Նախագահ լինելու գաղտնիքը

Նախագահ լինելու գաղտնիքը
Երեկ եւ նախորդ օրը աշխարհի բոլոր հեռուստաալիքներին նույն նախագահի դեմքն էր` Սեբաստիան Պիներայի: Չիլիի նախագահն է, որը Սան Խոսե հանքավայրում էր ժամանել, երբ տեղեկություն ստացվեց, թե երեսուներեք հանքափորներ մնացել են հարյուրավոր մետրեր խորությամբ գտնվող հանքում: Նախագահ Պիներան այդ հանքերում էր, երբ մի քանի անգամվա անհաջող փորձերից հետո վերջապես կապ հաստատվեց ընդերքի խորքում մնացած հանքափորների հետ եւ թղթի կտորը հանեցին երկրի մակերես, որ վրա հանքափորները գրել էին, թե բոլորը ողջ են: Նախագահ Պիներան հանքերում էր նաեւ երեկ եւ նախորդ օրը, տասնյակ ժամեր տեւած փրկարարական աշխատանքների ողջ ընթացքում` «փյունիկ» կոչված փայտե կապսուլաներով առաջինից մինչեւ վերջին հանքափորին երկրի երես բարձրացնելը: Որքան էր արժեցել փրկարարական այդ գործողությունը` նախագահը նույնիսկ չցանկացավ ասել` բազմաթիվ միլիոններ, բայց քաջության օրինակը, որ տվել էին հանքափորներն ու նրանց փրկարարները, անհամեմատ ավելի արժեր: Մարդիկ այնքան հազվադեպ են հրաշքներ տեսնում, որ բոլոր միջազգային ալիքները երկու օր միացած էին` Սան Խոսեի հանքավայրը տեսնելու եւ հավատալու, որ կյանքում կարող են նման հրաշքներ լինել: «Մեզ աշխարհն այլեւս չի հիշի Պինոչետի հեղաշրջմամբ եւ դիկտատուրայով, այլ այսօրվա մեր հերոսներով ու հրաշքով»: Նախագահ Պիներայի այդ բառերի հետ երեւի ողջ աշխարհն էր համաձայն: Անշուշտ, երկու ամիս շարունակ յոթ հարյուր մետր խորությամբ հանքում մարդկանց ողջ պահելու եւ անվնաս երկիր հասցնելու հրաշքը բոլոր չիլիացիներին է պատկանում ու նախ` նախագահին: Իսկ ի՞նչ է պատկանում Հայաստանի նախագահին: Սպանվող զինվորներին անգամ չցավակցելը, հետին թվով այլ երկրի վարչապետի ծննդյան տոն շնորհավորելը: Դե եկ եւ երկուսին էլ կոչիր նախագահ: