Զղջում է արածի համար

Զղջում է արածի համար
Ինչո՞ւ են այսքան շատացել ավտովթարները, հարցնում է ծանոթներիցս մեկը: Գուցե պարզապես սկսել ենք դրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել, քան անցյալո՞ւմ: Գուցե դրանք ավելի շատ են լուսաբանվում: Մամուլը, հատկապես ինտերնետը, հեղեղված է ավտովթարների լուսանկարներով, նկարագրություններով: Ընդ որում, ոչ միայն այն վթարները, որոնք տեղի են ունենում հայտնի մարդկանց հետ կամ մահվան ելքերով, այլ պարզապես՝ այսինչ մակնիշի մեքենան այսինչ փողոցում բախվել է մյուսին, զոհեր, տուժածներ չկան, մեքենաները տարվել են տուգանային հրապարակ: Ի՞նչ լրատվական արժեք է պարունակում այս լուրը, թող դատեն ընթերցողները: Սակայն առավել մտահոգիչը մահվան ելքով ավտովթարների քանակն է: Դեռ մի կերպ կարելի է հասկանալ, երբ խաչմերուկն անթույլատրելի հատվածում հատած մարդն ընկնում է մեքենայի տակ եւ մահանում: Որքան էլ վարորդին մեղադրես, հետիոտնի մեղքը չես կարող չարձանագրել: Բայց ինչ ասես այն պատահարի մասին, երբ կանգառում կանգնած մի քանի անձ վրաերթի են ենթարկվում ոմն մեքենայատիրոջ կողմից եւ նրանցից երկուսը մահանում են: Լկտի ու հաբռգա՞ծ են վարորդները՝ խմա՞ծ են նստում ղեկին, թե՞ մեքենան է անսարք լինում: Գուցե եւ մեկը, եւ մյուսը: Իսկ գուցե պարզապես մեզանում լավ վարե՞լ չգիտեն: Եվ այս պարագայում պետք չէ մխիթարվել այն փաստով, թե «վարորդը փախուստի չի դիմել» կամ «զղջում է արածի համար»: Ի վերջո դրանից ոչինչ չի փոխվում: Ինչպե՞ս է շարունակելու ապրել այդ «վարորդը»: Մարդուն կյանքից զրկելու եւ այդ փաստը մարսելու ու խաղաղ ապրելու համար հավանաբար պետք է անմարդկային ինչ-որ բան լինի մեջդ: Ինչպե՞ս կարող ես շարունակ, ամեն քայլափոխի չմտածել, թե այդ մարդն ինչեր կարող էր անել այս կյանքում, ինչքան օգտակար կլիներ իր շրջապատին ու հանրությանը: