Պատգամավոր ասպետները

Պատգամավոր ասպետները
«Համաձայն առասպելի` կլոր սեղանի գաղափարը ծնվել է 12-րդ դարում, թեեւ այն շատ ավելի հին է եւ հատուկ է եղել նաեւ հայ իրականությանը: Ըստ ավանդույթի` Արթուր թագավորն այդ ձեւով իր ասպետներին զրկեց սեղանի գլխին ավելի մոտ նստելու վիճահարույց հարցի հնարավորությունից: Կլոր սեղանը չունի անկյուններ, ուստի կլոր սեղանի շուրջը նստածները հավասարապես իրավազոր եւ պատասխանատու են ընդունված որոշումների համար»: Այսպիսի ռոմանտիկ ելույթ է ունեցել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նոր դահլիճի բացման արարողության ժամանակ: Այն հիրավի կարելի է խորհրդանշական համարել, քանզի մեր խորհրդարանին խիստ սազական է 12-րդ դարի հետ համեմատությունը՝ որպես բարբարոսական միջնադարի դրսեւորում: Թեեւ Աբրահամյանը փորձել է զուգահեռներ տանել նաեւ ասպետների հետ՝ «վստահ եմ, որ այս դահլիճում միշտ տիրապետող կլինի ասպետական ոգին, որն առաջին հերթին կարտահայտվի փոխադարձ հարգանքով ու այլոց կարծիքների հանդեպ հանդուրժողականությամբ», սակայն ասպետական վարքուբարքը մեր պատգամավորներից շատ է հեռու: Միայն այն, թե ինչպես են նրանք հարաբերվում իգական սեռի ներկայացուցիչ լրագրողների հետ, բավական է դրանում համոզվելու համար: Սակայն անչափ ուշագրավ է ԱԺ նախագահի խոսքի այն մասը, որտեղ նա խոսում է կլոր սեղանի գաղափարի մասին: Սա էլ թերեւս ենթատեքստում ուղղված է երկրի նախագահին: Մի տեսակ հավաստիացնում է, որ ինքը իշխելու, մյուս պատգամավորներից առանձնանալու նպատակ ու մտադրություն չունի: Ինքը մեկն է պատգամավորներից՝ առանց հավակնությունների եւ համեստ: Նաեւ դահլիճի նորացման հետ կապված՝ հուսավառ, որ նոր դահլիճը «ԱԺ աշխատանքի մեջ բովանդակային փոփոխություններին նպաստելու ներուժ» ունի: