Սովորել, սովորել...

Սովորել, սովորել...
Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը, նշանավորվեց ուսումնական եռուզեռով, փողոցների խցանումներով, շնորհավորական ուղերձներով ու համընդհանուր տոնական տրամադրությամբ: Քիչ ընտանիքներ կան Հայաստանում, որոնց համար այս օրը ոչինչ չի նշանակում: Ոմանց համար այն նոր ուսումնական տարվա սկիզբն է, մյուսների համար՝ դպրոցական տարիների նվիրական հուշեր արթնացնող օր, երրորդների համար՝ արձակուրդի եւ ամառվա ավարտ: Դպրոցականներ ունեցող ընտանիքներում այն նաեւ լրացուցիչ հոգսեր ու ծախսեր է նշանակում, հիմնականում՝ հաճելի: Այս օրվանից անմասն չեն նաեւ մեծահարուստներն ու պաշտոնյաները, հատկապես՝ բարձրաստիճան, որոնք վերջին տարիներին սեպտեմբերի 1-ին պարտադիր այցելում են դպրոցներ, նվերներ մատուցում, ճառեր ասում: Երեկ դպրոցներում էին ՀՀ վարչապետը, ֆինանսների, կրթության, պաշտպանության նախարարները, Երեւանի քաղաքապետը: Արտաքին գործերի նախարարը նախընտրել էր այցելել Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Իսկ երկրի նախագահն իր ներկայությամբ պատվել էր ֆուտբոլի նորաբաց ակադեմիան: Անշուշտ, Հայաստանի նման ֆուտբոլ չունեցող երկրի համար նման ակադեմիա բացելու հանգամանքն առնվազն տարօրինակ է, բայց "Արարատ 73" տեսած Սերժ Սարգսյանը գուցե մանկուց փայփայած երազանք ունի՝ Հայաստանը տեսնել աշխարհի առաջնություններում, եւ այդ նպատակով է նաեւ այս դպրոցը բացվել: Իսկ Միշել Պլատինիի ներկայությունը գուցե կոգեւորի երիտասարդներին, որ ավելի մեծ համառություն դրսեւորեն ֆուտբոլ խաղալիս: Ուսման հետ ուղղակի կապ չունեցող մի մշակութային իրադարձություն էլ է երեկ տեղի ունեցել. Ավանում բացվել է Նարեկացու "Մատյան ողբերգությանը" նվիրված հուշարձան, որը հայ ժողովրդի ստեղծած այդ անմահ գործը հավերժացնելու նպատակ ունի: