Թալանը պատել է ոսկու շուկան

Թալանը պատել է ոսկու շուկան
Հանգստյան օրերին ինձ բախտ վիճակվեց գնալ, մեր ժողովրդի լեզվով ասած՝ «բաղնիքի ոսկու շուկա»: Մի երկու կտոր ոսկի ունեի եւ մի փոքր էլ աշխատավարձից էի տնտեսել. ցանկացա ինձ մի թեւնոց գնել: Բայց ականատես եղա մի անպատմելի խաբեության: Բանից պարզվում է, որ ոսկու գնորդ ու վաճառող՝ դրանք տարբեր հասկացություններ են: Նախ, գոյություն ունեն երկու տեսակի կշեռքներ՝ գնորդի համար նախատեսվածները պակաս քաշով, վաճառողներինը՝ ավել քաշով կշռող:



Նախքան ոսկին հանձնելը մոտեցա մի վաճառողի եւ առաջարկեցի գնել ոսկիս: Նա մերժեց՝ ասելով, թե ինքը ոսկի չի գնում: Պարզ էր, որ շուկան էլ է ենթարկվում ինչ-որ մեկի կամայականություններին: Մոտս եղած ամբողջ ոսկին հանձնեցի շատ էժան գնով: Երբ որ իմացան, որ իմ ոսկին գործարանային արտադրության է, անմիջապես վերցրեցին, քանի որ, ինչպես հետո իմացա, իմ ոսկուն պղինձ չկա խառնած: Շուկայում տարբեր գների ոսկի կար: Երեք տարբեր տեղերից ոսկի գնեցի, ստուգել տվեցի: Բանից պարզվեց, որ երեքի մեջ էլ առկա է պղնձի մեծ քանակություն: Զայրացած ու հիասթափված դուրս եկա ոսկու շուկայից՝ հասկանալով, որ այս շուկայում զբաղված են թալանով: Եվ ամենակարեւորը՝ ում դիմել, ինչ անել՝ սա է ամբողջ խնդիրը:



Արման ԲՈՒԴԱՂՅԱՆ