Լրագրողները եղան նաեւ Տիգրանակերտում, որը «մեր հայրենիքը չէ»

Լրագրողները եղան նաեւ Տիգրանակերտում, որը «մեր հայրենիքը չէ»
Ստեփանակերտում մեկնարկած հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը հոկտեմբերի 14-ին եւ 15-ին շարունակում էր աշխատանքը։ Լրագրողների ելույթներն ամենատարբեր խնդիրների վերաբերյալ էին՝ սկսած Արցախի ու Ջավախքի հիմնահարցերից, վերջացրած Վրաստանի մայրաքաղաքում հայկական դպրոցների փակման, սփյուռքի ազգապահպան ու այլ բազում խնդիրներով։ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն ասաց, որ եթե ուզում ենք օգտակար լինել Ղարաբաղին, ապա առաջին հերթին պետք է հատկապես սփյուռքահայերն ավելի շատ գործնական, կոնկրետ աշխատանք կատարեն։ Մինչ այդ, նկատի ունենալով ելույթների բազմաբղետությունը, նա ասաց, թե ցանկալի կլիներ համաժողովը նախապես ընտրեր մի թեմա եւ ելույթները ծավալվեին դրա շուրջ։



Համաժողովում լրագրողների շուրթերից բազմիցս հնչել են «լրագրողական պատերազմ», «տեղեկատվական պատերազմ» կապակցությունները եւ անմիջապես դրանց հետեւել է այն, որ այդ պատերազմում մենք պարտվում ենք։ Ես փորձեցի պարզել, թե այդ կապակցությամբ ինչ է մտածում հայ լրագրության նահապետներից մեկը՝ «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։



Իմ այն հարցին, թե որն է այդ պատերազմում մեր պարտության պատճառը, վերջինս հայտնեց, թե հիմնականում տարիներ առաջ էինք պարտվում։ «Հիմա ինչ-որ չափով սովորում ենք կռվել։ Բայց դա չպիտի այնպես լինի, որ թուրքերն ինչ-որ բան են ասում, իսկ մենք պիտի արձագանքենք,- ասաց նա։- Մենք տարբեր երկրներում ունենք լրագրողներ, նրանցից ոմանք նաեւ կարեւոր լրատվամիջոցներ ունեն, եւ նրանց պետք է հրավիրել ոչ միայն համաժողովի, զրուցել նրանց հետ, անհրաժեշտ տեղեկություններ տալ, բացատրել՝ առանց միջամտելու նրանց գործին։ Դրանից մենք ավելի մեծ արդյունք կստանանք»։



Սակայն, Հակոբ Ավետիքյանի խոսքով, դա միջոցներից մեկն է։ Երկրորդն այն է, որ որեւէ օտարերկրյա լրագրողի, ասենք, տիկնոջ հետ հրավիրեն... Հետո նա հավելեց, որ մեզանում, ցավոք, նման բան չեն անում, գոնե ինքը նման դեպք չի հիշում։ Մինչդեռ թուրքերն անընդհատ օգտագործում են այդ ձեւը։ «Մի 10 օր լրագրողին պահում են, հնարավոր ամեն ձեւով տարբեր ծառայություններ են մատուցում նրանց, նույնիսկ կին են տրամադրում,- ասաց նա։- Ես չեմ ասում, թե մենք էլ պիտի նույնը անենք։ Պարզապես պիտի ուշադիր լինենք այդ մարդկանց նկատմամբ... Նրանք չեն խորշում նույնիսկ հակառակորդ լրագրողին հրավիրել...»։



Համագումարում կոչ է հնչել առ այն, որ հատկապես սփյուռքի լրագրողները պետք է աշխատանք տանեն ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ։ Իմ այն հարցին, որ միթե լրագրողները պիտի նման աշխատանք տանեն, երբ հայկական արտգործնախարարությունները, իշխանությունները ոչինչ չեն անում այդ ուղղությամբ, «Ազգ»-ի խմբագիրն ասաց, որ բացարձակ ասել, թե «ոչինչ չեն անում», ճիշտ չի լինի։ «Ինչ-որ բան անում են, ավելի ճիշտ՝ ձգտում են անել,- ասաց նա։- Դժբախտաբար, մեր դեսպաններից ոմանք իրենց շահերի համար են աշխատում, բայց, անկախ դրանից, մենք՝ լրագրողներս, շատ կարեւոր գործ ունենք անելու։ Նախ՝ լրագրողներս մեր ասպարեզի մարդկանց հետ կապ պիտի պահենք, հարաբերություններ ունենանք, տեղեկություններ հայթայթենք, ստանանք, տարածենք»։



Հ. Ավետիքյանը, որպես օրինակ, ասաց, որ մեր օրերի մեծագույն լրագրողներից մեկը՝ Ռ. Ֆիսկը, մշտապես իրենց է ուղարկում իր յուրաքանչյուր հոդվածը։ Ինչո՞ւ է ուղարկում։ Որովհետեւ տեսել է, իրեն ասել են... «Հետը ծանոթացել եմ Բեյրութում, միասին սրճել ենք ծովեզրյա սրճարաններից մեկում... Նրա ուղարկած այն հոդվածները, որ մեզ հետ կապ ունեն, մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում, ես թարգմանում եւ արտատպում եմ... Այսպիսի անձնական, անհատական բարեկամությունն էլ պիտի օգտագործել»,- եզրափակեց Ավետիքյանը։



Համաժողովի երկրորդ օրվա վերջում, քննարկումների ժամանակ, Արցախի հանրային ռադիոյի լրագրող Բելա Լալայանը դժգոհություն հայտնեց, որ լրագրողների 5-րդ համաժողովն անցնում է Ստեփանակերտում, բայց ծրագրում արցախցի լրագրողի ոչ մի ելույթ չկա, հնչած 1-2 ելույթներն էլ հանպատրաստից են եղել, վերջին պահին են նրանց տեղեկացրել ելույթ ունենալու մասին։ Սփյուռքի հետ կապերի նախարարի խոսքերից պարզ դարձավ, որ Արցախի արտգործնախարարությունը նախապես տեղեկացված է եղել համաժողովի մասին։



Ստացվում է, որ փոխանակ տեղի լրագրողներին ժամանակին տեղեկացնեին համաժողովի վերաբերյալ, Արցախի ԱԳՆ ղեկավարությունը համաժողովի մասնակիցների ցուցակում հիմնականում մտցրել է նրանց անունները, ովքեր այսօր աշխատում կամ ժամանակին աշխատել են ԱԳՆ-ում։



Հոկտեմբերի 15-ին, համաժողովի վերջին նիստում, հայ լրագրողներն ընդունեցին բանաձեւ, որը վերջնական տեսքի բերելուց հետո կտարածվի ԶԼՄ-ներով։ Համաժողովի նիստային մասի ավարտից հետո լրագրողները սկզբում այցելեցին Արցախի ՊԲ զորամասերից մեկը։ Այնուհետեւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ լրագրողները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ուղեւորվեցին դեպի վերջերս պեղված հայոց պատմական բնակավայրերից մեկը՝ Արցախի Տիգրանակերտ, որը Հայոց մեծն Տիգրան 2-րդի պատվին կառուցված համանուն բնակավայրերից մեկն է եւ գտնվում է Աղդամ քաղաքի հարեւանությամբ։ Այն Աղդամի, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասելով՝ «մեր հայրենիքը չէ»։



Օրվա երկրորդ կեսին համաժողովի մասնակիցները եղան Գանձասարում եւ հիացան բարձունքի վրա խրոխտ բազմած հայոց ճարտարապետական մեծագույն կոթողներից մեկով՝ համանուն վանքով։ Չնայած հանդիպակաց սարերի ստորոտներում եւ լանջերին ամպեր էին լողում, եղանակը բավականին հաճելի էր, անձրեւ չտեղաց։ Գանձասարի բարձունքից լրագրողներին սպասարկող ավտոմեքենաներով իջնելիս կարծես ամպերի միջից էինք իջնում այս հին ու մեղսագործ մեր երկիրը, որտեղ լուծման ու լուսաբանման կարոտ այնքա՜ն խնդիրներ ու հիմնահարցեր կան...



Վարդգես ՕՎՅԱՆ

Ստեփանակերտ