Կայացման ճանապարհին

Կայացման ճանապարհին
Քաղաքացիական հասարակության կայացումը դյուրին բան չէ. այս նպատակին արեւմտյան քաղաքակրթությունը հասել է հարյուրամյակների ընթացքում: Մենք շտապում ենք, եւ դա զարմանալի չէ. ինչու անիմաստ խարխափենք միջնադարյան վանդալիզմի եւ կոմունիզմի արանքում, երբ աչքներիս առաջ դեմոկրատիայի ու քաղաքացիական հասարակության կառուցման ուսանելի օրինակներ կան, եւ դրան հասնելու ուղիներն էլ են հայտնի: Երեկ մի քանի իրադարձություն ստիպեցին մտածել, որ այդ ճանապարհն ավելի կարճ է լինելու, քան մեզ թվում է: Վերջին շաբաթվա մեջ երկրորդ անգամ YouTube-ում հայտնվեցին դպրոցական առօրյայից կադրեր՝ այս անգամ կին ուսուցչուհին անասելի դաժանությամբ ծեծում է աշակերտին: Դպրոցականների մեջ, փաստորեն, նոր նախասիրություն է հայտնվել՝ նկարահանում են իրենց ուսուցիչներին եւ գցում YouTube: Կրթության եւ գիտության համակարգի պատասխանատուներն էլ անմիջապես արձագանքում  են. երեկ, օրինակ, հայտարարվեց, որ այդ կադրերն արվել են թիվ 129 դպրոցում, եւ ուսուցչուհին մեկ շաբաթ առաջ ազատվել է աշխատանքից: Հասարակության առաջընթացի, կայացման շրջանակներում կարելի է դասել նաեւ գրող Վահրամ Թաթիկյանի անժամկետ հացադուլը, որը նա վաղվանից հայտարարելու է՝ ի նշան բողոքի Դելֆինարիումի կառուցման դեմ: Նա պահանջում է, որ Պանթեոնին հարակից տարածքը մտցվի պատմամշակութային հուշարձանների ցանկ եւ հրաժարվեն այնտեղ որեւէ բան կառուցելու մտքից: Անկախ այն բանից՝ որքանով է այդ պահանջն ընդունելի եւ հացադուլի արժանի, ամեն դեպքում մարդը, այն էլ գրող ու երգիչ, իր անձը վտանգելով՝ ուզում է հասնել դրան: Այսօր նաեւ բողոքի ակցիա են անելու նախագահականի մոտ եւ օրվա վերջում՝ հանրահավաք, ինչը նույնպես քաղաքացիական հասարակության կայացման գործընթացների շրջանակներում է: