Նիցշեի ու Նժդեհի արանքում

Նիցշեի ու Նժդեհի արանքում
Երեկ "Հենարան" ակումբում մշակութային քաղաքականության բացակայության թեմայով Վարդան Պետրոսյանն ասուլիս էր տալիս, իսկ եթե ավելի ստույգ լինենք՝ մոնո"ներկայացում էր խաղում, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր լրագրողների կցկտուր հարցերով։



Դերասանն իր ելույթում հախուռն թռիչքներ էր կատարում թեմայից թեմա, ինչպես ներկայացումներում, սակայն հիմնական սյուժետային գծերը, որ կարմիր թելի պես անցնում էին նրա ողջ ելույթի միջով, նախանձի եւ թատրոնների մասնավորեցման թեմաներն էին։ Ի տարբերություն մեր թամադաների եւ սեղանակիցների, որոնք չեն հասկանում բարի եւ չար նախանձների տարբերությունը եւ սեղանակիցներին հորդորում են ընդհանրապես զերծ մնալ այդ արատից, դերասանը ոչ միայն հասկանում է այն, այլեւ համարում, որ թատրոնում առողջ մթնոլորտի ձեւավորման համար բարի նախանձը պարտադիր նախապայման է։



"Մրցակիցն է ստիպում քեզ ուժեղ լինել"," ասում է Վարդան Պետրոսյանը։ Բայց կա նաեւ չար նախանձ, որը չի թողնում, որ մրցակցությունը ստեղծի այնպիսի դաշտ, "որ կարողանանք դիմացինով ուրախանալ"։ Պետական թատրոնների մասնավորեցման շուրջ առաջացած աղմուկը դերասանը համարում է սադրանք, որի պատճառը խոսակցություններն են եղել, թե մասնավոր թատրոնի մի ներկայացուցիչ ցանկանում է փակել պետական թատրոնը։ Դա պետական թատրոններին ստիպել է համախմբվել ընդդեմ թատրոնների մասնավորեցման, մինչդեռ մասնավոր թատրոնի գոյությունը չի ենթադրում պետականի փակումը։ Պետական եւ մասնավոր թատրոնները տարբեր խնդիրներ են լուծում։ Պետականը պարտավոր է ներկայացնել դասական մշակույթը, իսկ մասնավոր թատրոնը՝ լինել առավել ճկուն եւ բավարարել շուկայական պահանջարկը։ Այնուհետեւ մասնավորեցման դեմ մարտնչողներին Վարդան Պետրոսյանը երեսով տվեց "Փոսի թատրոնը". "Ո՞ւր էին պետական թատրոնները, երբ  փակում էին մեր "Փոսի թատրոնը"։ Ասենք թե "Փոսի թատրոնի" համար դժվար ժամանակներ էին, նշանակում է պետք էր այն սարքել բիլիարդանո՞ց։



Թող այդտեղ միավորվեին պետական թատրոնները, թե չէ մի երկու մարդ եկել, իրենց ուժերով աշխուժություն են ստեղծում, ամեն ինչ անում են, որ թաղեն"։ Չնայած այդ ամենին՝ այսօրվա մեր մշակութային կյանքը Վարդան Պետրոսյանը համարում է բավականին ակտիվ. "94-ին մտա Սունդուկյան, վախեցա"։ Այդ թվերին թատրոնում տիրող անշարժությունը նրան Աղվերանի մեղվանոցն է հիշեցրել, ասում է՝ հավերը պատերի տակ քուջուջ էին անում, կատուները բույն էին դրել։ Հիմա ամեն ինչ շատ ավելի աշխույժ է, քանի որ կան այդ երկու"երեք հոգին։ Լրագրողի հարցին, թե կարո՞ղ է ֆինանսների բացակայությունը խոչընդոտ լինել լավ բեմադրության ստեղծման համար, դերասանը պատասխանեց. "Մշակույթը պետք է ֆինանսավորել, բայց պետք չէ ամբողջ մեղքը գցել ֆինանսավորման բացակայության վրա։



Մեզանում իշխում է մտավոր ծուլությունը, մտավոր թմբիրը։ Շատերը պարզապես սովորել են դատապարտել, սրճարաններում նստած բողոքում են"։ Վարդան Պետրոսյանը խոսեց նաեւ գրաքննությունից, որ կար սովետական տարիներին, եւ որն այսօր չկա, ինչպես կարծում է դերասանը։ Նրա խոսքից պարզ էր, որ սովետական տարիներին նա գրաքննությունը լավ բան չի համարել, բայց այսօր գտնում է, որ ""պետություն" հասկացությունը գրաքննություն այնուամենայնիվ պետք է ունենա"։ Իբրեւ հիմնավորում՝ նա բերեց Միացյալ Նահանգների  եւ Ֆրանսիայի օրինակը, որ "չմտածենք, թե չարի պորտը մենք ենք"։ Նա գտնում է, որ որոշակի հանձնաժողովներ պետք է լինեն, որ, օրինակ, արգելեն հեռուստատեսություններում ոչ գրական լեզուն եւ այն բաները, որ վիրավորում են հայ մարդու արժանապատվությունը։



Այսպես, թեմայից թեմա թռչկոտելով, բանախոսը հասավ նաեւ մշակութային քաղաքականությանը, նրա ելույթից, սակայն, պարզ չէր ինչ է դա՝ այն քաղաքականությունը, որ վարում է պետությունը մշակույթի հանդե՞պ, թե՞ այն, որ վարում է իր քաղաքացիների հանդեպ՝ օգտագործելով մշակույթն ու մշակույթի գործիչներին։ "Սովետական ժամանակներում կոլխոզներից գյուղացիներին, գործարաններից բանվորներին հավաքում-բերում էին թատրոն։ Դա իմ ժամանակ քարկոծվում էր թատրոնի մարդկանց կողմից։ Բայց զարմանալի բան՝ մինչեւ հիմա այդ քաղաքականությունը Ֆրանսիայում աշխատում է։ Գործում է կոլեկտիվ հայտերի համակարգը"։ Դերասանը զարմանում է, որ ծնողները բողոքում են, երբ դպրոցներից երեխաներին թատրոն են տանում։



Նա վստահ է, որ թատրոնի մարդը միսիոներ է, եւ երբ "մարդուն բերում ես թատրոն, ազնվացնում ես"։ Վարդան Պետրոսյանն առիթ է ունեցել հրճվանքով հետեւելու, թե ինչպես են աշխույժ, թատրոնով ամենեւին չհետաքրքրվող երեխաները Դոստոեւսկու "Ոճիր եւ պատիժից" հետո հոտնկայս ծափահարել։ Բայց հատկապես հուզել է նրան, թե ինչպես է ոտքի կանգնել ու ծափահարել մեր պետական այրերից մեկը, որի անունը չցանկացավ նշել. "Էդ մարդը՝ լավ թե վատ, էդ օրը տուն Դոստոեւսկի տարավ։ Ես շատ հուզված էի"։ Իր ելույթի ընթացքում դերասանը նաեւ մեջբերումներ էր անում Նժդեհից եւ Նիցշեից՝ գերմանացի փիլիսոփային կապելով հայ զորավարի հետ, որը իմաստասիրական մտքից կիլոմետրերով հեռու իշխանավորների եւ նրանց հարակից շրջանակներում փիլիսոփայի համարում ունի։



Վարդան Պետրոսյանի վերջին  բեմադրության՝ "Ճակատագրի կատակների" պրեմիերան եղել է հուլիսին, այս անգամ ճակատագրի կատակով՝ մայր թատրոնում։ Օգոստոսին նույնպես սպասվում են ներկայացումներ։ Իսկ աշնանը Վարդան Պետրոսյանը հանդես կգա նոր բեմադրությամբ՝ "Վարք Հայաստանի", որը պատրաստվում է ներկայացնել համալսարաններում։ "Սա ուրիշ տիպի թատերական ակցիա է, տոմս չի վաճառվելու"։ Զարմանալի է, որ կոմերցիոն թատրոնի հատուկենտ ներկայացուցիչներից մեկը որոշել է հանդես գալ նման նախաձեռնությամբ։ Հավանաբար այդպիսով Վարդան Պետրոսյանը փորձում է լրացնել մշակութային քաղաքականության բացը, որ կա մեր երկրում։