Ուսուցչի երդումը կիսագրագետ տեքստով

Ուսուցչի երդումը կիսագրագետ տեքստով
Երբ ամիսներ առաջ տարածվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի ողջույնի ուղերձը՝ հղված հանրակրթական դպրոցների շրջանավարտներին, դեռ այն օրերին սաստիկ զարմացրեց փոքրիկ այդ տեքստի ակնհայտ անգրագիտությունը: Անգրագիտություն, որի մեղավորը եթե նույնիսկ անձամբ նախարարն էլ չէր, ապա գոնե այս գերատեսչության մի ստորաբաժանումն էր, որը պատասխանատու պիտի լիներ իր նախարարի շուրթերից հնչող յուրաքանչյուր պաշտոնական խոսքի համար: Այսօր ահա լրատվամիջոցների էջերին է նույն նախարարի հաստատած «Հայ ուսուցչի երդման» տեքստը, որ առաջիկա սեպտեմբերի 1-ին եւ հետայսու բոլոր սեպտեմբերի 1-երին պիտի հնչեցվի հայաստանյան դպրոցներում: Եվ ինչպես ուղերձի հրապարակման օրերին, հիմա էլ հայ բանասերիս ուղեկցում են նույն խորագույն զարմանքն ու ամոթը անչափ բարձր ատյաններում մշակված այսչափ կիսագրագետ խոսքի համար: Կիսագրագիտություն, որ նախարարական հրամանով պարտադիր հնչեցման զորություն էլ ունի:



Առաջին բանը, որ աչքի է զարնում փոքրիկ այս տեքստում, ածականների առատությունն է, ինչը, գրության բնույթը (երդման) ի նկատի ունենալով, կարելի էր միանգամայն արդարացված համարել, վերամբարձությունն էլ՝ հասկանալի, եթե տեքստը չլիներ նկատելիորեն անգրագետ:



Ռուսերենի հարատեւ ու անթոթափելի ազդեցությունն է պատճառը, որ տեքստում երկու անգամ կրկնվում է «ամեն ինչ անել, որպեսզի...» քերականական կառույցը` բառացի պատճենը ռուսերեն համարժեք արտահայտության, որի դեմ տասնամյակներ շարունակ, բայց, ինչպես երեւում է` ապարդյուն, պայքարեցին Մայա Ավագյանն ու Լեւոն Հախվերդյանը, Հենրիկ Հովհաննիսյանն ու Արտեմ Սարգսյանը: Եվ հիմա հայ ուսուցիչը պիտի ջանա «ամեն ինչ անել, որպեսզի...» («ամեն ինչ անել, որ...»-ի փոխարեն), եւ գլուխը քարը, որ այդ ուսուցիչների մեջ մեկը չէ, տասը չէ, հազարնե՛րը կնկատեն ստրկապատճեն այս խոսքի ոչ հայեցիությունը. գլուխը քարը, քանի որ մեր նախարարն արդեն ստորագրել է հայրենաշունչ այս տեքստը, ստորագրել է՝ ի փառս ռուսամտածության եւ ի գովս կիսագրագիտության:



Երդմնական խանդավառության մեջ տեքստի հեղինակները չեն նկատել կետադրական կոպիտ սխալը առաջին իսկ նախադասության մեջ. «Ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության պատասխանատու եւ պատվաբեր ճանապարհը, հանդիսավոր երդվում եմ...»: Կրթության (գիտությանը մի կողմ թողած) նախարարության որեւէ լեզվագետ պաշտոնյա կարո՞ղ է բացատրել «ես» բառի վրա դրված բութի «օրինականությունը», ապա նաեւ պարզաբանել՝ ի՞նչ է նշանակում «պատասխանատու ճանապարհ»: Իսկ թե ինչպե՞ս  «ճանապարհը» կարող է լինել «պատասխանատու», հուսամ, գիտեն գոնե նախարարության պատասխանատուները, մասնավորապես այս տեքստի պատասխանատուն:



Երդմնական զմայլանքի մեջ հայ ուսուցիչը երդվելու է իր «ստացած գիտելիքները» («ստացա՞ծ») նվիրել ոչ թե մատաղ սերնդին կամ երեխաներին, ինչպես ենթադրվում է բնականորեն, այլ՝ «երեխաների կրթության եւ դաստիարակության... գործին»: Պատկերացնո՞ւմ եք՝ «գիտելիքները» նվիրվում են «գործին»: Այո, անպարագիծ է հայ ուսուցչի նվիրումը. նրա համար բնավ կարեւոր չէ իր գիտելիքը ում կամ ինչին է նվիրում, միայն թե նվիրի: Բայց սպասեք: Հայ ուսուցիչը տվյալ «գործին» էլի՛ նվիրելու բան ունի՝ իր «հոգու ջերմությունը»՝ «ամբողջությամբ»: (Այսքանից հետո ինչպե՞ս է, որ  տասնյակ հազարավոր հոգիների ջերմությամբ չի «ջերմանում» հայ ուսուցչի նվիրական «գործը»՝ կրթությունն ու դաստիարակությունը: Ոչ միայն չի ջերմանում, այլեւ մնում է այսքա՛ն աղետալի, այսչա՛փ ողբալի վիճակում: Էլ ինչո՞ւ ենք նախարարական առաջնորդությամբ ընկնում օտար դռներ ու ջրեր եւ մեր հանրակրթության թերիները փորձում «շտկել» օտար դպրոց ու կրթություն ջատագովելով, բա չե՞նք լսում ինչե՜ր է խոստանում-երդվում հայ ուսուցիչը): Տեքստի հեղինակը, կանխատեսելով, որ երդման հուզական ծանրաբեռնվածությունը «երդվու՜մ եմ»-ից «երդվու՜մ եմ» (կրկնվում է հինգ անգամ) կարող է այնքան մեծանալ, որ խեղճ երդվողը միայնակ չկարողանա դիմանալ ստանձնվող ծանրությանը, շուտով մանկավարժական «օգնական ուժեր» է հրապարակ իջեցնում, եւ «երդվում եմ»-ը հընթացս դառնում է «երդվո՜ւմ ենք» («Երդվում եմ` ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ: Երդվո՛ւմ ենք»): Ի դեպ, նկատել տանք տեքստի հեղինակի ջանադրությունը՝ թեկուզ կրկնաբանությամբ, բայց անպայման պարզորոշ դարձնել հայ ուսուցչի ձգտումը՝ «...երկրի համար դաստիարակել... հայրենասեր... քաղաքացիներ»: «Հայրենասեր» բառից կարծես «երկիր» չի ենթադրվում, կարիք է եղել ասելու՝ «մեր երկրի համար»: Եվ տեքստը անհարկավոր ու «հանդիսավոր» բառերով բառախեղդ անելու այս ճիգը նկատելի է առաջին նախադասությունից մինչեւ վերջինը: Տեքստի հեղինակն այնքան էլ խորամուխ չէ բառերի իմաստների մեջ: Նրա համար, օրինակ, գրեթե նույնիմաստ են «պատվավոր» եւ «պատվաբեր» բառերը: Մինչդեռ դրանք շատ տարբեր են, այնքա՛ն, որ չի կարելի մեկը մյուսի փոխարեն գործածել: Հայ ուսուցիչը պիտի ընտրի ո՛չ թե «պատվաբեր» («ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության չափազանց պատասխանատու եւ պատվաբեր ճանապարհը...»), այլ «պատվավոր» ճանապարհը, քանզի «պատվաբերը» շահախնդրական եւ անձնապաստան իմաստ  ունի (ուսուցիչն այդ ճանապարհը կարծես ընտրում է, որովհետեւ իրեն պատիվ է բերելու), մինչդեռ «պատվավոր»-ը բնորոշում է ճանապարհն ինքնին:



Վերջում երդման տեքստի հեղինակին եւ տեքստը հրամանով հաստատած նախարարին հիշեցնենք, որ հայ դպրոցի եւ հայ ուսուցչի հիմնական առաքելությունը հիրավի գրագետ սերունդ աճեցնելն է, բայց դրա համար կիսագրագետ երդումները հազիվ թե օգնեն:



Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ