Ես մարդ չեմ սպանել

Ես մարդ չեմ սպանել
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը 15 տարի բանտում է անցկացրել: Նա փախուստի երկու փորձ է արել, սակայն շարունակում է պայքարել` ապացուցել իր անմեղությունը:

Բարի օր… կարծում եմ՝ դու էլ իմ նման Աստծո հետ խոսելիս «դու»-ով ես խոսում: Նա էլ, ով Աստծուն չի հավատում, ինքն իր հետ խոսելիս, երեւի թե, «դու»-ով է սկսում... Կցանկանայի, որ գոնե որոշ իշխանավորներ մի փոքր ժամանակ գտնեն ու կարդան այս դիմում-նամակը:



20-ՐԴ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԸ



1996 թվական, նոյեմբերի 29, ՀՀ Գերագույն դատարան: Այդ օրը, այդ նույն վայրում ինձ դատապարտեցին մահապատժի: 20 տարեկան էի: Բերեցին Երեւանի ծայրամաս, «Նուբարաշենի» կլոր բերդը` բանտ: «Բոքսեր» կոչված կեղտոտ, գարշահոտով լցված խցերից մեկում գլուխս կիսատ-պռատ թրաշեցին, սեւ գույնի քնձռոտ «սպեցովկա» կոչվածը հագցրեցին` շալվարը կարճ, վերեւում հակառակը` մի երեք չափ մեծ, ոտքերիս էլ կոշիկներ` առնվազն մի երկու չափ մեծ: Բարձրացրեցին 5-րդ հարկ` մահապարտների բաժին: 19 մահվան դատապարտվածներ գտնվում էին 5 խցերում: Ինձ տեղավորեցին համար 88-ում: Սովորաբար խուց մտնելուց առաջ մոտ 10-15 աշխատակիցներ մի շան ծեծ էին տալիս` ոտքերով, ձեռքերով, մահակներով, կես մարդ էին սարքում ու նոր, բառիս բուն իմաստով, շպրտում մութ զնդան: Ծեծում էին մոտ կես ժամ, ամբողջ բերդով լսվում էին հարվածների բութ ձայներ եւ մահացողի անտանելի ոռնոցներ:



Ինձ մատով չկպան: Տվեցին համեմատած հաստ` երկու մատնաչափ ներքնակ եւ ոչ այնքան շատ քրքրված ծածկոց: Սա ասում եմ, որովհետեւ սովորաբար ներքնակ ընդհանրապես չէին տալիս, դրա փոխարեն մի հոտած քեչա էին գցում:



Խուց մտնելուց առաջ այդ օրվա «սմենի» պետն ասաց. «Մհեր ջան, պի՛նդ կաց, դուխից չընկնե՛ս, Աստված կա՛»: Աշխատակիցների մեծ մասի նման լավ վերաբերմունքը պայմանավորված էր նրանով, որ գործն իմանալով, չէին հավատում, որ ես մարդասպան եմ, իսկ ինձ անգամ մի փոքր լավ ճանաչողները համոզված էին` ես մարդ սպանելու ընդունակ չեմ: Բացի այդ, հարազատներս էին կանգնած թիկունքիս. փա՜ռք Աստծո:



Համար 88-ում, ըստ ադմինիստրացիայի, նվազ չարագործներն էին: Ներս մտա: Բնական լույս չկար, շատ խոնավ ու անտանելի ծանր, տհաճ հոտ, երկու նառ` մահճակալ: Ու «մահճակալ» բառի «մահ» հատվածը իսկապես որ տեղին էր այս պարագայում: Խցում երեք մահապարտ կար, մեկը խոնավ ասֆալտե հատակին էր քնում: Բարեւեցինք: Առաջին հարցն ինձ.



- Քանի՞ տռուպ ես տվել:

- Ես մարդ չեմ սպանել:

- Ատկազո՞վ ես, հա՞, բայց գործով, մեղադրանքով քանի՞սն են:

- Մեկը...

- Վա՜յ ես դրանց, մեզ էլ մահապատիժ, էս էրեխո՞ւն էլ...



Հարցրեցի իրենց մասին, սկսեցին հպարտ-հպարտ պատմել, թե ով քանի մարդ է սպանել: Պարզվեց մեկը` 4, մյուսը` 3, իսկ «գողը» 5 մարդ էր սպանել: Երկուսը բազմակի դատվածություն ունեին` դեռ Սովետական Միության ժամանակներից: Զզվելի էր, սիրտս էլ խառնեց: Բայց դուռը փակել էին, չորս պատ, բերդն էլ` կլոր: Ի՞նչ անել, պետք է գոյատեւել, բայց մինչեւ ե՞րբ: Գոյատեւել ու վե՛րջ: Ապրե՛լ, ապրե՛լ առանց մաքուր օդի, առանց լույսի, առանց շորի, առանց նորմալ սննդի, առանց գրքի, առանց նույնիսկ ռադիոյի, առանց օճառի, առա՛նց, առա՛նց, առա՛նց…



Ասե՛մ, չծիծաղեք. մեկը կար՝ հազար դրամով ամիսը մեկ անգամ հսկիչից ոչ թե մի ամբողջ ամսագիր, այլ ընդամենը ամսագրից պոկված մի պատառոտված թերթ էր գնում` կիսամերկ կնոջ լուսանկարով: Ինչեւիցե...



Նրանցից մեկը սուրճ առաջարկեց: Չհրաժարվեցի: Տեսնեմ իր մատնաչափ ներքնակի միջից տոպրակի փոքրիկ կտոր հանեց, մեջը մի 5-6 գդալի չափ սուրճ, իսկ մյուսը թաքստոցից չոր սպիրտ բերեց: Այսքանը տեսնելով` նրբանկատորեն հրաժարվեցի: Գիտեի, որ մահապարտներին դրսից սնունդ ստանալ չի թույլատրվում, իսկ բերդի «բալանդ» կոչվածն ուտելու բան չէ: Հարցրեցի` բանտում փողով նորմալ սնունդ հնարավո՞ր է ճարել: Ասացին. «Ախպերս, փողը դաժը գերեզմանում ա լույս տալիս»:



Ինձ մոտ 5 հազար դրամանոց էի թաքցրել, խուզարկելուց չգտան: Երբ իմացա, թե ինչ կարելի է այդ 5 հազարով գնել, շատ զարմացա: Մի խոսքով, ամենաէժան տարբերակը երշիկն էր: 1,5 կգ-ն 1996 թ.-ին այստեղ ուղիղ 5 հազար արժեր: «Օրենքով գող» կոչվածը ձեռքով սարքված քանոնով չափումներ արեց, բաժանեց երշիկը չորս մասի, նոր միայն կտրեց: Ես նկատեցի, որ այստեղ էլ արդարություն չկա: Չէ՛, գողի կտորը չէ, այլ իմը` այն նկատելի մեծ էր:



Ու այսպես, 1996 թ. նոյեմբերի 29-ին ես դարձա 20-րդ մահվան դատապարտվածը Հայաստանում:



ՕՐԵՆՔՈՎ «ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ»



Երբ ինձ բանտ բերեցին, ներսում տարիքով մարդկանց, անկախ նրանից` դատապարտյալ էր, թե աշխատակից, «Դուք»-ով էի դիմում ու «ձյաձյա» ասում: Երբ 40-ն անց մի կալանավորի ձյաձ Ստյոպա դիմեցի, բոլորը զարմացած ասացին` կալանավայրում տարիք չկա: Իսկ առավոտյան երբ նույն ձեւով դիմեցի ռեժիմի պետին` ձյաձ Ռոմիկին, չդիմացավ, ծիծաղեց, թե` վա՜յ քեզ էստեղ բերողի, հետո էլ, թե՝ ա՜խր չեն բերել, է՜, ինքդ ես եկել:



Տարիներ անց, երբ արդեն իմ ներքնակի միջից փիլիսոփայության դասագիրք եւ ատամի մածուկ հայտնաբերեցին, չառգրավեցին, չհարցաքննեցին, թե ով եւ ինչպես է գիրքն ու մածուկը մահապարտների խուց մտցրել:



Չգիտեի նույնիսկ, թե ովքեր են օրենքով գողերը: Շուտով իմացա: Տխրեցի. հասկացա, որ «գողականը» «պետականից» այդքան էլ չի տարբերվում: Գրեթե նույն համակարգն է` աննշան սրբագրումներով ու փոքր մոդելի մեջ: Օրինակ` ղեկավարներ կան թե՛ պետական, թե՛ գողական համակարգում: Երկու դեպքում էլ հիերարխիան առկա է: Գողական աշխարհում կա «օբշակ» հասկացությունը, այսպես ասած` գողական բանկը, որտեղ կուտակվում են եկամուտները:



…ասում են՝ Խորհրդային Միության ձեւավորման տարիներին հանրահայտ Ֆելիքս Էդմոնդովիչ Դերժինսկին  ստեղծեց «օրենքով գողերի» ինստիտուտը` մի պարզ նպատակով, որ վերահսկվի տարաբնույթ հանցագործ աշխարհը նոր ձեւավորվող պետության ներսում: Միգուցե Դերժինսկին ժամանակ չէր ունեցել կարդալու Կոնֆուցիոսի աշխատանքները, ինչի պատճառով էլ կառավարման ոչ ճիշտ մեխանիզմ ընտրեց:



Մի օր Կոնֆուցիոսին հարցնում են. «Ինչպե՞ս եք վերաբերվում այն սպանություններին, որոնք կատարվում են պետությունը ղեկավարելու սկզբունքից ելնելով»: Կոնֆուցիոսը պատասխանում է. «Ղեկավարը քամու է նման, իսկ ժողովուրդը` խոտի. որ ուղղությամբ քամին է փչում, այդ ուղղությամբ էլ պառկում է խոտը: Ուրեմն էլ ինչո՞ւ սպանել»:



Այս առումով Ռուսաստանում վերջին իրադարձություններն էին հետաքրքիր` կապված արդեն նախկին քաղաքապետի հետ: Մինչ այդ շատերն էին փառաբանում նրան ու քչերը հանդգնում քննադատել, բայց երբ, ժողովրդական լեզվով ասած` «եզն ընկավ, դանակավորները շատացան»: Իսկ նախկինում շատ-շատերը պարզապես վախենում էին խոսել` մեկը պաշտոնի, երկրորդը` փողի, երրորդը` իշխանության ու փառքի համար:



Ես եւս ունեմ վախենալու պատճառներ՝ հարազատներիս ու իմ կյանքը: Բայց մինչեւ ե՞րբ վախերով ապրենք…



15 տարի առաջ քննիչն ասում էր. «Լա՛վ մտածիր, կամեռում կարող ես հանկարծամահ լինել, իսկ եթե քո համար չես վախենում, գոնե հարազատներիդ համար վախեցիր. եղբայրդ ինստիտուտ գնալուց կարող է մեքենայի տակ ընկնել, մայրդ լվացք փռելուց կարող է բալկոնից ընկնել…»:



Մինչեւ հիմա էլ կան վախեցնողներ: Բայց քանի որ եվրոպացի ենք ուզում դառնալ… այս տարիների ընթացքում դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, եղան:



ՆԵՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՆՈՐ ՊԱՏԻԺ



2003 թ. օգոստոսի 1-ին,  երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներում շնորհեց մահապարտներին, նրանց թիվը 42-ն էր: Այսինքն` 1996 թ.-ից մինչեւ 2003 թ.-ն` ոչ լրիվ 7 տարիների ընթացքում ՀՀ-ում մահվան է դատապարտվել  22 ՀՀ քաղաքացի: 2003 թ.-ից մինչ օրս ցմահ ազատազրկման է դատապարտվել 60 ՀՀ քաղաքացի: Այլ կերպ ասած` ամենապարզ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում մահապատիժը վերացնելուց հետո պատժի առավելագույն չափը` 2003 թ.-ից ի վեր` ցմահ բանտարկությունը, գրեթե երեք անգամ ավելի հաճախ է կիրառվել, քան մինչեւ մահապատժի վերացումը: Ինչի՞ մասին է սա խոսում:



1. Կամ Հայաստանում մահապատժի վերացումը սխալ էր, քանի որ փաստացի ստացվում է, որ ծանր հանցագործությունների, այն է՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունների  թիվը աճել է երեք անգամ:



2. Կամ ինչ-ինչ անհասկանալի պատճառներով դատարաններում դատախազները պահանջում են, իսկ դատավորներն անհիմն խիստ պատիժներ են նշանակում այն հանցանքների համար, որոնց համար կարելի է բավարար խիստ պատիժ նշանակել որոշակի տարիների ազատազրկման ձեւով` միգուցե 15 տարուց բարձր, ինչպես եւ առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծում:



3. Կամ էլ, համեմատություն անցկացնելով այլ պետություններում բնակչության թվի ու պատժի առավելագույն չափի` մահվան կամ ցմահ բանտարկության դատապարտված քաղաքացիների միջեւ, ստացվում է, որ հայերիս մեջ չարագործների, մարդասպանների թիվն ավելի մեծ է, քան այլ ազգերի մոտ: Չեմ կարծում:



Այդ դեպքում ինչո՞ւ են դատական իշխանությունները, կառավարությունն այդքան չարացած, այդքան դաժան:



Թույլ տվեք անդրադառնալ 2003 թ. օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից ՀՀ օրենքների կոպիտ խախտումներով «ներում» կոչվածի շնորհմանն առավել մանրամասն։ Հայ ժողովուրդը լավ է հասկանում, թե ինչու կատարվեց հիշյալ «ներումը»: Ռ. Քոչարյանն իրավունք չուներ մահապատժի դատապարտվածներին, այն էլ՝ ներման միջոցով ցմահ ազատազրկման դատապարտել: Այսպես թե այնպես, մահապատժի վերացումից հետո մահապարտների պատժաչափը պետք է փոխարինվեր այլ պատժաչափով, որը, այն ժամանակ գործող օրենքի համաձայն, չէր կարող գերազանցել 15 տարվա ազատազրկումը:



Արդարադատության համակարգը կարող է փորձել այդ «ներումը» ներկայացնել որպես օրինական ակտ ու ասել, որ ոչ մի օրենք էլ չի խախտվել, սակայն այդպես չէ: Օրենքը խախտվել է, այն էլ՝ կոպիտ ձեւով: Շատերը կասեն, թե ցմահ բանտարկությունն ավելի մեղմ պատիժ է, քան մահապատիժը, այնինչ անգամ իրավաբան-գիտնականներն են տարակարծիք այս հարցում: Իսկ ես խոստանում եմ մոտակա ամիսներին ներկայացնել ու հիմնավորել իմ կարծիքը` որպես թե՛ նախկինում մահապատժի դատապարտված, թե՛ ներկայումս ցմահ դատապարտված:



Ամեն ինչ շատ ավելի պարզ է ու հստակ: Մահապատիժը վերացավ Հայաստանում, Սահմանադրությունում այլեւս նման պատիժ նախատեսված չէ, եւ պարզ է, որ մահապատժի դատապարտվածներ էլ պիտի չլինեին, այսինքն` նրանց պատիժը պիտի փոխարինվեր այլ պատժաչափով: Իսկ Ռոբերտ Քոչարյանը օրենքն ընդունելուց մեկ օր անց «ներում» հայտարարեց, այնինչ ներում շնորհելու պարագայում նա իրավունք չուներ մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ:



ՀՀ արդարադատության նախարարն ասում է, թե իբր այդ պահին օրենքը թույլ էր տալիս ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու համար մահապատժի դատապարտել: Այդ դեպքում ինչո՞ւ «հոկտեմբերի 27-ի» ահաբեկիչները չդատապարտվեցին մահապատժի: Ժողովուրդն էլ լավ գիտի, որ տեռորիստներին մահապատժից «պրծացնելու» համար` նախկինում մահվան դատապարտված 42 անձինք նախագահի «մեծահոգաբար» տրված «ներումով» եւ օրենքի կոպիտ խախտումով դարձան ցմահ դատապարտյալներ:



Ես ինքս գտնում եմ, որ ցմահ դատապարտվածների մեջ կան անձինք, որոնց պարագայում անգամ ցմահ բանտարկությունն է մեղմ պատիժ, մահապատժի մասին էլ չեմ խոսում, քանի որ գտնում եմ, որ մահը պատիժ չէ՝ որպես այդպիսին, այլ ուղղակի կյանքից զրկել է. չարագործն այդժամ ոչինչ այլեւս չի զգում` ո՛չ հոգեկան, ո՛չ մարմնական ցավ, այսինքն՝ այլեւս պատիժ չի կրում: Միգուցե նրա հոգին ինչ-որ տեղ ինչ-որ ձեւով կպատժվի, բայց դա թողնենք Ամենաբարձրյալին: Նաեւ չմոռանանք, որ Հիսուսի կողքին անգամ խաչված չարագործներից մեկը ներվեց:



Խնդրում եմ Ձեզ չմոռանալ, սակայն, որ ցմահ բանտարկյալների մեջ կան նաեւ այնպիսիները, ովքեր անհիմն են դատապարտվել, ինչպես նաեւ նրանք, ովքեր իրենց կատարած հանցանքին ոչ համարժեք պատիժ են ստացել:



ՄԵՂՄԱՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԽՍՏԱՑՈՒՄ



Հարգելի՛ ԱԺ պատգամավորներ, ես դիմել էի ՀՀ արդարադատության նախարարին` խնդրելով, որ պարզաբանվի, թե ինչ ընթացքում է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքը»: Արդարադատության նախարարությունից ինձ պատասխանեցին, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից հիշյալ նախագիծը 2010 թ. հուլիսի 22-ին ներկայացվել է կառավարության նիստին: Նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը եւ սահմանված կարգով արդեն իսկ ներկայացվել է ԱԺ: Սակայն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 14-ին որոշում է կայացվել նախագիծը նստաշրջանի օրակարգ ընդգրկելը հետաձգել 60 օրով: Նշված նախագիծն ԱԺ օրակարգում առայժմ ընդգրկված չէ:



Հարգելի՛ ԱԺ պատգամավորներ, ինչո՞ւ եւ ի՞նչ ուժերի կողմից է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների ու լրացումների նախագծի ընդգրկումն օրակարգ հետաձգվում:



«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում մի շարք հոդվածներում, մասնավորապես 104 հոդվածի 2-րդ մասում առաջարկվել է փոփոխություն կատարել եւ 15 տարվա ազատազրկման ձեւով պատժի սահմանված այս վերին շեմը բարձրացնել մինչեւ 20 տարի եւ հետո նոր, որպես առավելագույն խիստ պատիժ, նշանակել ցմահ ազատազրկում:



Այս օրենսդրական փոփոխության հիմնավորումը հետեւյալն է. «Հանրապետությունում վերջին տարիներին կատարված սպանությունների եւ դրանով դատարանների կողմից կայացված դատավճիռների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործող օրենսգրքի համապատասխան հոդվածներում նախատեսված սանկցիաները ենթակա են վերանայման: Շատ դեպքերում կատարված արարքի համար ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, բայց միաժամանակ 15 տարին էլ` մեղմ»: Հաճախ վերոհիշյալ հոդվածներով դատարանները պատիժը նշանակելիս գտնում են, որ հանցանք կատարած անձի համար 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է, եւ գերադասում են նշանակել ցմահ ազատազրկում: Մինչդեռ եթե ազատազրկման վերին սահմանը լինի 20 տարի, ապա ցմահ ազատազրկվածների թիվը էականորեն կնվազի, որի արդյունքում հնարավոր կլինի կանխատեսել հանցագործի ուղղումը եւ նրա վերադարձը հասարակություն:



Այս հիմնավորումները բերված են հենց դատախազության կողմից: Սակայն երբ պաշտոնատար անձանց հարցնում ես, թե ինչպես է այս փոփոխությունն անդրադառնալու ներկայումս ցմահ դատապարտվածների վրա, լսում ես իրարամերժ պատասխաններ: Մեկն ասում է, թե դա  չի վերաբերի ներկայումս ցմահ դատապարտված անձանց գործերին, մյուսն էլ, թե՝ անպայման անդրադարձ կլինի:



Ճի՛շտ է, օրենքը խստացնող է այն առումով, որ վերին շեմը բարձրանում է, սակայն մյուս կողմից ներկայիս ցմահ բանտարկյալի համար դա դիտվում է մեղմացում: Հետեւաբար օրենքի մեղմացումը հետադարձ ուժ ունի: Մի բան հաստատ գիտեմ, որ հենց իշխանությունների՝ կոնկրետ դատախազության կողմից բերված հիմնավորումները միանշանակ վերաբերում են առաջին հերթին հենց ներկայիս ցմահ դատապարտվածներին եւ հատկապես մահապարտներին:



Նշեմ, որ 1991թ.-ից այս կողմ մահվան դատապարտվածի եւ ո՛չ մի գործ չի վերանայվել, ո՛չ մի դատապարտյալ չի արդարացվել, ո՛չ մեկի պատիժը չի նվազել: Փաստ է, որ նույնիսկ համեմատած ավելի ժողովրդավար երկրներում, որտեղ դատական համակարգն ավելի կայացած է, ինչպիսին են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան եւ այլն, հայտնաբերվում են դատական սխալներ եւ վերանայվում են մահվան կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց քրեական գործեր, իսկ արդյունքում էլ դատապարտյալները հաճախ արդարացվում են, կամ նրանց տրված պատժաչափն է նվազեցվում:



Մինչդեռ ստացվում է, որ Հայաստանում դատական համակարգն անսխալական է: Ամենաարդար պետությո՞ւնն ենք, եւ դա՞ է պատճառը, որ բնակչության թվի հարաբերակցությամբ ամենաշատ ցմահ բանտարկյալներն ունենք:



ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍԽԱԼ-1



«Նուբարաշեն» ՔԿՀ-ից  2009 թ. նոյեմբերի 29-ին կատարած փախուստի վերաբերյալ հարուցված քրեական գործում առկա էր տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.08.2006 թ. որոշմամբ ՀՀ Գերագույն դատարանի քր. գործերի կոլեգիայի 29.11.1996 թ. դատավճռով ՀՀ քրօր.-ի 99-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերով ինձ վերագրվող արարքը համապատասխանեցվել է 18.04.2003 թ. ընդունված ՀՀ քրօր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին` երկու եւ ավելի անձանց սպանություն, 5-րդ, 8-րդ եւ 11-րդ կետերին` սպանություն այլ հանցանքը թաքցնելու համար կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ (ավազակություն՝ բնակարան, պահեստ կամ այլ շինություն մուտք գործելու միջոցով) կետին:



Բանն այն է, որ 2006 թ. վերոհիշյալ կետերի համապատասխանեցմամբ, ինձ են վերագրվել հանցանքներ, որոնց մեջ ինձ երբեւէ չեն մեղադրել: Այս նոր կետերն ընդհանրապես որեւէ առնչություն չունեն իմ գործի հետ եւ 1996 թ. դատավճռում նման արարքների վերաբերյալ ընդհանրապես հիշատակում չկա: 11.08.2006 թ. օրինակն ինձ երբեւէ չի տրվել, ես երբեւէ ծանոթ չեմ եղել այդ որոշմանը, ուստի դիմել եմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ հիշյալ որոշման օրինակը ստանալու համար: Օրինակը չստացա, փոխարենը` մի պատասխան. «Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նման որոշում երբեւէ չի կայացվել»: Այնուհետեւ դիմեցի «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությանը: Այստեղ եւս պատասխանեցին, որ իմ անձնական գործում նման որոշում չկա:



Իմ երկու փախուստներից հետո գրեթե բոլորը գիտեն, որ ինձ անհիմն են մեղադրել մեկ սպանության մեջ, իսկ հիմա ինձ են փորձում վերագրել երկու եւ ավելի մարդկանց սպանության, նաեւ ավազակությա՞ն մեջ:



Արտերկրի զարգացած երկրներում` Գերմանիայում, Շվեյցարիայում, փախուստի համար ընդհանրապես չեն դատապարտում ՔԿՀ-ից փախուստի դիմած դատապարտյալին, եթե բռնություն չի կատարվել ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում: Այսինքն` ազատության մեջ գտնվելով` ես երկու անգամ էլ ապացուցել եմ, որ չեմ կատարել այն հանցանքը, որում ինձ մեղադրել են 15 տարի առաջ: Սպառելով արդարադատության հասնելու բոլոր օրինական ճանապարհները` ես երկու անգամ դիմել եմ ծայրահեղ եւ այս պարագայում, կարելի է ասել՝ նույնպես օրինական տարբերակի` փախուստի ակցիայի: Իսկ հայրենի արդարադատության համակարգը փախուստների համար ինձ դարձյալ դատապարտել է ցմահ ազատազրկման:



Դիմում եմ տողերս ընթերցողին: Գիտե՞ք, թե ինչու են փորձում այդ կեղծիքները օրը ցերեկով վերագրել ինձ: Ցմահ դատապարտյալների մեջ գրեթե միայն ես եմ, որ մեղադրել են ընդամենը մեկ հոդվածով: Երբեւէ այլ արարք, նույնիսկ 15 տարի առաջ, ինձ ուղղակի չկարողացան վերագրել: Փորձում են հիմա անել: Չի՛ ստացվի:



Իմ դիմումներին` ուղղված ՀՀ բոլոր երեք նախագահներին, գլխավոր դատախազներին, արդարադատության նախարարներին եւ այլ պատկան մարմիններին, որոնք, վերջիվերջո ուղղվում էին մեկ մարմնի` գլխավոր դատախազությանը, տրվում է նույն ստանդարտ պատասխանը` Ձեր գործը կարող է վերանայվել միայն նոր երեւան եկած հանգամանքների դեպքում:



Փաստորեն ստացվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն է երեւան բերում նոր հանգամանքներ, որոնց մասին ոչ ոք, բացի իրենից, չգիտի. hանգամանքներ, որոնք չկան ո՛չ ներկայացված մեղադրանքում, ո՛չ դատավճռում, ո՛չ էլ քրեական գործի նյութերում: Այդ թվում՝ այն նույն հանգամանքները, որոնք երեւան եկան «Կենտրոն» հեռուստաընկերության «Հետաքննության» հաղորդման ժամանակ:



Պարզապես իրականությունն այնպես հեշտ ու հանգիստ է խեղաթյուրվում, որ ամբողջությամբ այլ պատկեր է ստեղծվում:



Ինչի՞ մասին է սա խոսում: Ինչո՞ւ է Գլխավոր դատախազությունը փորձում դիմել կեղծիքների, խաբեության, ինչո՞ւ են փորձում օգտագործել ԶԼՄ-ներին իրենց ապատեղեկատվությունը տարածելու համար: Փորձում են նաեւ վարկաբեկել: Ինչո՞ւ:



Պատասխանը մեկն է եւ հստակ: Դատախազությունը տեսնում է եւ գիտակցում, որ 1996 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան, դատավոր Զ. Ղուկասյանի նախագահությամբ, ինձ ներկայացրել է անհիմն մեղադրանք եւ կայացրել անարդար, անօրեն մահվան դատավճիռ:



Այստեղից հասկանալի է, որ պետական մարմինների եւ հատկապես Գլխավոր դատախազության համար սեփական սխալները խոստովանելը բավականին բարդ է, սակայն խեղաթյուրել նույնիսկ պաշտոնապես հաստատված հանգամանքները՝ առնվազն անթույլատրելի է:



Մի սխալ կարծիք կա, թե իբր բոլոր դատապարտյալներն էլ, տվյալ դեպքում` ցմահ ազատազրկման դատապարտվածները, ասում են, թե իրենք մեղավոր չեն: Հավատացնում եմ, որ այդպես չէ: Ես ուսումնասիրել եմ այս հարցը, անգամ հարցումներ կատարել: Իրենց ամբողջովին անմեղ է համարում ՀՀ-ում ցմահ դատապարտյալների 2-3 տոկոսը: Լիովին մեղավոր է ճանաչում 15-20 տոկոսը: Մնացածը այս կամ այն չափով մասնակի մեղավոր են ճանաչում իրենց: Առանձին անկեղծ զրույցների ժամանակ իրենց լիովին մեղավոր են ճանաչում 10-15 տոկոսը:



Իրականում, կարծում եմ, 10-15 քրեական գործեր կան, որոնք ընթացել են կոպիտ խախտումներով. թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ժամանակ մեղադրանքները հիմնավորապես չեն հաստատվել, հետեւաբար ծայրահեղ պատժի, այն է` ցմահ ազատազրկման դատապարտելը մեծ սխալ է:  Փաստորեն, քաղաքացուն պետությունը հասարակության անունից  դատապարտում է մահվան կամ ցմահ ազատազրկման: Այս դեպքում պետք են ոչ թե 10 կամ 50, կամ նույնիսկ 99 տոկոսանոց փաստեր, այլ 100 տոկոսանոց ապացույցներ, որպեսզի նույնիսկ 1 տոկոսի կասկածի տեղ չմնա:



Ինձ էլ 15 տարի առաջ գցեցին զնդան ու մինչ օրս պահում են այստեղ: Իշխանություններ են փոխվում, նախագահներ են գալիս-գնում, սակայն ոչ ոք չի ցանկանում լսել իմ ձայնն ու վերականգնել արդարությունը: Մինչ այդ ես` Գրիգոր Լուսավորչի պես, աղոթք եմ բարձրացնում առ Աստված ու սպասում հրաշքի:



ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍԽԱԼ - 2



Օգոստոսի 29-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Հետաքննություն» հաղորդաշարի ժամանակ հրապարակվեց տեղեկատվություն, ըստ որի՝ Մհերը 1996 թ. սպանել է համակուրսեցուն, ապա վերջինիս՝ Իոսիֆ Աղաջանովի դին բաժանել 17 մասի։



Սեպտեմբերի 17-ին, օրենքով սահմանված կարգով, ես, ապա նաեւ փաստաբանս, դիմել ենք հեռուստաընկերություն` սխալ տեղեկատվությունը հերքելու պահանջով:



«ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, հերքումը պիտի հրապարակվի առավելագույնը մեկամսյա ժամկետում։ Իսկ նույն հոդվածի 2-րդ կետով՝ անճշտությունը տարածած ԶԼՄ-ն, հերքման պահանջը ստանալուց հետո, մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է տեղեկացնել հերքումը տարածելու ժամկետի վերաբերյալ կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին:



Սահմանված բոլոր ժամկետները լրացան, սակայն հեռուստաընկերությունից մենք որեւէ պատասխան չստացանք։ Հերքումն էլ հաղորդման շրջանակներում տեղ չգտավ։ Դա էր պատճառը, որ արդեն նոյեմբեր ամսին` եթեր հեռարձակված հաղորդումից ավելի քան 2 ամիս անց, ես դիմեցի դատարան՝ հերքման իրավունքի պահանջով:



Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ ադմինիստրացիան ինձ տեղեկացրեց, որ նոյեմբերի 28-ին, ժամը 9-ին «Կենտրոն» ՀԸ-ով իմ մասին հաղորդում է լինելու: Ահա՛… մինչեւ դատարան չդիմեցի, չարձագանքեցին, տեսնե՞ս ինչ են ասելու: Ամեն դեպքում, օրենքի համաձայն, իմ դիմումին նրանք պիտի արձագանքեին մեկ շաբաթվա ընթացքում, իսկ անցել է երկու ամսից ավելի: Բացի դրանից, նույնպես օրենքի համաձայն, տվյալ ՀԸ-ն պարտավոր է հրապարակել նաեւ իմ պատասխանը: Իսկ իմ պատասխանը նրանք չունեն: Նայեցի: Ես լրագրողներին չեմ մեղադրում, ոչ էլ «Կենտրոն» ՀԸ-ին, որ անճշտություն է եղել, նման բան չկա։ Ի վերջո, հեռուստատեսությամբ հերքման տեքստում ասվեց, որ այդ քր. գործի մեջ Իոսիֆի մարմինը ոչ մի մասի էլ չի բաժանվել, իսկ նրա կոկորդին հարվածել է ոչ թե Մհերը, այլ՝ Արամը: Լա՛վ, բայց ո՞վ եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ էր այդ սուտ տեղեկությունը հրամցրել «Կենտրոն» ՀԸ-ին ու լրագրողին գցել կրակը:



ԱԿԱՄԱ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ



Ամիսներ առաջ ինձ խցակից բերեցին դարձյալ ցմահ ազատազրկման դատապարտված մի մարդու, ով Ղարաբաղից է, բայց հանցանքը կատարվել է Հայաստանում: Ասաց, որ խնդրել է իր տան մոտ պատիժը կրել, սակայն պատասխանել են, որ Արցախում ցմահ դատապարտյալներ չկան: Հետո, երբ իմացավ, որ բժշկական համալսարանում եմ սովորել, պատմեց, որ կինը ծանր հիվանդ է, ու որ բժիշկներն ասել են` նրան երիկամի փոխպատվաստումը կփրկի: Ամուսինը, ի դեպ, պատրաստ է իր երիկամով փրկել կնոջը: Հարցրեցի՝ դիմե՞լ է արդյոք որեւէ ատյանի այդ խնդրով:



Ասաց, որ գրել չգիտի եւ միայն վանկերով է կարողանում կարդալ: Որոշեցի ինքս նրա անունից դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Մոտ մեկ ամիս անց պատասխան եկավ մարդու իրավունքների պաշտպանից, որում մասնավորապես ասված էր. «Ձեր կողմից ՀՀ նախագահին ուղղված դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ իմ կողմից գրություն է ուղարկվել ՀՀ վարչապետին, որով առաջարկվել է հանձնարարել ուսումնասիրել բարձրացված հարցը եւ հնարավորության դեպքում հանդես գալ օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ:



Ի պատասխան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ խնդիրն ոսումնասիրվել է առողջապահության եւ արդարադատության նախարարների կողմից: Վարչապետի հանձնարարությամբ «Մարդու օրգաններ եւ/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը սահմանված կարգով դրվել է շրջանառության մեջ: Մասնավորապես նախատեսվել է այդ հարցի կապակցությամբ հիշյալ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը` «վայրում» բառից հետո լրացնել` «բացառությամբ, եթե ռեցիպիենտը ազատազրկված անձի մերձավոր ազգականն է»: Մեր կողմից տվյալ լրացման առնչությամբ առաջարկվել է հստակեցնել «մերձավոր ազգական» հասկացության շրջանակը (ծնող, զավակ, ամուսին, քույր, եղբայր): Վերջնական արդյունքի մասին Դուք կտեղեկացվեք»:



Ահա այսպիսի ընթացք ստացավ իմ կողմից Էմիլ Վերդյան ԼՂՀ քաղաքացի, այժմ ՀՀ-ում ցմահ բանտարկյալի անունով գրածս դիմումը: Չեմ ցանկանում պարծենկոտ երեւալ, բայց ստացվում է, որ եթե չօգտագործեի իմ բժշկական գիտելիքները, նաեւ այս տարիներին ուսանած իրավաբանական որոշակի գիտելիքներ եւ չդիմեի ՀՀ նախագահին, ապա օրենսդիրը պարզապես ուշադրություն էլ չէր դարձնի առողջապահական ոլորտի այս օրենսդրական բացթողմանը, որը կարող է ծանր առողջական վիճակում գտնվող մարդուն զրկել վերջին հույսից: Պարզապես զարմանալի է, որ օրենսդիրը ժամանակին որոշել է արգելել ազատազրկված քաղաքացուն իր հարազատի կյանքը փրկելու նպատակով սեփական օրգան տրամադրելու հարցում:



Մոտ երեք ամիս առաջ Եվրախորհրդի ներկայացուցիչներ էին այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ, ինձ հետ էլ հանդիպեցին: Օգտվելով առիթից` այս հարցը եւս հիշատակեցի: Ի դեպ, նրանք զարմացած էին, որ Հայաստանում դատապարտյալին արգելվում է օրգանի դոնոր լինել իր հարազատի համար, ու խոստացան ՀՀ իշխանությունների հետ հանդիպման ժամանակ այս հարցը եւս բարձրացնել:



Այս հանդիպումից մի երկու շաբաթ անց ՔԿՀ աշխատակիցներից մեկն ասաց, թե լուրերով հաղորդում են, որ օրենքում հիշյալ փոփոխություններն ընդունվել են: Սակայն որեւէ հստակեցում չեղավ` առաջի՞ն ընթերցմամբ են ընդունել, թե՞…



Ամեն դեպքում որոշեցի մի դիմում-նամակ էլ առողջապահության նախարարին գրել՝ դարձյալ Էմիլ Վերդյանի անունից: Նախարարության աշխատակազմի ղեկավարից ստացա պատասխան. «Հարգելի՛ Վերդյան, Ձեր դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ «Մարդու օրգաններ եւ/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ «Փոխպատվաստման նպատակով օրգաններ ու հյուսվածքներ քաղաքացուց վերցնել չի թույլատրվում, եթե քաղաքացին պատիժ է կրում ազատազրկման վայրում»: Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, մշակվել է նախագիծ՝ հիշյալ օրենքում փոփոխություն կատարելու եւ նշված արգելքը հանելու վերաբերյալ, որը դեռեւս չի ընդունվել ԱԺ-ի կողմից: Ելնելով նշվածից` հայտնում եմ, որ մինչեւ փոփոխությունները սահմանված կարգով ԱԺ-ի կողմից ընդունվելը, ազատազրկման վայրում պատիժ կրող քաղաքացուց փոխպատվաստման նպատակով օրգաններ եւ/կամ հյուսվածքներ վերցնել արգելվում է»:



Տարին ավարտվում է, բայց օրենսդրական այս հումանիստական փոփոխության հարցը դեռ օդի մեջ կախված է մնում: Իսկ Էմիլ Վերդյանի կինը կարող է մահանալ՝ ինչ է թե օրենքը թույլ չի տալիս, որ ազատազրկման վայրում գտնվող ամուսինը կնոջ համար դոնոր հանդես գա: Ստացվում է, որ այս օրենքով դատապարտված է նաեւ ցմահ բանտարկյալի կինը:   Այսպիսի օրենքներ:



Իսկ դատախազությունը շարունակում է պնդել, թե ես վտանգավոր եմ հասարակության համար: Միգուցե ես իմ գրիչով եւ որոշ գիտելիքներով կարողանամ վերջ ի վերջո հասնել նրան, որ այս առողջապահական հարցի հետ կապված՝ օրենսդիրն ընդունի ճիշտ, մարդկային օրենք եւ դրանով իսկ կարողանան փրկվել «մահվան դատապարտված», բայց ազատության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիներ:



Հարգելի՛ լրագրողներ, Ձեզ էլ եմ խնդրում այս հարցը բարձրացնել ու լուսաբանել:



ՄԱՐԴ ԲԱՆԱԿԱՆ ՈՒ ԱԶԱՏ



Homo sapiens liberates… մարդ բանական ու ազատ: Հին Հռոմում այսպես էին կոչում ազատություն ստացած ստրուկներին: Խոսքը ազատագրված բանականության մասին է: Միգուցե հարցնեք` ինչ է, բանականությունն անազատ է՞լ է լինում: Համաձայն չեմ, որ Հին Հռոմում Սպարտակին ստրուկ էին անվանում, հետո էլ պատմության մեջ մնաց ստրուկների ապստամբությունը եւ այլն: Սպարտակը եւ նրա նման Մարդիկ երբեք էլ ստրուկ չեն եղել, այլ բան է, որ նրանց ուղղակի փորձել են ստրկացնել: Բայց նրանք միշտ Մարդ են մնացել, ազատ Homo sapiens-ներ:



Ասում են՝ իբր Հայաստանում ստրկատիրական հասարակարգ, որպես այդպիսին, չի եղել կամ գոնե վառ արտահայտված չի եղել: Արդյո՞ք... «ստրկատիրական» անունը ստացած համակարգը փոխվեց, դրան հաջորդեցին այլ անուններով մի քանի այլ հասարակարգեր, սակայն ինչ նոր անուններ էլ գտնեն քաղաքագետները, միեւնույն է, կարծում եմ`  մարդկանց հասարակությունում մարդկային հարաբերություններն ըստ էության մնացին նույնը: Կարծում եմ հասկացաք, թե որ էության մասին է խոսքը. «Homo Homini lupus est»՝ «Մարդը՝ մարդուն գայլ»: Սա լատինական հին ասացվածք է, որն արդիական է նաեւ մեր օրերում:



ՎԵՐՋԱԲԱՆ



Հարգարժա՛ն ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյան, խնդրում եմ Ձեզ, որ անեք հնարավորինը արդարությունը վերականգնելու համար: Միթե հնարավոր չէ թույլատրել եւ կազմակերպել դատավարություն, որին կմասնակցեն ամենաբանիմաց դատավորները, ամենախիստ դատախազները, գրագետ ու ազնիվ փաստաբաններ, համապատասխան էքսպերտներ, դատավարություն, որը կհեռարձակվի ուղիղ եթերում, եւ ես փաստերով կապացուցեմ, որ 15 տարի առաջ չեմ կատարել սպանություն: Այս պահի դրությամբ համակարգը, փաստորեն, գործի վերանայման որեւէ հնարավորություն չի տալիս, իսկ դատախազությունը շարունակում է աչք փակել ակնհայտ փաստերի վրա:



Ավարտելով ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին ու պարզապես հայ հասարակությանն ուղղված դիմում-նամակս` թույլ տվեք շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը։



Մի՛ մոռացեք անմեղ-մեղավորներին, ովքեր նույնիսկ այս ուրախ նախատոնական օրերին չեն կարող ուրախանալ: Հնարավորություն տվեք վերադառնալ հասարակություն եւ ապրել նորմալ մարդկային կյանքով:



Բարի ցանկություններով`

Մհեր ԵՆՈՔՅԱՆ