Ապօրինի ծառահատումներ Վանաձորում

Ապօրինի ծառահատումներ Վանաձորում
Նկարում պատկերված է Վանաձոր քաղաքից քիչ հեռու, "Լոռի" հանգստյան տնից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող անտառը, որտեղ, մեզ ահազանգող քաղաքացու պնդմամբ, արդեն 10 օր է՝ ծառահատումներ են տեղի ունենում: Բնակչի ահազանգով մենք ուղեւորվեցինք այնտեղ: Դեռ ճանապարհին էինք, երբ անտառ մտան առանց պետհամարանիշների "ԶԻԼ 131" եւ "Ուրալ" մակնիշի մեքենաներ, որոնց մեջ նկատեցինք փայտ կտրելու գործիքներ, այդ թվում նաեւ "Դրուժբա" բենզասղոց: Մեքենայի հետքերով հասանք այն վայրը, որտեղ ծառահատումներ էին կատարվում: Ծառերը կտրում եւ ձորն էին նետում:



Ծառահատողներից, ցավոք, հարցազրույց վերցնել չկարողացանք՝ նախ այն պատճառով, որ բարձրանալիս գերանները կարող էին մեր վրա ընկնել, եւ հայտնի չէր` եթե ծառերի գողերը նկատեին լուսանկարչական սարքը, ինչպես կպահեին իրենց: Մեզ դիմած քաղաքացին նշել էր, որ ինքն այս օրերին անտառապահի չի հանդիպել, մենք էլ չհանդիպեցինք ոչ ոքի: Զրուցեցինք Գուգարքի անտառտնտեսության պետ Անատոլի Մխիթարյանի հետ, որը նշեց. "Այդ վայրում հատատեղ չկա, ամենայն հավանականությամբ՝ դրանք անօրինական գործողություններ են: Ձեր ահազանգը հիմք ընդունելով՝ մասնագիտական հանձնաժողովը կգնա-կֆիքսի կոճղերի չափը, կտրված ծառերի քանակը: Հիմա ակտ կկազմվի սահմանված կարգով, որի մեջ կնշենք, որ ինֆորմացիայի մեջ նշվում էին նաեւ առանց պետհամարանիշի "ԶԻԼ 131" եւ "Ուրալ" մակնիշի մեքենաներ:



Մի օրինակը կուղարկենք Գուգարքի ոստիկանություն, որպեսզի իրենք հայտնաբերեն: Օրինական հատման ժամանակ կոճղարմատի մոտ կատարվում է տաշվածք, որի վրա գրվում է համար, հաշվեգնահատման ցուցակում հատատեղի նշված համարի դիմաց գրված է ծառի տեսակը եւ ծառի քանակը": Այսինքն, նկարի վրա դա պետք է երեւա՞ր: "Եթե դա լիներ հատատեղային: Բայց քանի որ այդ տարածքում հատատեղային չունենք, էդտեղ կարող է ծառ հատվել միայն, եթե դրանք ընկնող ծառեր լինեն",- բացատրեց անտառապետը: Անտառապահի բացակայությունը պարոն Մխիթարյանը եւս չհերքեց. "Հիմնականում անտառամերձ գյուղերի բնակիչներն են կտրում: Նշված տարածքում եւ հարակից 3 տարածքում անտառապահ չունենք, Եղեգնուտի անտառպետության մեջ մենք անտառապահ չունենք, տարածքում բնակվողները չեն աշխատում, Վանաձորից էլ չեն ուզում գնան": Գուգարքի անտառտնտեսության պետը վստահեցնում է, որ "արդեն երեկվանից այդ հարցով զբաղվողներ կան, ես էնտեղ մարդիկ ունեմ վստահելի, որոնք հետեւում են, իսկ հիմա պաշտոնական կամիսիան կիջնի, բոլորը կֆիքսի":



Սպասենք հանձնաժողովի եւ իրավապահների գործողություններին: Ի դեպ, ոստիկանությունը երեկ մեզանից խնդրեց անտառահատման վայրում կատարած մեր լուսանկարները, ինչը մենք տրամադրեցինք իրավապահներին:



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ