց շտապօգնության աշխատակիցը: Մեզ հաջողվեց վիրավորների վիճակի մասին զրուցել նաեւ Աշտարակի հիվանդանոցի թերապեւտի հետ. "11 հոգի մեզ մոտ են բերել, 3 հոգու հենց դեպքի վայրից են տեղափոխել Երեւան, ամենափոքրը 2000 թվի ծնված էր, մեզ մոտ բերվածներից 3-ին էլ մենք ենք տեղափոխել Երեւան: Մի մասը ստացել էր թեթեւ մարմնական վնասվածքներ, իսկ այդ 3-ի վիճակը ծանր էր, բոլորն էլ երեխաներ էին":



Զարմանալի է, թե ինչու է վթարի մասշտաբների մասին տեղեկացված շտապօգնության անձնակազմը որոշել ընդամենը մեկ մեքենա ուղարկել դեպքի վայր, եւ վիրավորներին տեղափոխելու պարտականությունը մնացել է  ճանապարհային ոստիկանների ու գյուղացիների վրա: Շտապօգնությունից տեղեկացանք նաեւ, որ իրենց մոտ է բերվել "Վազ 2106"-ի վարորդը՝ ալկոհոլի օգտագործման չափը պարզելու համար. "06-ի վարորդին էլ բերել էին խմածությունը պարզելու համար, գրեթե խմած չէր": Իսկ ի՞նչ է նշանակում "գրեթե",- հարցրինք: "Ինչ-որ մի բաժակ գարեջուր էր խմել ժամը 1-ի կողմերը, ալկոհոլը եղել ա 0,20, դա համարվում է սթափ վիճակ": Գործն այժմ գտնվում է քննության փուլում, երեխաների առողջության ու նոր մանրամասների մասին կհաղորդենք առաջիկայում:



Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ