Քաղաքը խոսում է

Քաղաքը խոսում է
Երեւանը շատ հետաքրքիր քաղաք է: Պետք է ընդամենը մի փոքր խայծ, մի քիչ ջանք եւ կարելի է ցանկացած ինֆորմացիա ցանկացած մարդու կամ իրադարձության մասին այնպես տարածել, որ արդեն ժամեր անց դա դառնա քաղաքի քննարկման թեման: Այսօր քաղաքը քննարկում էր  պատերազմի թեման: Փորձեմ բացատրել: Նոյեմբերի 16-18-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանում, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղիները:



Մեր նախագահը հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստան վերադառնալուց հետո ՀՀ նախագահը հանդիպման մասին խոսելիս թեթեւակի ակնարկեց, որ Ռուսաստանում նա ստացել է իրեն անհանգստացնող բոլոր հարցերի դրական պատասխանները: Այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնական այցով մեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ նա շատ ջերմ հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նրանք նույնպես քննարկել են ԼՂ հիմնախնդրի լուծման հարցը:



Բուռն հանդիպումների շարքը շարունակում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը վաղը մեծ պատվիրակությամբ պետական երկօրյա այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ:  Այս ամենը եզրափակվեց այն լուրով, որ Ռուսաստանից Երեւան է ժամանել  աշխարհի ամենամեծ ինքնաթիռը (կարծեմ՝ «Մրիա»)` ամբողջությամբ լցված սպառազինությամբ (պարզ չէ ինչի համար): Գիտենք, որ միջազգային հանրությունը պահանջում է վերադարձնել Ղարաբաղի անվտանգության գոտի հանդիսացող հողերը:



Եվ երեկ քաղաքում ասում էին, որ մեր իշխանությունները քաղաքացիական պատերազմից խուսափելու եւ «գահը» չկորցնելու համար ուզում են սկսել պլանավորված հանկարծակի պատերազմ, հետո էլ ասել, թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է անհապաղ ղարաբաղյան հարցի լուծումը (բնականաբար, ոչ մեր օգտին) եւ «ֆինիտա լա կոմեդիա», համ էս ծեծված պրոբլեմը կլուծվի, համ բոլորը (գրեթե) գոհ  կմնան: Ի վերջո այս «ինֆորմացիան» հանգեցրեց նրան, որ երեկ քաղաքում (հերթական անգամ) խուճապ էր: Շատերն արդեն գցում-բռնում էին, թե՝ որ պատերազմ սկսվեց, ով որ երկրում ապրող բարեկամի տուն է փախչելու: Մի խոսքով՝ քաղաքը խոսում էր…



Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ