Մինչեւ չմտնենք ռուսի լծի տակ, Հայաստանը դզվող չի

Մինչեւ չմտնենք ռուսի լծի տակ, Հայաստանը դզվող չի
Վերջին օրերին հայաստանյան լրատվամիջոցները ողողված են ՌԴ նախագահի պետական այցին վերաբերող հրապարակումներով: Այցի նպատակների ու մեր երկրի համար ունենալիք նշանակության շուրջ բանավիճում են ոչ միայն քաղաքագետներն ու վերլուծաբանները, այլեւ հասարակ քաղաքացիները: Շուկաներում, կանգառներում, երթուղային տաքսիներում կամ պարզապես փողոցով անցնելիս այս օրերին հաճախ կարելի է լսել քննարկումներ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների ու Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման մասին: Շուրջբոլորը ռազմավարական դաշնակիցների դրոշներն են՝ կողք-կողքի, կենտրոնական փողոցներում՝ սովորականից շատ ոստիկաններ, որոնք, այսպես ասած՝ "մաքրազարդում" են տեղանքը:  Հանրապետության հրապարակում իր շարժական տաղավարի առջեւ անխռով նստած՝ փուչիկ վաճառող պապիկին, օրինակ, հրահանգել էին, որ մինչեւ երեկոյան ժամը 9-ը տարածքն ազատի, որովհետեւ նախագահները շրջելու են հրապարակում: Իրականում կզբոսնե՞ն "երգող" շատրվանների շուրջ նախագահները, էական չէ, էականն այն է, որ ժողովուրդը՝ խորհրդային նոստալգիայով պարուրված, սրտի թրթիռով սպասում է գերտերության ղեկավարին եւ անկեղծ հույս փայփայում, թե Հայաստանի  "մեծ եղբայրը" մեր բոլոր խնդիրները միանգամից կլուծի:



"Էս այցը մեր երկրին շատ բան կտա: Էնքան բան կտա, որ գոնե Հայաստանում օրենքն ու կարգուկանոնը կվերականգնվի, ոչ մի օրենք, կարգուկանոն չկա այս երկրում",-մեզ հետ զրույցում իր ակնկալիքներն այսպես ներկայացրեց 70-ն անց մի քաղաքացի: "Շատ հպարտ ենք, որ այսպիսի բան է տեղի ունենում: Այո, ռուսի հետ մեր փոխհարաբերությունները դարեդար եղել են ու միշտ էլ կլինեն: Ես օպտիմիստ եմ, ռուս ազգը մեր աջ թեւն է: Ես հպարտ եմ, որ մեր ռուս բարեկամը միշտ մեր հետ է, մենք պարտավոր ենք ռուս ազգի հետ միշտ ջերմ հարաբերություններ ունենալ",-ասաց զրուցակիցներիցս մյուսը՝ վաստակավոր դոնոր 56-ամյա Վլադիմիր Պետրոսյանը՝ հիշելով Խաչատուր Աբովյանի հայտնի տողերը օրհնված սհաթի մասին:



Երրորդն էլ թե. "Ես շատ ուրախ եմ, որ պրեզիդենտը գալիս է Հայաստան, ես դրանհավանություն եմ տալիս, Ռուսաստանը պետք է միշտ մեզ հետ լինի: Մենք փոքր պետություն ենք եւ մուսուլմանական երկրներով  ենք շրջափակված, եթե Ռուսաստանը չլինի, նրանք մեզ կուտեն": Հաջորդ զրուցակիցս ինձ հանդիպած այն հատուկենտ քաղաքացիներից էր, որոնք առանձնապես մեծ հույսեր չեն կապում Ռուսաստանի նախագահի հետ: "Ոչ մի  դրական բան ես չեմ սպասում, քանի որ լուծվելու է Ղարաբաղի հողերի հարցը: Ուժեղ երկրների մոտ միշտ թույլերն են մեղավոր,  ուրիշ ոչ մի բան: Իհարկե, դրական արդյունքներ էլ կլինեն, բայց ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, չեմ կարծում, որ ի օգուտ մեզ մի բան լինի",-ասաց նա:



"Օգուտ կլինի այն ժամանակ, երբ մեր  դրամը դառնա ռուսական փող: Մինչեւ Հայաստանը չմտնի Ռուսաստանի լծի տակ, Հայաստանը դզվող չի՝ էդ ժամանակ պաշտպանված կլինենք: Հիմա պադպոլնի էլի լծի տակ ենք, բայց որ օրենքով լինի դա, լրիվ լավ կլինի: Խորհրդային Միության ժամանակ ո՞վ կարար մեզ մի վատ բան ասեր",-ահա այսպիսի կարծիք էլ լսեցի ու երբ քաղաքացուն հարցրի՝ "բա մեր անկախությո՞ւնը", պատասխանեց. "Բայց ի՞նչն ա հիմա անկախ, եթե անկախ ենք, ինչի՞ համար են էս պետությունները գալիս մեր հարցերը լուծելու, էդ ի՞նչ անկախություն ա": Իսկ երբ զրուցակցիս խնդրեցի ներկայանալ, կես կատակ-կես լուրջ ասաց. "Ներկայանամ, որ բռնեն-տանե՞ն":