Սկզբում ձուն, հետո՝ հավը

Սկզբում ձուն, հետո՝ հավը
Վերջին օրերին Երեւանի խանութներում տեղական եւ ներկրված թռչնի միսը թանկացել է 5-10 տոկոսով: Երեւույթը կապում են ձվի շուկայում նոր մոնոպոլիստի՝ "X գրուպի" սեփականատեր Խաչատուր Խաչատրյանի հայտնվելու հետ: Մյուս բացատրությունը կերի թանկացումն է: Ըստ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի, մեկ ամսում շեշտակի ավելացել է եւ ֆուրաժային ցորենի, եւ եգիպտացորենի գինը: Օրինակ, Ուկրաինայից ներկրվող եգիպտացորենի տոննան 1 ամիս առաջ արժեր 330 ԱՄՆ դոլար, այժմ՝ 440: Անասնակերի հենց այս տեսակով է կերակրվում թռչունների 45 տոկոսը:



Ինչեւէ, առաջին վարկածն ավելի հավանական է թվում, քանի որ վերջին երկու ամսվա ընթացքում ձվի շուկայի հետեւողական դեմպինգի պայմաններում բազմաթիվ թռչնաբուծարաններ օրական վնասներ էին կրում եւ ստիպված եղան մորթել թռչնաքանակը: Փոքր տնտեսությունները, չունենալով սառնարաններ, ստիպված էին թռչնի միսը մինիմալ գներով վաճառել խոշորներին: Տեղական հավի մսի կիլոգրամի գինը իջնում էր մինչեւ 250 դրամ: Այնպես որ, ներկայում Հայաստանի մոտ տասը մանր թռչնաբուծարաններն այժմ թռչուն չունեն եւ գտնվում են սնանկացման եզրին: Իսկ մի քանի խոշոր ձեռնարկությունների պահեստներում թռչնամսի մեծ պաշարներ են կուտակվել:



Հիշեցնենք, որ կառավարությունն անցյալ տարի հարկային լուրջ արտոնություն տվեց թռչնի միս արտադրող եւ նույն ԵԹՖ-ի տիրոջը՝ նոր մոնոպոլիստ Խաչատուր Խաչատրյանին պատկանող "Արաքս" թռչնաֆաբրիկային: Մինչեւ 2012 թվականը այս ձեռնարկությունն ազատվեց ավելացված արժեքի հարկից: Այս հանգամանքները հաշվի առնելով` մսի թանկացումը անհասկանալի եւ կասկածելի է թվում: Պատահական չէ, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ ուսումնասիրություն սկսեց թռչնի մսի շուկայում: Նկատի ունենալով ձվի հետ կապված վարույթի ծիծաղաշարժ արդյունքները, կարելի է ենթադրել, որ ՏՄՊՊՀ ներկա վարույթը նույնպես ձեւական է լինելու: