Հիլարի Քլինթոնի ձոներգը Գաֆեսճյանին

Հիլարի Քլինթոնի ձոներգը Գաֆեսճյանին
Հուլիսի 5-ին Հայաստան այցելած ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն ամենից շատ տպավորվել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնով: Նա երեկ նամակ է ուղղել Գաֆեսճյան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանին` իր շնորհակալությունը հայտնելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումն իրենց սրահում կազմակերպելու համար:  Ուշագրավն այն է, որ  ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանում ունեցած բազմաթիվ ջերմագին հանդիպումներից ու ընդունելություններից երախտիքի խոսքերը գերադասել է ուղղել արվեստի կենտրոնին:



"Կենտրոնը հիասքանչ վայր է եւ Հայաստան-ԱՄՆ համագործակցության հրաշալի խորհրդանիշ: Գաֆեսճյան քանդակների պարտեզ եւ Առաջին սրահ կատարած շրջայցը իմ երեւանյան այցելության ամենատպավորիչ պահերից էր", - ասված է Հիլլարի Քլինթոնի նամակում: Հետաքրքիր է՝ եթե տիկին Քլինթոնն իմանար, թե մեծ բարեգործն ինչպես վարվեց իր կենտրոնում շինարարություն իրականացնող կազմակերպության հետ, դարձյա՞լ նույնչափ կտպավորվեր: Հիշեցնենք, որ անցած տարի արվեստի այս կենտրոնում շինարարություն իրականացնող ընկերությանը չէին վճարել եւ լուրջ տարաձայնություններ ունեին: Թե ինչպես լուծվեց հարցը՝ հայտնի չէ:  Արվեստի կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Աննա Սիմոնյանի փոխանցմամբ, այժմ ոչ մեկի հետ տարաձայնություն չունեն, իսկ հին տարաձայնությունը ներքին խնդիր է. "Ինչպես տեսնում եք, այս պահին ոչ մի հայցեր ու խնդիրներ չունենք": Մեր հարցին, թե ի վերջո գումարը վճարվե՞լ է, նա ասաց. "Այդ հարցերը չեմ մեկնաբանելու, որովհետեւ ներքին խնդիր է":