Մեդվեդեւ. Պուտինի հետ մեր հարաբերություններն արմատապես փոխվել են

Մեդվեդեւ. Պուտինի հետ մեր հարաբերություններն արմատապես փոխվել են




Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սոչիում հանդիպում է անցկացրել լրագրողների հետ: Պատասխանելով գալիք նախագահական ընտրությունների մասին հարցին` երկրի ղեկավարն ասել է, որ դեռևս չգիտի, թե ով կառաջադրվի այդ պաշտոնում 2012 թվականին: Այս մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":



"Դա կարող է լինել Մեդվեդևը, կարող է լինել Պուտինը, իսկ կարող է ինչ-որ երրորդ մարդ լինել",- ենթադրել է նա: "Ամեն դեպքում անհրաժեշտ է այդ մասին մտածել",- կարծիք է հայտնել ՌԴ նախագահը: Իսկ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա քարոզարշավի ժամանակ կմրցակցի ներկայիս վարչապետի հետ, Մեդվեդևն ասել է. "Չէի ուզի, որ մտերիմ ուժերի միջև պայքար ծավալվեր, դա երկրի համար վատ կլինի": ՌԴ նախագահն անսպասելիորեն մանրամասն պատասխանել է նաև այն հարցին, թե փոխվել են արդյոք իր հարաբերությունները վարչապետ Պուտինի հետ վերջին երկու տարիների ընթացքում: "Մի կողմից մեր հարաբերություններն ընդհանրապես չեն փոխվել, իսկ մյուս կողմից փոխվել են արմատապես... Ես այն ժամանակ այնքան էլ չէի հասկանում, երբ նա պատմում էր ինձ, որ նախագահի պաշտոնում մարդը փոխվում է,- խոստովանել է երկրի ղեկավարը,- բայց իրոք կյանքի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է":



"Այդ է պատճառը, որ մեր ներկայիս հարաբերությունները նախկին և ներկա նախագահների հարաբերություններ են, ինչն անհնար է հաշվի չառնել",- ավելացրել է Մեդվեդևը: Նրա խոսքերով "մենք միշտ "դու"-ով ենք եղել իրար հետ, բայց երբ նա դարձավ նախագահ, ես սկսեցի նրա հետ շփվել "Դուք"-ով, այնպես, ինչպես ինքը, երբ ես դարձա նախագահ":