ԲՀԿ-ն եւ քաղաքական հարեմը

ԲՀԿ-ն եւ քաղաքական հարեմը
Հետաքրքիր է, թե այսօր ի՞նչ է զգում ԲՀԿ գաղափարական թեւը, երբ քաղաքական դաշտի չվող թռչունները երամ առ երամ հանգրվանում են ԲՀԿ-ի հարկի տակ: Նրանք լուռ են, բայց… Գագիկ Ծառուկյանի մեծ սրտի մասին առասպելներ կարելի է պատմել: Չպատմենք էլ` ինքն այնպես է ներկայացնում այս «մեծ չուն», ասես «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ստեղծելիս արդեն նման մի ծրագիր ունեցել է մտքում:



«Մեր դռները բաց են բոլորի համար, ովքեր ուզում են բարգավաճ երկիր ունենալ»,- ասում է բարի մարդն իր ելույթներում՝ կարծես տեղը, ուր բոլորն են հրավիրվում, ոչ թե իր առջեւ քաղաքական խնդիրներ դնող կազմակերպություն է, այլ զվարճանքի վայր: Թեեւ, ի՞նչ իմանաս. եկողներին գուցե իրոք թվում է, թե ԲՀԿ են գալիս զվարճանալու: Երբ քաղաքական դաշտում առանձին ուժեր բլոկներ են կազմում, հավանաբար հարց են դնում, թե որն է բլոկի նպատակը եւ որ դեպքում բլոկի մասնակիցներից մեկն իրավունք ունի հրաժարվել իր մասնակցությունից:



Այս երեւույթին երբեմն «քաղաքական ամուսնություն» որակումն են տալիս, որը, եթե նույնիսկ «ամուսնություն» բառից դատելու լինենք, ինչ-որ պահի միշտ էլ ենթակա է ամուսնալուծության կամ ապահարզանի` քաղաքական: Նկատենք նաեւ, որ բլոկների միջոցով խոշորացող քաղաքական միավորումներում մասնակիցների առջեւ սեփական գաղափարներից հրաժարվելու պահանջ երբեք չի դրվում: Կոռեկտ չէ մի տեսակ եւ, բացի այդ էլ, դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ բլոկի խնդիրները միանգամայն այլ են:



ԲՀԿ-ն, դատելով արդեն տեղի ունեցած մեկ-երկու միավորումների փորձից, դեպի իրեն ձգտող մասնիկներին ոչ միայն ստիպում է հրաժարվել իրենց եղած-չեղած գաղափարներից, այլեւ այնպես ձուլվել գերկուսակցության մեջ, որ նույնիսկ հետք չմնա: Գործընթացը մեծ հաշվով չի էլ տարբերվում առանձին աշխատավորական եւ ուսումնական կոլեկտիվներով ԲՀԿ-ին անդամագրվելու նախադեպերից, բայց մի փոքր ավելի հետաքրքիր է, որովհետեւ կուսակցական կոլեկտիվ հայտերով ներկայացողները, եթե նրանց կենսագրությունները թերթենք, գրեթե բոլորն էլ մի ժամանակ հայտարարել են, որ իրենք ուրույն գաղափարախոսությամբ քաղաքական մարտիկներ են, եւ ոչ մի ուժ չի կարող իրենց հետ պահել սեփական քաղաքական նպատակների իրագործումից:



Այսօր նրանք իրենց ամպոտ ոտքերը խնամքով մաքրում են ԲՀԿ-ի դռան փալասի վրա եւ մաքրագործված, որպես հրեշտակներ, մուտք գործում մեծ ընտանիք: Հենց այս երեւույթը նկատի ունեինք, երբ հարց տվեցինք, թե ինչ է մտածում ԲՀԿ գաղափարական թեւը: Այդ թեւը, եթե կա նման թեւ եւ ԲՀԿ-ի հագինը ժիլետ չէ, պետք է որ մի բան ասեր, գնահատական տար այս երեւույթին: Կընդունեինք նույնիսկ նրա այն տեսակետը, որ «քաղաքական մոծակները» դեպի ԲՀԿ են ձգտում Գագիկ Ծառուկյանի կերպարով հիացած կամ նրա հարստությունից շլացած: Սրանք, ի դեպ, շատ ավելի հասկանալի պատճառաբանություններ կլինեն, քան Գագիկ Ծառուկյանի հետ բարգավաճ Հայաստան կառուցելու տենչը, որն իբր «մոծակներին» հարկադրել է այլ կերպ ապրել, քան սրա-նրա արյամբ կերակրվելը:



ԲՀԿ-ի, նրա ղեկավարի, կուսակցության հայտնի դեմքերի հանդեպ իմ ունեցած անձնական հարգանքով հանդերձ, ուզում եմ նախ` շնորհակալությունս հայտնել նրանց` քաղաքական դաշտը «մոծակներից» մաքրելու հայրենանվեր գործի համար, եւ ապա` մի հարց պարզել ինձ համար: Արդեն իսկ հասկանալի է, որ այս երեւույթը քաղաքական ամուսնություն ոչ մի կերպ չես անվանի: Այս գործընթացն ավելի շուտ Շահի հարեմի ընդլայնում է հիշեցնում, որի ավարտին, դա տեղի է ունեցել բոլոր ժամանակներում, Շահը մի օր հստակեցնում է, թե ով է հարեմում իր ամենասիրելին:



Իսկ հարեմում, գրքերից է հայտնի, նման խնդիրներին մեծ նշանակություն են տալիս: Հիմա հարցս. որո՞նք են երաշխիքները, որ ԲՀԿ-ում հարմարավետ տեղավորվողները մի օր կռիվ չեն գցի եւ չեն պայթի՝ որպես տեղադրված ականներ: Ի՞նչ իմանամ, քաղաքական դաշտի ծալքերում նրանց ծննդյան հանգամանքները խիստ մշուշապատ են, իսկ երբ դռան շորի մոտ մաքրվում են, բոլորն էլ հարսի շորերով են երեւում:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ