Սահմանափակ տեղեր Մեդվեդեւ-Սարգսյան շոուում

Սահմանափակ տեղեր Մեդվեդեւ-Սարգսյան շոուում
Մեդվեդեւ-Սարգսյան համատեղ ասուլիսին ներկա գտնվելու համար Հայաստանում հաստատված շատ կոնկրետ որակներ պիտի ունենա լրագրողը: Ընդդիմադիրներն ու անկախներն այդ որակները չունեն, ուստի նրանցից ոչ մեկին չի հաջողվել ձեռք բերել ոչ կայսրի ու նրա վերակացուի ասուլիսին ներկա գտնվելու, ոչ էլ ՀԱՊԿ գագաթաժողովը լուսաբանելու ուղեգիր: Մեդվեդեւի այցի նախօրեին մենք զանգեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի վարչություն՝ ճշտելու, թե քանի ժամ առաջ կարող ենք գնալ հանդիպման վայր, ու երբ է լինելու ասուլիսը:



Ճշտելու, որովհետեւ նախագահականում հավատարմագրված ենք: Մեզ ասացին, որ ասուլիսին մասնակցելու համար պետք էր հատուկ հավատարմագրվել, ու, թարսի պես, մի քիչ ուշացել ենք, որովհետեւ մեկ օր առաջ պիտի զանգեինք: ՀԺ-ն էլ, կրկին թարսի պես, ոչ թե մեկ օր, այլ մի քանի օր առաջ էր դիմել նույն վարչությանը, ընդ որում՝ գրավոր, ու ստացել հետեւյալ պատասխանը. "Առաջնայնությունը տրվել է ՀՀ նախագահի աշխատակազմում 2010 թվականի համար ըստ կարգի հավատարմագրված լրատվամիջոցներին": Բայց մենք հավատարմագրված ենք եղել "ըստ կարգի": Մյուս ընդդիմադիր եւ անկախ լրատվամիջոցներն էլ կամ արձակուրդում են, կամ էլ, գիտենալով գլխների գալիքը, չեն էլ դիմել:



Երեկ մենք փորձեցինք ճշտել, թե այնուամենայնիվ քանի լրատվամիջոց է "ըստ կարգի" հավատարմագրվել, քանիսն են տեղական, քանիսը արտերկրից ու ի՞նչ "ըստ կարգիով" է նրանց տրվել առաջնայնություն ու ինչո՞ւ է սահմանափակվել ԶԼՄ-ների քանակը՝ "տեղի սղության պատճառով", ինչպես նշել էին ՀԺ-ին տված պատասխանում: Սովորության համաձայն՝ մեզ խորհուրդ տվեցին հարցերն ուղարկել գրավոր՝ [email protected] հասցեով: Ի դեպ, քանի որ սա նաեւ հասարակայնության հետ կապերի վարչություն է, հասարակայնությանը խորհուրդ ենք տալիս հարցեր ուղղել այս հասցեով:



Իսկ մենք հարցերը չենք ուղարկի, որովհետեւ մինչեւ պատասխանները գան, եթե իհարկե գան, այդ տեղեկությունն արդեն պետք չի լինի: Նախագահի ու մյուս ապարատների դռները հսկող առասպելական արարածները, քաջ գիտենալով, որ տեղեկությունը, ինչպես լրագրողներն են ասում՝ շուտ փչացող ապրանք է, ամեն ինչ անում են, որպեսզի խափանվի նույնիսկ ամենապաշտոնական ու անշառ լուրը ստանալու՝ իրենց հսկողությունից դուրս աշխատող լրագրողների հնարավորությունը: Թեպետ նրանց էլ կարելի է հասկանալ: Բնական չէ՞, որ "իրենց հետ չաշխատող" լրագրողները կարող են այնպիսի հարցեր տալ, որոնք անհարմարություն կպատճառեն ընդունող կողմին ու կփչացնեն խնամքով կազմակերպված շոուն: