Արձագանքում են "Հրապարակին"

Արձագանքում են "Հրապարակին"
Անցնող շաբաթը եւս, չնայած ամառվա տապին, լի էր իրադարձություններով եւ մեր հրապարակումներին ուղղված բուռն արձագանքներով: Ինձ հատկապես հաճելի էր մի հոդվածաշարի հետ կապված արձագանքը, որը տպագրելուց առաջ մտավախություններ ունեի: Կարծում էի սխալ է օրաթերթում շարունակաբար տպագրել մեծ գրական գործ: Սակայն պարզվեց, որ մեր թերթի վեց համարներում տպագրվող "Ուզվորը" պատմվածքը՝ Համբարձում Համբարձումյանի հեղինակությամբ, զարմանալի շատ ընթերցողներ ունի: Մարդիկ, որոնք բաց էին թողել այդ վեց համարից մեկն ու մեկը, անգամ դիմում էին խմբագրություն՝ այն ընթերցելու խնդրանքով: Սա վկայում է այն մասին, որ ինչ-որ խավ, այնուամենայնիվ, գրականություն ընթերցելու պահանջ ունի: Ճիշտ է՝ գիրք գրեթե չեն գնում գրախանութներից, չեն կարդում, սակայն երբ նրանց մատուցվում է իրենց հարմար ձեւով՝ ամենօրյա թերթում, կարդում են: Սա նշանակում է, որ մեզանում գրական մամուլի պակաս կա, եւ լավ ձեւավորված, ճաշակով ու հետաքրքիր գրական պարբերականն անպայման կունենա իր ընթերցողը: Այս առումով կարելի է միայն ափսոսալ, որ ժամանակին մեծ հեղինակություն վայելող "Գարուն" ամսագիրն ու "Գրական թերթը", կորցրել են իրենց ընթերցողին եւ փակման եզրին են, չնայած կա Գրողների միություն, մշակույթի նախարարություն, ստեղծագործող անձանց մեծաթիվ բանակ եւ վերջապես՝ պետություն:



Այս շաբաթվա մյուս արձագանքները վերաբերում էին մարզերի մասին հրապարակումներին: Ընդհանրապես, մեր տպագիր մամուլը դարձել է երեւանյան՝ մարզերի խնդիրներին գրեթե չենք անդրադառնում: Իսկ եթե անդրադառնում ենք, ապա միայն այն ժամանակ, երբ Երեւանից բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում մարզ: Այնպես որ, մարզերի կյանքը, տեղական ինքնակառավարման մարմինների եւ տարբեր կառույցների աշխատանքը դուրս են մնացել մեր ուշադրությունից, իմա՝ քննադատությունից: Իսկ մարզերում երբեմն չինովնիկներն ավելի լկտի ու անպատիժ են, քան Երեւանում: Այնպես որ, ցանկացած անդրադարձ մարզային կյանքին մի կողմից բուռն վրդովմունք է առաջացնում մարզի չինովնիկության մեջ, մյուս կողմից՝ մեծ երախտագիտություն բնակչության շրջանում:



Այս շաբաթվա մեր հրապարակումները՝ մեկը նվիրված Արագածոտնի մարզին ու նրա մարզպետի գործունեությանը, մյուսները՝ Լոռու մարզին, նման արձագանք ունեցան: Հետաքրքիրը Արագածոտնի մարզպետի մասին հրապարակման արձագանքն էր՝ մարդիկ զանգում էին եւ առանց ներկայանալու շնորհակալություն հայտնում, որ վերջապես "մի թերթ" գրում է այդ մասին: Ասում էին՝ դեռ քիչ եք գրել, գիտեք ինչե՜ր է անում... Իսկ Լոռու մարզին վերաբերող մեր երկու հրապարակումները վերաբերում էին Վանաձորի աղբի խնդրին: Մեր թղթակցի ուղարկած երկու ռեպորտաժներից մեկը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի մասին էր, մյուսը՝ ծայրամասային թաղամասի, որն աղբավայրի է վերածվել: Ցավոք, երկու ռեպորտաժների լուսանկարները շփոթությամբ մեկը մյուսի փոխարեն էին տպագրվել, ինչը "խիստ վրդովեցրել" էր Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք "հերքում" էին պահանջում: Աղբը կար, լուսանկարն արվել էր նույն քաղաքում, մենք կարող էինք անգամ այդ նյութի հետ լուսանկար չունենալ եւ մի սիմվոլիկ "աղբակույտ տեղադրել" թերթում, ինչը երբեմն անում ենք: Իսկ թե ինչ էին ուզում հերքել Լոռվա չինովնիկները, այդպես էլ չհասկացանք:



Եվ վերջապես, մենք քանիցս անդրադարձել ենք թիվ 18 հատուկ դպրոցին, որի վիճակն այլ կերպ, քան աղետալի, հնարավոր չէ անվանել: Նախորդ չորեքշաբթի հանրապետության առաջին տիկինն այցելել էր այդ դպրոց, ինչը շատերն ընկալել էին որպես տնօրենին ուղղված հովանավորչական քայլ: Ինքը՝ տնօրենը հայտարարել էր, թե դպրոցի լուծարման հարցը փակված է, անձամբ տիկին Ռիտան է այդպես կամենում: Եվ թերթն անդրադարձել էր նախագահի տիկնոջ նման անմտածված քայլին: Սակայն մենք հաճելիորեն զարմացանք, երբ նախարարությունից տեղեկացանք, որ տկն Ռիտան այցից հետո չի փորձել միջամտել բնական գործընթացին եւ ճնշումներ չի գործադրել. կրթության եւ գիտության նախարարությունում այս դպրոցը փակելու մասին որոշումը գրեթե վերջնականորեն կայացված է: Անշուշտ, այն դպրոցը, որտեղ ուզում են տեղափոխել 18-ի երեխաներին՝ "Փոքր Մհեր" կրթահամալիրը, եւս բարի համբավ չունի, եւ նրա հետ նույնպես կասկածելի պատմություններ են կապված, որոնց մենք առաջիկայում կփորձենք անդրադառնալ: Սակայն թիվ 18-ը փակելու հանգամանքն արդեն իսկ ուրախալի է, եւ կարծում ենք՝ այստեղ փոքր չի եղել մամուլի ու մասնավորապես մեր թերթի մասնակցությունը:



Ցավոք, շաբաթվա մյուս արձագանքներին անդրադառնալ չհաջողվեց: Սպասում ենք ձեր հեռախոսազանգերին ու նամակներին: