Պարտավոր չեն ֆինանսավորել

Պարտավոր չեն ֆինանսավորել
Հունվարի 27-ին ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը մամուլի ասուլիս է հրավիրել: Նա նշել է, որ հաշվետու տարում պետական բյուջեի սեփական եկամուտների ծրագիրը կատարվել է 101,3 %-ով: Փաստացի մուտքերը կազմել են 23,7 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 11,4 %-ով: Ծրագրված 64,9 մլրդ-ի փոխարեն փաստացի ծախսերը կազմել են 62 մլրդ դրամ: ՀՀ-ից ստացված միջպետական վարկը 33,2 մլրդ դրամ է։



Ս. Թեւոսյանն անդրադարձել է նաեւ ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրման գործընթացին, խոստովանելով, որ առաջնորդվում են ոլորտը կարգավորող ՀՀ նույն օրենքներով ու կանոնակարգերով: Նա ասաց, որ Արցախում գրանցված է շուրջ 17 հազար ավտոմեքենա, որոնցից միայն 12 հազարն է ապահովագրման ենթակա։ Փոխվարչապետի ասելով, արդեն ապահովագրվել է 8 հազար ավտոմեքենա: Ս. Թեւոսյանի խոսքերից պարզվեց, որ Արցախում շուրջ 500 ծառայողական ավտոմեքենա կա, որոնք նույնպես կապահովագրվեն։



Լրագրողներից մեկի այն հարցին, թե որքանով է նպատակահարմար ռազմավարական նշանակության «Արցախգազ»-ն ու «Արցախէներգո»-ն մասնավոր ընկերության հանձնելը, Ս. Թեւոսյանն ասաց, որ դրանք շարունակելու են համարվել պետական սեփականություն եւ միայն կառավարումն է վստահվելու մասնավորին։



Լրագրողների հարցերից մեկը վերաբերում էր դրամաշնորհի ձեւով հասարակական կազմակերպություններին ցուցաբերվող պետական աջակցությանը։ Նրանք նշեցին, որ պետությունը խտրականություն է դնում ՀԿ-ների միջեւ, մասնավորապես՝ ԼՂՀ գրողների միությունը մշտապես պետական կերակրատաշտից առաջին օգտվողներից մեկն է։ Փոխվարչապետն ասաց, որ պետական միջոցներ կտրվեն ՀԿ-ների ներկայացրած ծրագրերը դրական եզրակացության արժանանալու դեպքում միայն։ Սակայն անհասկանալի է, թե ԳՄ-ն ինչ ծրագիր է ներկայացնում, որ պետությունից շարունակ «մեծ պատառ» է ստանում։ Հետո Ս. Թեւոսյանն իմիջիայլոց հավելեց, որ պետությունը պարտավոր չէ  ֆինանսավորել հասարակական կազմակերպություններին։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ