Արթնացե՞լ են տոնական թմբիրից

Արթնացե՞լ են տոնական թմբիրից
Երեկ՝ այս տարվա առաջին աշխատանքային օրը, որոշեցինք շրջել պետական գերատեսչություններում, դպրոցներում, բուհերում, մանկապարտեզներում եւ տեսնել, թե հանրությունը որքանով է ազատվել «բդա-տոլմային» ծանր տրամադրություններից եւ մտե՞լ է արդյոք աշխատանքային բնականոն հուն: Պատկերը հետեւյալն էր: «Յոթ նախարարությունների» շենքը երեկ «պաշարված» չէր բազմաթիվ մեքենաներով, ինչպես միշտ: Շենքի հենց նախամուտքում տպավորությունն այնպիսին էր, որ  անցագրային կետի աշխատակիցները դեռ  հետամանորյա ծանր թմբիրի մեջ են:



Սովորաբար կողմնակի անձանց մուտքն այս շենք առանց լուրջ «զննության» չի լինում, պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ, վկայական եւ այլն, մինչդեռ երեկ առանց որեւէ լուրջ դիմադրության կարողացա մտնել շենք: Սակայն այս փաստն առիթ է տալիս ենթադրելու, որ, հավանաբար, պետական այրերը երեկ դեռ չէին եկել աշխատանքի, եւ այս անփութությունը դրանով էր բացատրվում: Վերեւ բարձրանալով, սակայն, բոլոր նախարարությունների (կրթության եւ գիտության, գյուղատնտեսության, բնապահպանության, մշակույթի, աշխատանքի եւ սոցապ, քաղաքաշինության) ընդունարաններից մեզ հավաստիացրին, որ բոլոր նախարարներն էլ 2011-ի առաջին աշխատանքային օրը եկել են աշխատանքի, սակայն մեր այցելության պահին նրանք կամ տեղում չէին, կամ էլ խիստ զբաղված:



Փորձեցինք ճշտել, թե որն է եղել այս տարվա առաջին հանձնարարականը: Գրեթե բոլոր նախարարությունների (բացառությամբ մշակույթի), հասարակայնության հետ կապերի վարչության պետերի փոխանցմամբ՝ առաջին հանձնարարականը 2010-ի ամփոփ հաշվետվության պատրաստումն է: Իսկ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետը նախ զարմացավ, երբ հարցրինք իրենց առաջին հանձնարարականի մասին, հետո էլ ավելացրեց, որ նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր Օհան Դուրյանի թաղմանն է մասնակցում. «Էսօր ի՞նչ հանձնարարականներ»:



Բոլոր նախարարությունների լրատվական ծառայությունների աշխատակիցները մեզ փորձում էին համոզել, որ իրենք բնականոն աշխատանքային ռիթմի մեջ են արդեն, այդուհանդերձ, միջանցքներում գերատեսչությունների աշխատակիցներն ասում էին՝ «հեչ հավես չկա էսօր աշխատելու»: Ավելին՝ երեկ սեղանների վրայից չէին իջեցվել շենքի սրճարանների աթոռները: Իսկ սրճարանների աշխատակիցներն ասացին. «Դե միշտ էլ ըտենց ա եղել, արձակուրդներից հետո առաջին օրը կիսատ-պռատ են գործի գալիս, ու գործ չի լինում»:



Ի տարբերություն նախարարական գերատեսչությունների, մեր այցելած մայրաքաղաքի մի քանի մանկապարտեզներում եւ դպրոցներում (Եղիշե Չարենցի անվան դպրոց, Լ. Շանթի անվան միջնակարգ դպրոց) աշակերտներից տեղեկացանք, որ նորմալ դաս են արել, տնօրինություններից էլ տեղեկացանք, որ աշակերտների հաճախումները նորմալ են: Այցելեցինք նաեւ ԵՊՀ եւ Մանկավարժական համալսարան, այստեղ քննական շրջան է, իսկ երեկվանից դաս են անում միայն հեռակա սովորող ուսանողները:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ