Բարձր հովանու ներքո

Բարձր հովանու ներքո
Օրերս հեռուստատեսությամբ մի ուշագրավ գրություն աչքովս ընկավ. «Էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո»: Ինչ-որ միջոցառման մասին էր խոսքը, որը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պատվել էր իր «հովանավորությամբ»: Մինչ այդ ինձ թվում էր, որ «բարձր հովանի» կարող է համարվել միայն ՀՀ նախագահի, առնվազն նրա տիկնոջ հովանավորությունը: Բայց եթե արդեն էկոնոմիկայի նախարարն է «բարձր ու վսեմ», վաղը մենք կարող ենք հասնել նրան, որ գյուղնախարարության վարչություններից մեկի պետն իր «բարձր հովանու» ներքո առնի մշակույթն ու կրթությունը: Ընդհանրապես, մեզանում «բարձր-ցածր», «պետական», «համաժողովրդական», «համազգային» հասկացությունները մի տեսակ հասարակացել են: Առօրեական ու շարքային իմաստ ստացել: Գուցե արժե, որ մեր նախարարները վարվեցողության, էթիկայի ու էթիկետի, թույլատրելիի-անթույլատրելիի հատուկ դասեր ստանան: Այսպես ասած, նախարարական արագացված դասընթացներ: Որ ոչ իրենց վարչությունների պետերի լիազորությունները ստանձնեն, ոչ նախագահի պատմուճան հագնեն: Իմանան ինչպես իրենց պահեն, որ արտերկրում գործուղումների ժամանակ ծիծաղելի չդառնան եւ սեփական պետությունը չվարկաբեկեն: Որ հասարակության կողմից հարգանքի արժանանան եւ նրանց մասին չասեն՝ «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ»: Որ փողոց ելնելիս չձուլվեն անցորդների գորշ մասսային, այլ գոնե մեկ-երկու մարդ նրանց դեմքով ճանաչի ու հարգալից բարեւ տա: Որ հարեւանները չհաշվեն, թե որքան է նրա բարեկեցությունն աճել նախարար կարգվելուց հետո, այլ արձանագրեն, թե նա ինչով է փոխել իր ղեկավարած համակարգը եւ քանի հարց է լուծել: Իսկ նրա ղեկավարած ապարատում անհամբերությամբ չսպասեն, թե՝ այս անբան-տգետին երբ են նոր պաշտոն տալու, որ իրեն պատահաբար բաժին հասած աթոռն ազատի: