Գյուլն Ադրբեջան կմեկնի օգոստոսի 16-ին

Գյուլն Ադրբեջան կմեկնի օգոստոսի 16-ին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով կայցելի Բաքու օգոստոսի 16-ին:



Այցի ընթացքում նախագահը ադրբեջանական կողմի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտությունն ու մի շարք երկկողմ փաստաթղթեր, Trend-ին հայտնել են Ադրբեջանում այդ երկրի դեսպանատնից:



Tert.am-ը հշեցնում է, որ թուրքական մամուլում երեկվանից շրջանառվում էր տեղեկություն, որի համաձայն, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն օգոստոսի 9-ին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան: Այդ տեղեկությունը, մասնավորապես, տարածել էին թուրքական Milliyet օրաթերթն ու Ankara գործակալությունը:



Milliyet պարբերականն այդ տեղեկությունը տարածել էր` հղում կատարելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգոստոսի 8–ի հայտարարությանը Աֆյոնքարահիսարում տեղի ունեցած հանրահավաքում:Էրդողանը, հայտարարելով, որ Թուրքիայի բարձրագույն խորհրդում ծագած տարաձայնությունների առնչությամբ համաձայնություն է ձեռք բերվել կառավարության և բանակի միջև, նշել էր, որ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և ցամաքային զորքերի հրամանատարի թեկնածությունները հաստատվելու են նույն օրը, քանի որ Գյուլը հաջորդ օրը, այսինքն՝ օգոստոսի 9-ին, Գյուլը պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան:



Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցներին, դրանք մինչև հիմա լռում էին: Եվ միայն րոպեներ առաջ APA գործակալությունն առանց հղման հաղորդեց, որ Գյուլի այցը Բաքու նախատեսված է օգոստոսի 16-ին:



Ադրբեջանական գործակալությունը տեղեկացնում է, որ Աբդուլլահ Գյուլի այցելության ընթացքում քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, երկկողմ այցագրային ռեժիմի վերացման, ինչպես նաև էներգետիկ բնագավառի և տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը նույնպես հայտարարել էր, որ Գյուլի այցելության ընթացքում քննարկվելիք հիմնական հարցերից մեկն է լինելու ղարաբաղյան հակամարտությունը:



«Դա տարածաշրջանի ընդհանուր խնդիրն է, այդ թվում`Թուրքիայինը: Բոլորը պետք է հասկանան և հաշտվեն այն մտքի հետ, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտությունը դիտում է որպես իր ազգային հարց»,- ասել էր թուրք դիվանագետը` ընդգծելով, որ Գյուլի այցելության կոնկրետ օրն առայժմ հայտնի չէ: