Լիբանանն ու Իսրայելը կրակում են իրար

Լիբանանն ու Իսրայելը կրակում են իրար
Լիբանանի և Իսրայելի զորքերը փոխհրաձգություն են սկսել 2 երկրների սահմանին։ Այս մասին այսօր հայտնել են իսրայելական ռադիոկայանները և լրատվական կայքերը՝ վկայակոչելով բանակի իրենց աղբյուրները։



Հաղորդվող տեղեկատվության համաձայն՝ իսրայելական զրահամեքենան գնդակոծել է Լիբանանի տարածքներն այն բանից հետո, երբ մի քանի հրթիռ կամ ական է ընկել Իսրայելի հյուսիսում։ Իրենց հերթին լիբանանցիները պատասխանել են հրետանային կրակոցներով։

"Թերթի" հաղորդմամբ, դեպքի մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել։



Իսրայելի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կիրյատ–Շմոն ու Կֆար–Գիլադի հյուսիսային բնակավայրերում մի քանի պայթյուն է եղել։ «Մենք ենթադրում ենք, որ գնդակոծություն է տեղի ունեցել, սակայն թե որտեղ են ընկել ռումբերը, դեռ հայտնի չէ»,–ասել է ոստիկանության մամուլի խոսնակը։



Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, մեկ լիբանանցի զինվոր և մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել են իսրայելական զրահամեքենայի արձակած արկի պայթյունից, իսկ Ալ–Մանար հեռուստաալիքը հայտնել է մեկ իսրայելցու մահվան մասին։ Սակայն Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Տեղեկություններ կան նաև, որ լիբանանյան կողմից 3 մարդ է զոհվել։