Բակոն սկսել է ընտրապայքարը

Բակոն սկսել է ընտրապայքարը
ԼՂ նախագահ Բակո Սահակյանը կորցնում է Ղարաբաղում միահեծան իշխելու մենաշնորհը: Մեր տեղեկություններով, ԼՂ նախագահը, վտանգ զգալով վարչապետ Արայիկ Հարությունյանից, սկսել է նրա ազդեցությունները չեզոքացնելու գործընթաց: Քանի որ ԼՂ ԱԺ ընտրություններից առաջ պայմանավորված են եղել իրենց հավատարիմ անձանց խորհրդարան անցկացնել 50/50 հարաբերակցությամբ եւ արդյունքում Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունն առավել ձայներ է հավաքել, ու Բակո Սահակյանը հասկացել է, որ ընտրական հանձնաժողովներում իրեն դավաճանել են, հոգացել է, որ կասկածելիներն ազատվեն աշխատանքից:



Իսկ ընտրություններից հետո ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանն ապաստան է գտել վարչապետի ապարատում՝ տարածքային կառավարման վարչության պետի պաշտոնում: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը, նպատակ ունենալով վերընտրվել նախագահի պաշտոնում եւ հասկանալով, որ իր միակ մրցակիցը կարող է լինել Արայիկ Հարությունյանը, որին ԼՂ հասարակությունը հարգում է որպես գրագետ ու հրապարակային խոսքի տիրապետող, բարոյական ու, որ ամենակարեւորն է՝ թմրամոլությունից հեռու մարդու, արգելափակել է նրա հանրային գործունեությունը նույնպես, որ հնարավոր թեկնածուն չգովազդվի: Անգամ ԼՂ սոցիալական խնդիրների լուծման համար ԱՄՆ-ում անցկացվող ամենամյա թելեթոնը, որը միշտ վարում է Արայիկ Հարությունյանը, ԼՂ ղեկավարը վճռել է այս տարի անցկացնել անձամբ: Այդ նպատակով Բակո Սահակյանը մի քանի օրից կմեկնի Միացյալ Նահանգներ՝  նոյեմբերի 25-ին նախատեսված թելեթոնը վարելու նպատակով: