Շիրակում միայն բանվորնե՞ր են հարկավոր

Շիրակում միայն բանվորնե՞ր են հարկավոր
Շիրակի մարզը Հայաստանում աղքատության ցուցանիշով եւ գործազուրկներով առաջիններից է, եւ դա էր պատճառը, որ երեկ կազմակերպված աշխատանքի տոնավաճառին ասեղ գցելու տեղ չկար: Տոնավաճառի մասին շատերը տեղեկացել էին թռուցիկների միջոցով, մյուսները՝ փողոցներում փակցված ցուցանակներից կամ ինտերնետում տեղադրված հայտարարություններից: Տոնավաճառին մասնակցել է 33  գործատու, որոնցից  մի քանիսը՝ արդեն  երկու-երեք անգամ: Ընդհանուր  առմամբ՝ առաջարկվել է 115  աշխատատեղ՝ հավաքարարի, տաքսու վարորդի,  կոշկագործի, հյուսնի աշխատանք:



Տոնավաճառին մասնակցողների գերակշիռ մասը երիտասարդներ էին, բայց, նրանց խոսքով, «առաջարկվող մասնագիտություններից քչերն են հարմար, ինստիտուտն ավարտել ենք, որ բեռնատարի վարո՞րդ  աշխատենք»: Մյուս կողմից էլ՝ գործատուները պահանջում են երիտասարդ, աշխատանքային փորձով մասնագետներ: Ըստ Զբաղվածության պետական ծառայության գործակալության պետ Սոնա Հարությունյանի՝ 2010 թվականին գործազրկությունը կազմում է 7 տոկոս, այսինքն, աշխատանք է փնտրում 100 հազար գործազուրկ: Ըստ իրենց հետազոտությունների՝ Շիրակի մարզում բանվորի աշխատանքն է ամենամեծ պահանջարկ ունեցողը:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ