ՀՅԴ Բյուրոյի կոչը

ՀՅԴ Բյուրոյի կոչը
Սիրելի հայրենակիցներ, արդեն սկսվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական դրամահավաքը, որ նոյեմբերի 25-ին կեզրափակվի ԱՄՆ¬ում հեռուստամարաթոնով: Դրամահավաքի նպատակն այս անգամ եւս նույնն է`  մասնակցել Արցախի բարգավաճմանը եւ տնտեսական վերելքին. ավելի ճշգրիտ՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրամատակարարման ծրագրերին:



Արցախն ազատագրվեց արցախահայության ազատատենչ մարտունակության եւ համայն հայության գործուն զորակցության շնորհիվ: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրողություն է. այն արժանի է մնալու հայության ուշադրության եւ գուրգուրանքի առարկան։



Մենք պարտավոր ենք կարելին ու անկարելին անել Արցախի համար։ Պարտավոր ենք շենացնել, պաշտպանել վերջին դարերի մեր ամենամեծ հաղթանակի գրավականը։  Յուրաքանչյուրիս պարտքն է կանգնել արցախահայության կողքին՝ հատկապես այսօր, երբ Արցախի հարցի քաղաքական լուծումը դեռեւս դժվար բանակցությունների առարկա է:



Հետեւաբար Արցախին տրված որեւէ նյութական օժանդակություն նաեւ քաղաքական իմաստով բարոյական արժեք ունի: Այն համահայկական շարունակվող զորակցություն է Արցախի ազատագրության դատին:



Արցախը վերջնականապես ազատագրված կլինի, երբ ինքն իրեն կպարտադրի քաղաքական միջազգային ընտանիքին՝ իբրեւ պետական անկախ միավոր: Այդ նպատակին հասնելու համար կարեւոր են համայն հայության արթնամտությունն ու նրա կարողականության նպատակասլաց գործածությունը:



Այս է պատճառը, որ այս հերթական դրամահավաքի ընթացքում հավաքված գումարի չափից ավելի կարեւոր է դրամահավաքին մասնակցողների թիվը՝ իբրեւ ապացույց հայության միասնական կամքի:



Առ այդ՝ կոչ ենք ուղղում բոլորին՝ խուռներամ ու առատաձեռն մասնակցել համահայկական այս նախաձեռնությանը: