Հանուն դելֆինների հոգեկան և ֆիզիկական առողջության

Հանուն դելֆինների հոգեկան և ֆիզիկական առողջության
Երևանի Կոմիտասի անվան այգում 5 մետր խորությամբ և 18 մետր շառավղով կառուցվող դելֆինարիումը կիսելու են 4 դելֆին, 1 ծովառյուծ և 2 փոկ, ինչն անընդունելի է, ըստ «Էկոդար» ՀԿ-ի նախագահ Հրայր Սավզյանի, որովհետև նման պայմանները խիստ անբարենպաստ ազդեցություն կունենան կենդանիների հոգեկան և ֆիզիկական առողջության վրա:



50 միջազգային և տեղական բնապահպանական կազմակերպություններ նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, քաղաքապետին և բնապահպանության նախարարին , որտեղ կոչ են անում դադարեցնել Կոմիտասի անվան այգում դելֆինարիումի շինարարությունը. նախ դելֆինների բանտարկումը որակելով անմարդկային արարք, հետո էլ այդ քայլը մշակութային իմաստով գնահատելով անհարիր ու ոչ էսթետիկ, որովհետև պանթեոնում թաղված են հայազգի նշանավոր մարդիկ:



Այն հարցին, թե նախկինում անհարիր չէ՞ր, որ պանթեոնի կողքը աղբի կույտեր կային, Հրայր Սավզյանը պատասխանեց, որ դա արդեն բազմիցս ստուգված ռազմավարություն է, երբ ուզում են քաղաքի որևէ մի տարածքը կառուցապատեն, բերում են աղբ են լցնում, ոռոգման ցանցն են անջատում, որ այդպիսով արդարացնեն իրենց ծրագրերը. «Երևանի լուրջ բնապահպանական խնդիրները սքողելու համար քաղաքապետարանը հոլանդական ծաղիկներով է քաղաքը պատում, ցույց են տալիս, թե Հրազդանի կամրջի տակ վարչապետն ինչպես է աղբ հավաքում, դելֆինարիումի կառուցումն էլ այդ շարքից է»:



Բնապահպանական կազմակերպություններին խիստ զայրացրել է նաև այն փաստը, որ նախագիծն իրականացվում է ուկրաինական «Ներում» ընկերության հետ, որի գործունեությունը հենց իր երկրում խիստ կասկածելի է ու ապօրինի. «Այս հանգամանքից ելնելով, կարծում եմ, Ուկրաինայի դելֆիներն էլ պատշաճ փաստաթղթեր չունեն, ու մաքսազերծում չեն անցել»,- նշեց Հրայր Սավզյանն ու կոչ արեց չհանդուրժել դելֆինների մուտքը. առաջինը, որ  Հայաստանի կլիման բոլորովին չի համապատասխանում դելֆինների և որևէ  այլ ծովային կենդանու գոյատևման համար, և երկրորդ անազատության մեջ գտնվող դելֆինները տառապում են խոցերից և ագրեսիվ վերաբերմունք դրսևորում իրենց ցեղակիցների ու մարդկանց հանդեպ:



«Armenian Environmental Network»-ի` Հայ բնապահպանական ցանցի գործադիր տնօրեն Սէրդա Էօզբենյանն էլ նշեց, որ դելֆինարիումի միջոցով իրականացվելիք դելֆինաթերապիան էլ վստահելի բուժում չի լինի, ու երեխաները կենթարկվեն միայն վնասվածքների ու տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների վտանգի. «Մենք դեմ ենք դելֆինարիայի բացմանը, քանզի այն օգուտ չի բերի հայ հասարակությանը և կտանջի այս խելացի կենդանիներին, ինչի արդյունքում դելֆինները հետագայում կունենան հոգեկան և ֆիզիկական խնդիրներ»:



«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ փաստեց, որ մշակույթի նախարարն իրենց ուղարկած հարցման պատասխանում նշել է, որ Կոմիտասի այգու տարածքը դուրս է պանթեոնի պահպանության գոտու սահմաններից. «Այսինքն այգին բաժանվել է 2 մասի՝ պահպանվող և չպահպանվող»: Նա հատկապես կարևորեց հետևյալ հանգամանքը, որ այն տարածքներում, որտեղ աճյուններ են ամփոփված, պետք է սանիտարական գոտին պահպանվի բնակելի շենքերի միջև. «Հետո էլ միթե հայ ազգը ավարտվելու է այս մեծերով, որ չմտածենք պանթեոնի ընդլայնման մասին»:



«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանն էլ հավելեց, որ բնապահպանության նախարարության պատասխան նամակում գրված է, որ շրջակա միջավայրի փորձաքննություն չի կատարվել. «Իսկ, եթե բնապահպանության նախարարությունը չի տվել փորձաքննություն անելու թույտվություն, և դեռ պարզ չէ՝ դելֆինարիում լինելու է, թե ոչ , ապա ինչո՞ւ է բացվել շինհրապարակ»:



Լրագրողները հարց ուղղեցին բանախոսներին, որ եթե ջրավազանը փոքր է դելֆինների համար, ապա կենդանաբանական այգու փոքր ջրափոսում գտնվող գետաձին ի՞նչ ասի, և կարո՞ղ է մի օր էլ պահանջեն կենդանաբանական այգին փակել, ինչին Սիլվա Ադամյանը պատասխանեցեց, որ կենդանաբանական այգիները այնպիսի վիճակում, ինչպիսին որ Հայաստանում են, ուղղակի չպետք է լինեն. «Մենք չենք պահանջելու, որ կենդանաբանական այգին փակվի, մենք պահանջելու ենք, որ պայմանները բարելավվեն»:



Ստեփան Սաֆարյանը վերջում այս հարցին մի այլ տեսանկյունից էլ անդրադարձավ, որ ի վերջո մի օր պետության մակարդակով պիտի հստակ չափանիշներ սահմանվեն, թե ինչը որտեղ կարելի է կառուցել, թե ոչ, ցավով արձանագրելով, որ նման մի սխալ արդեն թույլ ենք տվել Եղեռնի հուշահամալիրի կողքին կառուցելով մարզահամերգային համալիրը: