Վիքիլիքսի դասերը

Վիքիլիքսի դասերը
Չգիտեմ ինչ դասեր քաղեցին «Վիքիլիքս» կոչվող համաշխարհային սկանդալից գերտերություններն ու նրանց ղեկավարները, բայց մենք՝ շարքային քաղաքացիներս, մի քանի եզրահանգում, կարծում եմ` հաստատ արեցինք: Առաջինը, որքան էլ տարօրինակ թվա, այն է, որ 21-րդ դարում «գաղտնի» գրիֆը դառնում է ֆիկցիա, երազ: Եթե անգամ Պենտագոնի եւ Սպիտակ տան արխիվները՝ աշխարհին իրենց երկաթյա աշխատաոճով հայտնի ամերիկյան գաղտնի ծառայությունները չեն կարողանում պաշտպանել, ապա ինչ գաղտնիության մասին կարող է խոսք լինել, ասենք, Հայաստանի նման փոքրիկ երկրում: Ինտերնետը, տեխնիկական առաջընթացը, շուկայի թելադրանքը վերացնում են բոլոր սահմանները, ամեն ինչ դարձնում մատչելի ու հասանելի: Որքան էլ տարօրինակ հնչի՝ թափանցիկ: Վերանում է «պետական գաղտնիք» հասկացությունը, առաջ է մղվում մարդկանց տեղեկացված լինելու, լրագրողների՝ կյանքի գնով լրատվություն հաղորդելու սկզբունքը: Տեղեկատվական բիզնես-շահը դառնում է առաջնային, պետական շահը՝ երկրորդային: Ջուլիան Ասանժի՝ «Վիքիլիքսի» հիմնադրի ճակատագիրը թեեւ այսօր աղոտ է՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, երեկ անգամ նրան ոչնչացնելու կոչեր էին հնչում, բայց խոսում է մի բանի մասին՝ գաղտնի փաստաթղթեր տնօրինողին հետ չի պահում անգամ կյանքից զրկվելու հեռանկարը: Նա պատրաստ է թաքնվել, հետապնդվել, զանազան վտանգների ենթարկվել, բայց չի կարող հրաժարվել սենսացիա անելու, հայտնի դառնալու, սպառողի պահանջները բավարարելու գայթակղությունից: Անշուշտ, յուրաքանչյուր պետություն ունի պետական մակարդակի գաղտնիքներ, գրագրություն, որը հրապարակման ենթակա չէ, սակայն դրանց պաշտպանությունն այսուհետ ավելի ու ավելի դժվար կլինի, քանի որ «Վիքիլիքսի» դիպվածը վարակիչ է: