ՀՌԱԿ-ը կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին

ՀՌԱԿ-ը կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին
Դեկտեմբերի 27-ին շատ անսպասելի ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց Հարություն Առաքելյանը: Նա նաեւ կուսակցության աշխարհասփյուռ կառույցի փոխնախագահն է եւ կուսակցության ատենապետի պաշտոնից հեռանալը մեկնաբանում է իր գործունեությունն այդ կառույցում առավելաբար կենտրոնացնելով: Նոր ատենապետը կընտրվի հունվարի 20-ին՝ ՀՌԱԿ 19-րդ արտահերթ համագումարի ժամանակ: Թեեւ բոլորի համար արդեն պարզ է, որ նոր ատենապետը լինելու է ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը, ով ներկայումս էլ կատարում է ատենապետի պարտականությունները:



Հարություն Առաքելյանը իր՝ պաշտոնից հեռանալը ուրիշ ոչ մի հանգամանքով չպայմանավորեց եւ խորհուրդ տվեց ավելորդ ինտրիգներ չփնտրել կուսակցության ներսում: «Ես նաեւ նշել եմ, որ ընկերական-աշխատանքային մթնոլորտն է առիթ հանդիսացել նման քայլի գնալ: Հրաժարականներ կան, որ նաեւ լավ բանի համար են լինում»,-ասաց Հարություն Առաքելյանը: Վերջինս Էդիկ Անտինյանի ընտրությանը շատ դրական է վերաբերվում, թեեւ կարծում է, որ ՀՌԱԿ 20 հազարանոց կուսակցության անդամներից յուրաքանչյուրը հնարավորություն ունի համագումարի ժամանակ ընտրվելու ատենապետի պաշտոնում: Համագումարից առաջ զրուցեցինք Էդվարդ Անտինյանի հետ:



- Պարոն Անտինյան, արդեն պարզ է, որ Դուք եք լինելու ՀՌԱԿ հաջորդ ատենապետը:



- Չի կարելի այդպես ասել: Իհարկե, կարող են լինել նաեւ այլ թեկնածուներ: Ամեն ինչ համագումարն է որոշում: Ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն կարող լինել. սա իշխանական կուսակցության ընտրություն չի, որ նախապես իմանան ով է ընտրվելու:



- Լավ, եթե Դուք ընտրվեք, ի՞նչ անելիքներ ունեք, ինչպե՞ս եք պատկերացնում կուսակցության գործունեությունը:



- Անկախ նրանից՝ ես կընտրվեմ, թե չեմ ընտրվի, կուսակցության անելիքներից կարող եմ խոսել: Մեր կուսակցությունում այս փոփոխությունները նպատակ են հետապնդում հենց այն բանի համար, որ առաջիկայում սպասվում են լուրջ քաղաքական զարգացումներ, մասնավորապես խորհրդարանական ընտրությունները, որոնք այս անգամ շատ լարված են անցնելու: Այդ իսկ պատճառով, որպեսզի թիմն ավելի մասշտաբային ներկայանա, կուսակցությունում որոշում կայացվեց համագումարում ՀՌԱԿ ատենապետ ընտրել: Կուսակցության ակտիվությունը ոչ միայն նախընտրականով է պայմանավորված, այլեւ գաղափարական լուրջ անելիք կա այսօր:



- Այսինքն Դուք պատրաստվում եք մասնակցե՞լ առաջիկա խորհրդարանական ընտրություններին:



- Մեր ամբողջ նպատակը նա է, որ այսօր մենք կարողանանք մեր գաղափարն այնպես ներկայացնել հանրությանը, որ հասկանալի լինի մեր ասելիքը: Այսօր կուսակցությունը պահանջված է նրանով, որ ամբողջ աշխարհն է ընդունել այն, ինչ որ ասել է կուսակցությունը: Այսօր եթե կուսակցության մեջ եղել են մարդիկ, ովքեր տեւական պայքարից կամ չհասկացվածության պատճառով մեկուսացել են ու մի կողմ են քաշվել, մեր խնդիրն է այդ մարդկանց ոգեւորել, ասել, որ դուք ճիշտ էիք, որ այսօր ձեր ասելու, ձեր գործելու ժամանակն է: Սա է կարեւոր, որ մենք որակապես նոր դեմքով հանդես գանք: Մեր ակտիվության առաջին քայլը հունվարի 20-ի համագումարն է, եւ ով էլ ընտրվի, պետք է ներկայացնի իր նախընտրական ծրագիրը: Իսկ ես, այո, ասել եմ, որ առաջիկա ընտրություններում մենք պետք է առաջնահերթ համարենք գաղափարախոսությունը:



- Պարոն Անտինյան, ինչպիսի՞ն են կուսակցության հարաբերություններն իշխանության հետ:



- Կուսակցությունը եղել է ընդդիմադիր, իշխանության մաս չի կազմել: Տեւական ժամանակ չի ունեցել պատգամավոր ԱԺ-ում: Դա էլ ցույց է տալիս կուսակցության վերաբերմունքը: Բնական բան է, որ այսօր կուսակցությունը չի կարող պաշտպանել իշխանությանը եւ չի էլ պատրաստվում: Նման համագործակցություն չի եղել եւ առաջիկայում էլ, որքան ես եմ տեսնում, նման բան չի կարող տեղի ունենալ:



- Իսկ ընդդիմության հե՞տ:



- Ընդդիմության հետ հարաբերությունները կառուցված են հանդուրժողականության, իրար լսելու ունակության վրա: Եթե էն մարդիկ, ովքեր էսօր կհասկանան, որ իրանք սխալվել են եւ իրենց ամպագոռգոռ հայտարարությամբ մեր ժողովրդին տարել են ոչ մի տեղ, իշխանությունը վատ է կառավարել, իսկ ընդդիմությունը ճիշտ ճանապարհ ցույց չի տվել, ապա կնստենք ու իրար հետ կքննարկենք, իհարկե նաեւ լուծումներ կարող ենք գտնել:



- Դուք մի քանի անգամ քաղաքական ճամբարներ եք փոխել: Ինչո՞վ են պայմանավորված Ձեր այդ տեղափոխությունները:



- Առաջին անգամ, երբ կուսակցություն ենք հիմնադրել, դա եղել է Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը, այսինքն լիբերալ դեմոկրատական կուսակցություն եւ որն էլ համախմբման ճանապարհով միացել է Ռամկավար ազատական կուսակցությանը: Ինչ է, հիմա արդեն սոցիալի՞ստ եմ: