Աշխարհը բազմանում է, Եվրոպան ու ՌԴ-ն` նվազում

Աշխարհը բազմանում է, Եվրոպան ու ՌԴ-ն` նվազում
Population Reference Bureau հետազոտական ընկերությունը հրապարակել է տվյալներ Երկրի բնակչության թվաքանակի փոփոխությունների վերաբերյալ:Ընկերության կանխատեսումներով, 2025 թվականին Երկրի բնակչությունը կկազմի 8,1 միլիարդ, իսկ 2050-ին` 9,4 միլիարդ, եւ ավելի արագ մեծանալու է աֆրիկյան մայրցամաքի բնակչության թիվը: 2050թ. այն կկրկնապատկվի` հասնելով 2,1 միլիարդի:



Ասիայում արդեն բնակվում է երկու անգամ ավելի շատ մարդ` 4,2 միլիարդ, իսկ 2050 թվականին նրանք կավելանան եւս 1,3 միլիարդով: Սա  հիմնականում պայմանավորված է  առավել մեծ  բնակչություն ունեցող երկու երկրներով` Հնդկաստանով (1,2 միլիարդ բնակչություն, 2050թ.` 1,7 միլիարդ) եւ Չինաստանով (1,3 միլիարդ, 2050թ.` 1,4 միլիարդ): Փոխարենը, արագորեն նվազում է   Ռուսաստանի բնակչությունը, որը  2025 թվականին կնվազի մինչեւ 133 միլիոնի, իսկ 2050 թվականին` 117 միլիոնի: Լավ չեն լինի Եվրոպայի գործերը: Ներկայում աշխարհում ապրում է 738 միլիոն եվրոպացի, իսկ 2050թ. նրանց թիվը կհասնի 702 միլիոնի: Ինչ վերաբերում է 310 միլիոնանոց ԱՄՆ-ին, ապա  կշարունակի աճել ու բազմանալ, իսկ 2050 թվականին կարող է ունենալ 399 կամ 423 միլիոն, կամ էլ 458 միլիոն բնակչություն` կախված ներգաղթի ցուցանիշներից:



Այսպիսով, ԱՄՆ-ն նույնպես կմտնի մեծ բնակչությամբ երկրների տասնյակի մեջ, որում այսօր տեղ են զբաղեցնում Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան (235 միլիոն), Բրազիլիան (193 միլիոն), Պակիստանը (185 մլն.), Բանգլադեշը (164), Նիգերիան (158), Ռուսաստանը (142) եւ Ճապոնիան (127): Ամերիկյան մասնագետները կարծում են, որ նույն երկրները որոշակի տարբեր դիրքերով կմնան առաջին 8 տեղերում, իսկ վերջին երկու հորիզոնականները 2050թ. կզբաղեցնեն Եթովպիան եւ Կոնգոյի Հանրապետությունը: