«Մարդաճագարի անեծքը» «Մոսկվայի» պաստառին

«Մարդաճագարի անեծքը» «Մոսկվայի» պաստառին
Սեպտեմբերի իննից մեկնարկել է «ՌեԱնիմանիա»  անիմացիոն ֆիլմերի փառատոնը: Երեկվա ծրագրում ներառված ամենահետաքրքիր ֆիլմերից էր ռեժիսորներ Նիք Փարքի եւ Սթիվ Բոքսի 92 րոպե տեւողությամբ «Մարդաճագարի անեծքը» ֆիլմը: «Մարդաճագարի անեծքը» ֆիլմի գլխավոր հերոսները՝ Ուոլիսն ու Գրոմիտը, հայտնի կերպարներ են անիմացիայի աշխարհում, նրանց արկածների մասին պատմող ֆիլմեր ստեղծվել են եւ մինչեւ «Մարդաճագարի անեծքը», եւ դրանից հետո: Ուոլիսը եւ Գրոմիտը ֆիլմից ֆիլմ փոխանցվող կերպարներ են, ինչը մուլտաշխարհում շատ ընդունված ձեւաչափ է. հիշենք միայն Դիսնեյի մուտֆիլմերից «Թոմն ու Ջերրին» կամ սովետական «Դե, սպասիր» մուլտը: 2005 թվականին թողարկված ֆիլմը, որ «ՌեԱնիմանիայի» շնորհիվ հինգ տարի անց միայն Հայաստան եկավ ու էկրան բարձրացավ, արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ նաեւ «Օսկարի»:



Փոքրիկ ավանում անցկացվում է բանջարեղենների ամենամյա տոնավաճառ-փառատոն, բայց խնդիրն այն է, որ վնասարար կրծողները շատացել են եւ փչացնում են բերքը: Ուոլսի եւ Գրոմիտի՝ վնասատուների վերահսկման «Անտի-պիստոն» ձեռնարկությունը զբաղվում է վնասարար նապաստակներին բռնելով: Ուոլսի տանը, որտեղ ամեն ինչ մեքենայացված է, նույնիսկ հագնվելն ու նախաճաշի սեղանի մոտ նստելը, տեղադրված են սարքեր, որոնք տեղեկացնում են տնամերձ բանջարանոցներում վնասարարների հայտնվելու մասին: «Անտի-պիստոնի» օգնությանն է դիմում նաեւ տիկին Թոթինգթոնը: Տիկին Թոթինգթոնի եւ Ուոլիսի միջեւ զգացմունք է առաջանում: Հենց  տիկին Թոթինգթոնի առանձնատան դաշտում Ուոլսը հանդիպում է  Քոթերմեյնին, որը «մարդասիրական» արժեքների կրող չէ եւ վնասատու նապաստակներին ուզում է վնասազերծել նրանց սպանելով:



Ուոլիսի անհաջող գիտափորձից հետո, երբ նա ուզում էր մտքի տեղափոխիչ սարքով նապաստակներին ներշնչել այլեւս չուտել բանջարեղեն, Ուոլիսն ինքն է նապաստակային բնույթ ստանում, իսկ լուսնի դուրս գալու հետ վերածվում է  հսկայական նապաստակի եւ սկսում խժռել բնակիչների բանջարանոցները: Քաղաքում վախի մթնոլորտ է ձեւավորվում: Քոթերմեյնը, իմանալով, որ հսկա նապաստակը հենց ինքը՝ Ուոլսն է, մտադրվում է սպանել նրան, բայց Ուոլսի հավատարիմ շունը՝ Գրոմիտն ամեն ինչ անում է, որպեսզի փրկի ընկերոջը: Ի վերջո չարամիտ Քոթերմեյնը պատժվում է, իսկ Ուոլիսն ու տիկին Թոթինգթոնը՝ միանում: Տիկին Թոթինգթոնը որոշում է «կենցաղային լավ պայմաններ» ստեղծել փափկամորթ նապաստակների համար:



Անշնորհակալ գործ է ֆիլմ պատմելը, առավել եւս անիմացիոն ֆիլմ: Բառերն անզոր են փոխանցել գույների ու շարժումների այն բազմազանությունը, որ կա ֆիլմում: «Մարդաճագարի անեծքը» ֆիլմում գործողությունները զարգանում են շատ արագ: Դրա, ինչպես նաեւ զվարճալի, գունեղ հերոսների հումորի շնորհիվ ֆիլմը դիտվում է մի շնչով: Հատկապես կլանված էին նայում երեխաները: Ֆիլմի ընթացքում դահլիճում մերթընդմերթ ծիծաղի ալիք էր տարածվում, իսկ ավարտից հետո բուռն ծափահարություններ հնչեցին:



Ավարտից հետո կայացավ հանդիպում ֆիլմի պրոդյուսեր Դեյվիդ Սփրոքսթոնի հետ, որը պատասխանեց հանդիսատեսի հարցերին: Ասաց, որ ֆիլմի վրա 20 անիմատոր եւ 30 փոքր խմբեր են աշխատել, մոտավորապես 150 մասնագետ: Սցենարի վրա աշխատել է վեց սցենարիստ, ներառյալ ռեժիսորները եւ ինքը՝ Դեյվիդ Սփրոքսթոնը, որի  խոսքով՝ շատ բարդ է նման պատմություն կառուցելն ու մինչեւ վերջ տանելը: Այդ պատճառով իրենք բացառապես արհեստավարժ փորձառու մասնագետների հետ են աշխատել: Նա երիտասարդ անիմատորներին խորհուրդ տվեց ուշադիր լինել իրենց ֆիլմերի պատմության՝ սցենարի վրա, որովհետեւ եթե հիմքը ճիշտ է կառուցված, ֆիլմն ավելի մեծ հնարավորություն կունենա հաջողության հասնելու:



«ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, որը ներկայացնում էր պարոն Սփրոքսթոնին,  որպես օրինակ բերելով մրցութային ծրագրում ներառված չինական «Փիրսինգ 1» ֆիլմը, հավելեց, որ նույնիսկ վատ անիմացիայով հնարավոր է լավ ֆիլմ ստանալ, եթե գաղափարն ու սցենարը լավն են: Պարոն Սփրոքսթոնը պատմեց, որ որոշ դժվարություններ են ունենում այլ ընկերությունների հետ աշխատելիս, եւ որպեսզի ֆիլմը միջազգային հաջողություն ունենա, ստիպված են որակը պահպանելով՝ որոշ զիջումների գնալ:



«ԱՂՎԵՍԸ»



Երեկ «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում նշվեց Ռոբերտ Սահակյանցի 60-ամյակը եւ տեղի ունեցավ նրա հուշ-երեկոն: Վրեժ Քասունին հանդիսատեսին ներկայացրեց Ռոբերտ Սահակյանցի անվան միջազգային մրցանակի նմուշը՝ պարոն Սահակյանցի «Աղվեսագիրք» մուտֆիլմի կերպարի նմանությամբ կերտված աղվեսի արձանիկը: Խոսեց նաեւ Սահակյանցի տղան՝ Դավիթ Սահակյանցը, ապա ներկայացվեց մի հուշապատում-ֆիլմ: Ֆիլմում ներկայացված են Ռոբերտ Սահակյանցի՝ տարբեր տարիներին արված լուսանկարներ, պատառիկներ նրա հետ արված հարցազրույցներից եւ նրան առնչված մարդկանց՝ Հրանտ Թոխատյանի, Ռաֆայել Քոթանջյանի, Ռուբեն Ջաղինյանի ու այլոց կարծիքը նրա մասին:



ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ



«ՌեԱնիմանիա» փառատոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 13-ը, եւ մենք կներկայացնենք փառատոնի անցուդարձն ու դրա ծրագրում ներառված  լավագույն ֆիլմերը: Մեզանում բավականին հաջողված թատերական եւ կինոփառատոններին միացավ արդեն երկրորդ տարին անցկացվող անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» փառատոնը: Այդ փառատոններն ըստ էության միջազգային մշակութային դաշտում ստեղծված արվեստի արժեքավոր գործերը տեսնելու եզակի հնարավորություն են հայ հանդիսատեսի համար: