Հատուկ դպրոցն, այնուամենայնիվ, կփակվի

Հատուկ դպրոցն, այնուամենայնիվ, կփակվի
Թեեւ թիվ 18-ի տնօրեն Ծովինար Գեւորգյանը աջ ու ձախ հայտարարում է, որ առաջին տիկնոջ հետ ունեցած իր կապերի շնորհիվ ինքը փրկեց դպրոցը, սակայն պարզվում է` անգամ առաջին տիկնոջ այցը չփրկեց հատուկ դպրոցը լուծարումից: ԿԳՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը մեզ հայտնեց, որ լուծարման որոշում, որպես այդպիսին, դեռ չի կայացվել, բայց "Կրթության եւ գիտության նախարարը երեկ "Շանթի" եթերում ասաց, որ կլինի դպրոցի լուծարում եւ վերակազմակերպում: Դպրոցը կդառնա "Փոքր Մհեր" կրթահամալիրի այդ թեքումով մասնաճյուղ": Ա. Բաղդասարյանից տեղեկացանք նաեւ, որ թիվ 18 հատուկ դպրոցի երեխաների մի մասը կտեղավորվի Նուբարաշենի հատուկ դպրոցում, իսկ ովքեր այդ կարգավիճակին չեն համապատասխանում, արդեն տեղավորվում են այլ դպրոցներ: Հիշեցնենք, որ այս դպրոցում վարքի շեղումներով երեխաներ էին սովորում եւ ապրում, սակայն նրանց կյանքի եւ ուսման համար տարրական պայմաններ չկային, եւ նրանք անարգել, անգամ ուսուցչական կոլեկտիվի եւ մասնավորապես տնօրենի դրդմամբ էին զբաղվում օրինախախտումներով: