Նաիրի Բադալյանի հայցերը մերժեցին

Նաիրի Բադալյանի հայցերը մերժեցին
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ, օրերս  մերժել է Նաիրի Բադալյանի բողոքը, որը վերաբերում էր իր հանդեպ 1999-2010 թվականներին իրականացված խոշտանգումների եւ քաղաքական հետապնդման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնված քրեական գործը կարճելու որոշմանը: Ն. Բադալյանից տեղեկացանք, որ չնայած մի քանի օր է անցել, սակայն ինքը չի կարողանում դատարանից ստանալ որոշման տեքստը, որպեսզի կարողանա այն վերաքննության կարգով բողոքարկել վերաքննիչ քրեական դատարան:



Ուշացման մեջ Ն. Բադալյանը հատուկ միտում է տեսնում, քանի որ, ըստ նրա, դատարանին հայտնի է, որ ինքն օգոստոսի 12-ին մեկնելու է Հայաստանից, եւ դրանով փորձում են արհեստական խոչընդոտ ստեղծել վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում դատարան ներկայացնելու հարցում: Ինչ վերաբերում է դատարանի վճռի բովանդակությանը, ըստ Ն. Բադալյանի, դատարանը որպես այդպիսին՝ դատաքննություն ընդհանրապես չի անցկացրել, որեւէ հանգամանք կամ ապացույց չի հետազոտել եւ դրանով խախտել է ՀՀ Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներով եւ Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային կոնվենցիաներով սահմանված "իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի" եւ "արդար դատաքննության" իր իրավունքները: Ըստ Ն. Բադալյանի, դատարանը դա արել է այն պատճառով, որ քրեական գործի նյութերում բազմաթիվ են ապացույցներն այն մասին, որ իր դեմ քրեական օրենսգրքով արգելված արարքների անմիջական պատասխանատուներն են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, նախկին ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը եւ նրա հարազատ մորաքրոջ որդին՝ Մանուկ Միքայելյանը, նախկին եւ ներկա գլխավոր դատախազներ Բորիս Նազարյանը, Արամ Թամազյանը եւ Աղվան Հովսեփյանը: "Հայաստանը, դժբախտաբար, դեռ այն երկիրը չէ, որ պետական իշխանության լծակների մոտ գտնված մարդիկ, անգամ եթե այսօր նրանք նախկին են, հայաստանյան դատարանների կողմից պատասխանատվության ենթարկվեն իրենց իշխանության օրոք կատարած քրեորեն հետապնդելի արարքների համար",- հայտարարում է Ն. Բադալյանը: