Չեխովում վերանորոգման տաքսան հասավ 100.000 դրամի

Չեխովում վերանորոգման տաքսան հասավ 100.000 դրամի
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լավ կլիներ, որ իր տեսուչներին ուղարկեր Չեխովի անվան դպրոց: Էլիտար համարվող այս դպրոցում են ուսանում բարձրաստիճան եւ ունեւոր անձանց զավակները, այն հայտնի է ուրույն բարքերով: Մասնավորապես ամենամսյա գումարների հանգանակությունը հասնում է աստղաբաշխական թվերի: Մեր տեղեկություններով, տնօրեն Գայանե Սարուխանյանն օրերս մտել է դասարաններ ու հրահանգել, որ յուրաքանչյուրը 100 հազարական դրամ հավաքի՝ դպրոցը վերանորոգելու նպատակով: Այս հարվածին չեն դիմացել անգամ հարուստ ընտանիքների մայրիկները եւ գումարի չափից այնքան են վրդովվել, որ սպառնացել են երեխաներին այլ դպրոցներ տեղափոխել ու բողոքել: Դժգոհ ծնողներից մեկը պատմեց, որ երբ երեխայի «գործերը» Չեխովի դպրոց է տարել, առաջին հերթին հետաքրքրվել են՝ VIP դասարա՞ն է ուզում, թե՞ սովորական: