Մարդիկ համաձայն են անգամ փողոց ավլել

Մարդիկ համաձայն են անգամ փողոց ավլել
Օրերս Իջեւանում կայացած աշխատանքի տոնավաճառը Տավուշի մարզի բնակչության շրջանում թե հակասական կարծիքներ է առաջացրել, թե հույս` աշխատանք գտնելու: Ըստ մեր տեղեկությունների, տոնավաճառի նախորդ եւ հաջորդ օրերին մեծ թվով բնակիչներ են այցելում "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության Իջեւանի մարզային կենտրոն: Քանի որ գործազրկությունը զգալի չափերի է հասնում, մարդիկ ամենուրեք աշխատանք են փնտրում: Մեր տեղեկությունները հաստատեց մարզային կենտրոնի տնօրեն Վահագն Առաքելյանը:



Տոնավաճառին այցելել է մոտ 2 հազար 500 մարդ, որոնց մի ստվար մասը գործատուներին ինքնակենսագրություն է ներկայացրել: Տոնավաճառին հաջորդած երկու օրերին գործատուներից շատերն աշխատող են գտել: "Իջեւանի ՃՇՇ"-ն ընտրել է 15 բանվորների, եւս երկուսը ցանկություն են հայտնել աշխատելու Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայությունում, որոնք զբաղվելու են քաղաքի մաքրությամբ: Ի դեպ, սա ուշադրության է արժանի նրանով, որ կոմունալ ծառայությունը չորս ամիս շարունակ բանվորներ էր փնտրում, բայց քչերն են համաձայն փողոց ավլելուն:



Չնայած կոմունալի բանվորների միջին աշխատավարձը կազմում է 60 հազար դրամ, աշխատանքի տոնավաճառից հետո կենտրոն են ներկայացել մեկ տղամարդ եւ մեկ կին բանվորներ: Ի դեպ, Զբաղվածության Իջեւանի մարզային կենտրոնի տնօրենը, անդրադառնալով մեր նախորդ հոդվածին, պարզաբանեց, որ ֆայլաբազարի բանվորները երբեք չեն համաձայնում մշտական աշխատանքի տեղավորվել, որովհետեւ օրավարձով աշխատանքն ավելի շատ է վարձատրվում: Մյուս կողմից, գործակալության միջոցով աշխատանքի տեղավորվող բանվորների կրթական ցենզն ավելի բարձր է, եւ նրանք ավելի օգտակար կարող են լինել գործատուին:



Երեւանի "Գալիք" համալսարանի Իջեւանի մասնաճյուղն արդեն ունի տնտեսագիտության եւ իրավագիտության դասախոսների պաշտոնների համար տասը թեկնածուների ինքնակենսագրությունները, մնում է ընտրություն կատարել: Աշխատանք են գտել նաեւ վեց հացթուխներ: "Չնայած մարդկանց մոտ այլ կարծիք կար, որ միջոցառումը նպատակին կարող է չծառայել, այնուամենայնիվ մեծ ծավալի աշխատանք է կատարվել,-ասաց Վահագն Առաքելյանը:-Մենք պայմանավորվածություններ ունենք "Այլ վայր աշխատանքի գործուղման կապակցությամբ նյութական ծախսերի հատուցում" պետական ծրագրի շրջանակներում գործազուրկներին այլ տարածաշրջաններում աշխատանքով ապահովելու մասին": Տոնավաճառի կազմակերպիչները համարում են, որ ընդամենը երկու օրվա ընթացքում գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ ձեռք բերված համաձայնությունների թիվը լավ ցուցանիշ է: