27-ամյա փոխնախարարը հանրային կառավարման փորձ չունի

27-ամյա փոխնախարարը հանրային կառավարման փորձ չունի
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ արդարադատության փոխնախարար նշանակվեց 27-ամյա Արամ Օրբելյանը, ով, փաստորեն, վարդագույն ակնոցներով է նայում արդարադատության իրականությանը Հայաստանում: Նա 2005-ին է ավարտել բուհը, իրավաբանական գիտությունների թեկնածու է, սակայն աշխատանքային փորձը սահմանափակվում է փաստաբանական «Կոնցեռն դիալոգ» ծառայության փոխտնօրենի պաշտոնով: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:



- Ի՞նչ առաքելությամբ եք գնում արդարադատության փոխնախարարի պաշտոնին, ունեցե՞լ եք կառավարման համապատասխան փորձ:



- Ես, բնականաբար, նախարարի հետ հանդիպել եմ մինչ նշանակումը, քննարկել ենք հարցերը եւ առաքելության մասով, եւ ընդհանրապես անելիքների մասով: Հանրային կառավարման ոլորտի փորձ, որպես այդպիսին, չունեմ: Խոսքը պետական ապարատի մասին է: Ունեմ փոխտնօրենի որոշակի փորձ փաստաբանական շրջանակներում, ինչպես նաեւ մի շարք ոչ ֆորմալ ըներակցություններում աշխատելու փորձ: Նաեւ որոշ ծավալի գիտական աշխատանքների փորձ կա: Որոշ չափով ոլորտին ծանոթ եմ` աշխատանքի հետ կապված:



- Դուք բավական երիտասարդ եք, կարծում եք գլուխ կհանե՞ք այդ պաշտոնից:



- Ամեն դեպքում` հույս ունեմ եւ կարծում եմ` կանենք ամեն ինչ, որ գլուխ հանենք: Այսինքն, պաշտոնի ուղղակի կապը տարիքի հետ ոչ մեկը չի սահմանել, հակառակ դեպքում օրենքով տարիք կլիներ սահմանված: Էստեղ ուղղակի պետք է ջանասիրաբար աշխատել, որոշակի անձնական զոհողության՝ գնալ, ժամանակի առումով եւ, կարծում եմ` հնարավոր կլինի բոլորի՝ նախարարի եւ ընդհանրապես աշխատակազմի հետ էլ ավելի մեծ դրական արդյունքներ ունենալ:



- Իսկ տեղյա՞կ եք ինչ պատճառով հեռացվեցին Ձեր նախորդ պաշտոնակիցները:



- Տեղյակ չեմ ու չեմ քննարկել այդ հարցը: Կոպիտ ասած` ինձ դա չի վերաբերում, դրա համար չեմ կարող որեւէ կոմենտարիա անել էդ մասով:



- Տեղեկություններ կան, որ որոշ մարդկանց նրանք այնքան էլ դուր չէին գալիս, ինչ-որ խնդիրներ կային: Դուք պատրա՞ստ եք նման ինտրիգների:



- Իրենց դուրս գալու հետ կապված` որեւէ բանի տեղյակ չեմ: Ինչ վերաբերում է ինտրիգներին, ես պատրաստվում եմ մասնագիտական ներուժս ամբողջությամբ ներդնել՝ աջակցելով նախարարին իր բոլոր ծրագրերի իրականացմանը: Ինտրիգներ ցանկացած հաստատության մեջ՝ սկսած մանկապարտեզից, դպրոց, շենք, նախարարություն, միշտ էլ լինում են, եւ եթե կա ինչ-որ օբյեկտիվ իրականություն, էդ օբյեկտիվ իրականությունը պետք է ընդունել, ոչ թե դրա հետ պայքարել: Փորձել անել քո առաքելությունը պատշաճ կերպով: Արդյունքում, կարծում եմ, միշտ դրական արդյունք է ստացվում:



- Կա՞ ինչ-որ բան, որ պատրաստվում եք փոխել արդարադատության համակարգում:



- Դեռեւս այդ առթիվ որեւէ կոմենտար անել չեմ կարող, որովհետեւ դեռեւս պետք է նախարարի հետ քննարկենք: Որեւէ փոփոխություն ինքնանպատակ չէ: Եթե փոփոխությունը պետք է արվի միայն փոփոխության համար, միայն` որ ինչ-որ մեկին այդպես է դուր գալիս, կարծում եմ` դա ոչ նախարարի, ոչ էլ իմ աշխատելաոճի մեջ չի մտնում:



- Դուք նախարարության ո՞ր ոլորտներն եք համակարգելու:



- Դեռ վերջնական չեմ կարող ասել ոչինչ:



- Դեռ չգիտե՞ք:



- Դեռեւս քննարկման փուլում է, վերջնականացված չի` կարծում եմ: Կարող է նախարարը որոշել է, բայց էդ մասով ես չեմ կարող որեւէ կոնկրետ պատասխան տալ:



- Իսկ փոխնախարարի պաշտոնը կոնկրետ ո՞վ է Ձեզ առաջարկել:



- Պարոն նախարարը:



- Նախարարին վաղո՞ւց էիք ճանաչում:



- Շատ վաղուց՝ չէ: Որոշակի աշխատանքային հարաբերություններ ենք ունեցել մի շարք հանգամանքներով, այդ ֆորմատով ճանաչել ենք իրար, եւ ինքն ինձ առաջարկ է արել:



- Այսօր, օրինակ, Հայաստանի արդարադատության համակարգի հետ կապված ասվում է, որ չկա արադարադատություն Հայաստանում, ազատ դատարաններ չկան, կալանավայրերի վիճակը լավ չէ: Դրա հետ կապված` Դուք ի՞նչ կարող եք անել:



- Արդարադատության նախարարության համակարգի հետ կապված` դեռ որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել: Որոշ խնդիրներ կան, նախարարը նշել է մի քանի խնդիրներ, դրանցից է նոտարիատը, դրանցից են կալանավայրերը, բայց որ Հայաստանում չկա արդարադատություն, ես 1,5 տարուց ավելի աշխատել եմ որպես փաստաբան եւ իրավաբան, եւ ամեն դեպքում Հայաստանում իրավունքի չգործելու եւ արդարադատության բացակայության մասով չեմ կարող որեւէ կոմենտար անել: Այսինքն՝ ես իրավունքի ոլորտում բավականին հաջողված աշխատել եմ:



-  Խոսք է գնում դատական կոռուպցիայի, մեկ կենտրոնից ղեկավարվող դատարանների մասին, նման երեւույթների հետ է՞լ չեք առնչվել:



- Ես չեմ հանդիպել, չեմ կարող ասել, ...կարող եք ժպտալ, բայց ինչին չեմ հանդիպել, չեմ կարող ասել, չնայած տարբեր բացասական կարծիքներ եւ դեպքեր եմ լսել: