Արագածոտնի մարզպետը խնդիրներ չունի

Արագածոտնի մարզպետը խնդիրներ չունի
«Ես խնդիրներ չունեմ. նախագահ Սերժ Սարգսյանն ինձ ասել է` գնա աշխատիր»,- նախորդ չորեքշաբթի խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Ըստ մարզպետարանի մեր աղբյուրի` երեկվա խորհրդակցությունում էլ նույն միտքն է նա  կրկնել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Աշտարակի հրապարակում Հայ հեղափոխական դաշնակցությունը միտինգ էր կազմակերպել, եւ ելույթ ունեցողները բողոքել էին մարզպետի անօրինական գործելաոճից, հատկապես անդրադարձել էին դաշնակցական 30 պաշտոնյայի գործից ազատելու փաստին, իսկ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր. «Մենք եկել ենք այստեղ, որպեսզի իշխանություններին ասենք, որ Արագածոտնի մարզպետը պետք է հեռացվի աշխատանքից, եւ դա մենք կանենք»:



Այդ միտինգից հետո, ինչպես ասացին մարզպետարանում, մարզպետը «տեղը չէր գտնում», սակայն արդեն մեկ շաբաթ է, ինչ անցել է հին գործելաոճին: Երեկ Քաղծառայության խորհրդում, օրինակ, ատեստացիայից դարձյալ միտումնավոր փորձում էին կտրել Թալինի սոցիալական ծառայության պետ դաշնակցական Անդրանիկ Ղազարյանին, ով ատեստացիայի թեստային փուլն անցել է գրեթե 100 տոկոս արդյունքով, սակայն նրան մարզպետարանից դեմ էին քվեարկել  երկու հանձնաժողովականներ: