Հանդուրժել չի կարելի

Հանդուրժել չի կարելի
Մեր թերթի այսօրվա համարը գրեթե ամբողջովին նվիրված է հայոց բանակին եւ վերջին օրերին այնտեղ զոհված մեր տղաներին: Թեմաների բազմազանության առումով թերթն այսօր աղքատ է ստացվել, բայց մենք այնպես էինք ցնցվել վերջին օրերի իրադարձություններից, այնքան էինք հուզված, որ ուրիշ թեմայի մասին գրել անկարող էինք, եւ գրելը մի տեսակ սրբապղծություն էր թվում: Սա այն դեպքն է, երբ հասարակությունը պետք է արթնանա, պետք է հասկանա, որ այսպես շարունակվել չի կարող: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ցավա ու սգա այնպես՝ կարծես իր հարազատ զավակը կամ եղբայրն է զոհվել: Եվ պետք է անողոք ու դաժան լինել այս վիճակի պատասխանատուների նկատմամբ: Մի քանի ամիս շարունակ մեզ բոլորիս հուզում էր հայոց լեզվի հարցը՝ մարդկանց մի մեծ խումբ զարմանալի համախմբված պայքարում էր օտարալեզու դպրոցների դեմ, եւ կարելի է ասել՝ որոշ արդյունքների հասան: Ասել կուզի՝ մենք ընդունակ ենք համախմբվելու, պայքարելու, իշխանությունից ինչ-որ բան պահանջելու: Այժմ ժամանակն է պայքար սկսելու բանակի վիճակի, բանակում անմեղ զոհերի մեղավորների  ու “բեսպրեդելի” կանոններ պահպանողների դեմ: Չեն կարող պաշտպանության նախարարության ղեկավարությունը, բանակի հրամանատարական կազմը, կոնկրետ զորամասերի ղեկավարները անմեղ հրեշտակների տեսք ընդունել եւ անպատիժ մնալ, եթե 2 օրում 7 երիտասարդ տղա է խաղաղ պայմաններում զոհվում: Եթե մեր ժողովուրդը հայտնի է իր դիմացկունությամբ, որը կարող է տանել սոցիալական կարիքը, կենցաղային զրկանքները, գործազրկությունն ու տարբեր փորձություններ, դա չի նշանակում, որ պետք է իր սերուցքը՝ երիտասարդներին որպես մատաղացու ուղարկի մի փնթի ու անկարգ կառույց, որի անունն է հայկական բանակ: